Նիլ ՄաքԳրեգոր. Թանգարանն անվտանգ տարածք է վտանգավոր խոսակցությունների համար
Բրիտանացի արվեստաբան Նիլ ՄաքԳրեգորը 2002 թվականից մինչև 2015 թվականը եղել է Բրիտանական թանգարանի տնօրենը:
Երբ նա ստանձնեց թանգարանի տնօրենի պաշտոնը, այն խրված էր պարտքերի մեջ, որը կազմում էր մոտավորապես հինգ միլիոն ֆունտ ստերլինգ։ Նրան հաջողվեց վերափոխել այդ վայրը ու լուծել ֆինանսական խնդիրները՝ կազմակերպելով հետաքրքիր ցուցադրություններ և նկարահանելով արվեստի պատմության վերաբերյալ հետաքրքրաշարժ հեռուստահաղորդումներ։
ՄաքԳրեգորը համոզված է, որ թանգարանների մուտքը պետք է լինի անվճար։ «Թանգարանները հասարակական վայրեր են, մուտքը պետք է ազատ լինի, ինչպես Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտում և Ազգային պատկերասրահում է, ու սա հիմնարար սկզբունք է»,-ասում է նա։ 2008թ․ նրան առաջարկել են Նյու Յորքի Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնը, որից ՄաքԳրեգորը հրաժարվել է, քանի որ այնտեղ այցելուներից մուտքավճար են պահանջում։ 2015 թվականից ՄաքԳրեգորը ստանձնել է Բեռլինում «Հումբոլդթի ֆորում» թանգարանային կառույցի տնօրենի պաշտոնը։
ՄաքԳրեգորը թանգարանը համարում է շտեմարան, որտեղ պատմվում է մեր աշխարհի պատմությունը: Նրա համար պատմական առարկաները շատ ավելի մեծ դեր ունեն, քան ազգային նշանակության խորհրդանիշները և ձևավորում են մարդկության համաշխարհային հավաքական ժառանգությունը: Նա հետաքրքրված է հատկապես կրոնների պատմությամբ: ՄաքԳրեգորն իր ուսումնասիրությունները հիմնում է պատմական արտեֆակտների վրա, ուսումնասիրում այն պատմությունները, որ դրանք հաղորդում են տարբեր համայնքների մասին:
Ստորև ներկայացնում ենք վերջինիս խմբագրված հարցազրույցը, որտեղ նա խոսում է իր՝ «Ապրելով աստվածների հետ» գրքի մասին, քննարկում կրոնի արդիականության խնդիրները և թանգարանների դերը:
Դուք խոսում եք մի գաղափարի մասին, ըստ որի բոլոր կրոնները ծագում են պատմություններ փոխանցելու անհրաժեշտությունից, որպեսզի մեր կյանքին իմաստ հաղորդեն: Բայց ի՞նչ է պատահում, երբ այս նարատիվները ավելի ու ավելի են բախվում պատմական ճշմարտությանը:
Այս փաստարկը հրաշալիորեն արտացոլված է Ջոան Դիդիոնի արտահայտած հիանալի մտքում. «Մենք ինքներս մեզ պատմում ենք պատմություններ, որպեսզի ապրենք»: Պատմության համար մեծ հաշվով նյութն այնքանով է արժեքավոր, որքանով այն հնարավորություն տվեց հասկանալու մարդկության տեղը աշխարհի մեծ սխեմայում: Երևակայական պատմության և պատմական պատմության միջև եղած տարբերությունը կենտրոնական չէ. էականը պատմության ազդեցությունն է, որը հնարավորություն է տալիս մեզ միասին ապրելու: Այն իրողությունը, որ գոյություն ուներ միայն մեկ տեսակի պատմական, գիտական և ճշգրիտ ճշմարտություն, բնորոշ էր 18-րդ դարի գաղափարներին: Եվրոպայում Լուսավորությունից սկսած տեղի ունեցան երկու մեծ իրադարձություններ. առաջին հերթին, եվրոպացիները փորձեցին