Արման Պադարյան. «ԵրազԱրտ» ամառային երաժշտական դպրոցն ընդլայնվում է
Հուլիսի 6-ից մեկնարկել են «ԵրազԱրտ» ամառային երաժշտական դպրոցի դասընթացները` առցանց ձևաչափով: Դասընթացները կշարունակվեն մինչև հուլիսի 14-ը, իսկ արդեն 16-ին տեղի կունենա եզրափակիչ առցանց համերգը: Այս թեմայով զրուցել ենք «ԵրազԱրտ»-ի ղեկավար, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի հետ։
Ե՞րբ և ինչպե՞ս ստեղծվեց «ԵրազԱրտ» նախագիծը:
«ԵրազԱրտ» ծրագիրը գործում է 2005 թվականից: Տասնհինգ տարի է, ինչ «ԵրազԱրտ» ծրագրի ներկայացուցիչն եմ Հայաստանում: Կարելի է ասել, որ այս ծրագրի հետ պատմության ընթացքը միասին ենք անցել: Հայկական ծրագիր է, որն ունի միջազգային խորհուրդ Բոստոնում (ԱՄՆ), այդ խորհուրդը կազմված է երաժիշտներից: Նման ծրագիր ունենալու նախաձեռնությունը բարերարներ Րաֆֆի Ֆեստեքջյանի և Նուբար Աֆեյանի կողմից էր: «ԵրազԱրտ»-ն աջակցում է Հայաստանի տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին, օժանդակում մասնագիտական զարգացմանը: Համագործակցում ենք «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի» հետ: Մեր ծրագրի շրջանակում ոչ միայն անցկացվում են վարպետության դասեր, այլև տրամադրվում են երաժշտական գործիքներ, կրթաթոշակներ, օգնում երիտասարդ երաժիշտներին վարպետության դասեր անցկացնել Հայաստանում և արտերկրում: Մեր ծրագրի շրջանակում 140-ից ավել երաժշտական գործիք է տրամադրվել: Համագործակցում ենք նաև «Հայկական բարեգործական ընդհանուր միության» հետ:
«Երազարտ» դպրոցի նպատակն է կրթել այնպիսի երաժիշտների, ովքեր, կհամալրեն հայաստանյան նվագախմբերը, կդառնան ճանաչված մենակատարներ: Գրանցած հաջողությունների մասին խոսենք:
Սկսելով Հայաստանից. ակադեմիայի սաներից մեկը օրեր առաջ հանձնեց քննություն նախագահական նվագախմբի համար և հավաքեց սահմանված միավորից ավելի բարձր: Մեր մյուս երկու սաները` տրոմբոնահար և տուբահար, նվագում են Արցախի նախագահի նվագախմբում: Ամառային դպրոցում դասավանդում են նաև