հաստատել, որ կրոնը և քաղաքականությունը տարբեր բաներ են: Եվ նրանք նկատեցին կրոնում իրողություններ, որ չէին կարող ճշմարիտ լինել, օրինակ՝ Կույսի ծննդաբերությունը: Նրանք նաև նկատեցին, որ եկեղեցին և պետությունը միասին էին ճնշում գործադրելու գործում, ու հենց դա է համարվում եվրոպական աշխարհիկության հիմքը. եկեղեցու հանդեպ թշնամանքը որպես պետական ճնշման գործիք և այն գաղափարը՝ եթե պատմությունը պատմականորեն ճշգրիտ չէ, ուրեմն չի կարող որևէ արժեք ունենալ: Իսկ սա չի դիտարկում մի կենտրոնական տեսակետ, որ այս պատմությունը պարտադիր չէ, որպեսզի հզորներին ծառայի որպես լայն մասսաներին թմրեցնելու գործիք, այն կարող է նաև լինել լայն մասսաների ուժը:
Դուք խոսում եք կրոնի մասին որպես պատմությունների շղթայի, որոնք ճնշվածներին արժանապատվություն են տալիս, բայց ինչպես է այս գաղափարը գործում նրանց համար, ովքեր պետության և տնտեսության հավասար շահառուներ են:
Մենք տարբեր դիրքորոշում ունենք կրոնի վերաբերյալ, ավելի տարբեր, քան նախորդ սերունդներից որևէ մեկը: Մինչև 1960-70-ականները միայն կարելի էր կարծել, թե անհատականությունը կայանում է ամբողջ համայնքի համատեքստում: Կրոնը կախվածություն է մեկս մյուսից և մեր շրջակա աշխարհից, և բոլոր կրոնների պատմություններն այն մասին են, թե ինչպես եք ղեկավարում այդ կախվածությունը և դրա մեջ գտնում ուժ ու ճշմարտություն: Վերջին երեք-չորս տասնամյակների ընթացքում, հարստության և տեխնոլոգիայի աճով, հսկայական թվով մարդիկ այժմ կարող են հավատալ, որ իրենք կախյալ չեն և որ իրենք իրենց վերահսկում են որպես անհատներ, ու սա պատմականորեն բոլորովին նոր երևույթ է: Այնպես որ, ճգնաժամը, որին մենք մոտենում ենք, լիովին նոր է, երբ անհատը հարցադրում է կատարում․ արդյո՞ք հնարավոր է ունենալ այնպիսի կյանք, որը կախված չէ համայնքի մյուս անդամներից: Ահա թե ինչու են մեր կախվածության պատմությունները տրոհվել՝ կոմունիզմ, սոցիալիզմ, ինչպես նաև արևմտաեվրոպական և ամերիկյան սոցիալական ժողովրդավարության գաղափարներ: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ մարդկանց զգալի մասը կարծում է, որ ի վիճակի է ինքնուրույն գծագրել այս ուղին: Եվ չկա մի սյուժե, որն ընդհանուր է բոլորի համար: Սա վախեցնող գաղափար է, հատկապես նրանց համար, ովքեր օտարացված են, քանի որ կարող են հարցնել. «Որտե՞ղ է հիմա իմ պատմությունը»: Քաղաքական պատմությունները վերցրել են նրանցից և մնում են միայն կրոնականները. սա մի երևույթ է, որին մենք ականատես ենք լինում Հարավային Ամերիկայից մինչև Աֆրիկա, Ասիայից մինչև Եվրոպայի մեծ մասը: Նախկինում իրողությունն հետևյալն էր, որ համայնքի բոլոր մարդկանց բարեկեցությունը պետք է հոգա պետությունը: Եվրոպա մտնող ներգաղթյալներով արևմտյան աշխարհը հիմա պատրաստ չէ դա ընդունել, և տեղի ունեցող ցույցերը, ոչ այնքան քրիստոնեա-մահմեդական հակամարտություն են, որքան «մեր և նրանց» հակամարտություն: Նրանք սոցիալ-դեմոկրատական համակարգի մասին աշխարհիկ պատում են անում և այն վերածում կրոնականի:
Իսկ ինչպե՞ս է աթեիզմը հարաբերվում կրոնի հասկացության հետ՝ որպես ընդհանուր պատմություն ողջ համայնքի համար:
Գիտությունը բացատրում է, իսկ կրոնն իմաստ է հաղորդում: Աթեիստներն իսկապես պայքարել են սա ընդհանուր մակարդակում անելու համար: Սա մի գաղափար է, որ ես քննարկում եմ գրքում, և այն երկու օրինակները, որոնք ես ներկայացնում եմ, 18-րդ դարի հեղափոխական Ֆրանսիայի մասին են, որը վերացրեց եկեղեցին և Աստծուն ու բանականությունը հռչակեց կրոն: Դա բավարար չէր, և կրոնական ինքնությունը փոխարինվեց ազգային ինքնությամբ: Աթեիստական փիլիսոփայությունների մեծ մասը վերածվել է շատ բռնի նացիոնալիզմի, և սա ևս մեկ սյուժե է, թեպետ՝ աշխարհիկ: Երկրորդ օրինակը Խորհրդային Միության օրինակն էր, որը շատ էր ջանում ազգայնական չլինել, բայց չստացվեց: Կոմունիզմը դարձավ կրոն, և Լենինի ու Մարքսի ուսմունքները գրավեցին Սուրբ Գրքի տեղը: Մենք, հետևաբար, չենք տեսել աթեիստականպետություն, այլ դրան փոխարինող տարբերակներ: Եվ մինչ անհատները կարող են աթեիստ լինել, նույնը չափազանց դժվար է իրականացնել համայնքի մակարդակով:
Ինչպե՞ս է հնարավոր ունենալ կրոնական բազմաթիվ սյուժեներ, որոնք ճշմարիտ կլինեն ողջ հասարակության համար:
Հնդկական մոդելը ինձ զարմացրել է, քանի որ վաղուց էր զարմացրել եվրոպացիներին ՝ որպես բազմաթիվ սյուժեների օրինակ: Հենց այդ պատճառով ինչ կատարվում է Հնդկաստանում, ներկայումս աշխարհի համար այդքան կարևոր է: Եվրոպացիներին միշտ զարմացրել է այն, որ Աշոկայից[1] մինչև Աքբար[2] ու Ամբեդկարի[3] և մինչև Սահմանադրություն Հնդկաստանը միշտ հասկացել է, որ կրոնը քաղաքացիների հասարակական կյանքի կարևոր բաղադրիչ է: Պետությունն ընդունում է կրոնի հասարակական դերը և այն հավասար հեռավորության վրա է բոլորից. սա հնդկական աշխարհիկություն է: Եվրոպական ավանդույթը բոլորովին այլ էր․ պետությունը մեկ կրոն ունի, և ղեկավարը պարտադրում էր այն: Անհնար էր պատկերացնել տարբեր կրոններ, քանի որ դա կնշանակեր քաղաքացիական պատերազմ, և պետությունը պառակտվելու էր: Հետագայում, երբ ի հայտ եկավ եվրոպական աշխարհիկությունը, դա այլ աշխարհիկություն էր, որը թշնամաբար էր վերաբերվում կրոնին և մերժում էր դրա դերը հասարակության կյանքում: Հնդկական մոդելն առավել խոհեմ էր, քանի որ գիտակցում էր, որ ինչպես քաղաքականությունը, այնպես էլ կրոնը նույն բանին են ծառայում: Հարցն այն է, թե ինչպես են այսօր միասին ապրելու տարբեր կրոններ դավանող մարդիկ: Մենք մտահոգությամբ և հետաքրքրությամբ ենք նայում Հնդկաստանին՝ տեսնելու, թե արդյո՞ք Հնդկաստանի վաղեմի կրոնական ավանդույթները բավականաչափ ամուր են, որպեսզի պատասխանեն այսօրվա յուրօրինակ հարցերին:
Ի՞նչ կասեք այսօր Հնդկաստանում տարածում գտած մեծամասնականության և կրոնական արմատականության մասին:
Շատերը պնդում են, որ այն ինչ կատարվում է այստեղ, կապված է Եվրոպայի միակրոն ազգայնականության ավանդույթների, բացարձակ ճշմարտության և սեմական միաստվածությունների ներթափանցման հետ, ինչը խորթ է Հնդկաստանի համար: Բայց մենք եկել ենք այլ վայրից, և դրանք են մեր պատմական ժառանգությունները: Այդ խնդիրները և մոտեցումները ներթափանցում են Հնդկաստան, և դա լարվածություն է ստեղծում հին ավանդական հնդկական մտածելակերպի և այնպիսի բացառիկ սովորույթների միջև, որոնք առավել բնորոշ են եվրոպական մտքին և միաստվածությանը:
Ո՞րն է թանգարանի դերն այսօր:
Կարծում եմ, որ թանգարանն ունի խիստ կարևոր դեր մերօրյա աշխարհում, քանի որ դա այն վայրն է, որտեղ արտեֆակտը պահվում, ուսումնասիրվում և հասանելի է դառնում լայն հանրությանը: Այն մի վայր է, որտեղ կարելի է ցույց տալ, թե որքանով է այս օբյեկտը արդարացնում որոշակի պատմության մեկնաբանությունը, և արդյոք այդ տեքստերը ճշմարիտ են, թե՝ ոչ: Եվ, հետևաբար, թանգարանները պետք է քաջությամբ այս դերը ստանձնեն, ինչպես նաև դրանց տարածքը պետք է պաշտպանվի: Արմատականության դեմ պայքարի ձևերից մեկը թանգարանների կողմից համարձակ գիտական հետազոտություններ իրականացնելն է: Այժմ նրանց դերն ավելի մեծ է, քան 50 տարի առաջ էր: Եվ մինչ մեզանից ոչ մեկը չի կարող լիովին անկողմնակալ լինել, թանգարանը ստիպված է շարունակել ձգտել անկողմնակալության: Իսկ դա անելու համար այն պետք է դառնա բանավեճի տարածք: Թանգարանը ճշմարտության տաճար չէ, այլ քննարկման վայր, որը պայքարում է ճշմարտության համար: Եվ դա լիովին հնարավոր է, քանի որ, ընդհանուր առմամբ, թանգարանները քաղաքացիական տարածքներ են և պատկանում են բոլորին: Թանգարանը անվտանգ տարածք է վտանգավոր խոսակցությունների համար:
Որո՞նք են ձեր ամենասիրելի թանգարանները:
Դրանցից մեկն անպայման պետք է նշեմ, որ CSMVS-ն (Չատրապատի Շիվաջի Մահարաջ Վասու Սանգրահալա) է: Ես սիրում եմ հենց այդ շենքը և այդ շենքում ամփոփված Մումբայի ամբողջ պատմությունը՝ դրա կապերը Եվրոպայի, Չինաստանի, Ճապոնիայի հետ, կապեր ափիոնի առևտրի հետ և այն փաստը, որ այս թանգարանը միայն այստեղ կարող էր գոյություն ունենալ: Մյուս թանգարանը, որը ես շատ եմ սիրում, Ամստերդամում գտնվող Ռեյկսմյուզեում է (Պետական թանգարան), որը հիանալի օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է ներկայացնել ազգային պատմությունը գլոբալ համատեքստում: Այս երկու թանգարանները համատեղում են լոկալ և համաշխարհային տեսանկյունները, որից զուրկ են Մեծ Բրիտանիայի թանգարանի նման առավել մեծ տարածքներ ընդգրկող թանգարանները, քանի որ նրանք փորձում են պատկերը տեսնել ընդհանրացված տեսանկյունից:
[1] Հնդիկ կայսր, որ բուդդիզմը երկրի պետական կրոն հռչակեց։
[2] Հնդիկ կայսր, ով փորձում էր ճշմարտություն գտնել բոլոր կրոններում։
[3] Հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի սահմանադրության հեղինակը։
Հարցազրույցի աղբյուրը՝ www.livemint.com
Անգլերենից թարգմանեց Անի Գասպարյանը
- Created on .
- Hits: 1911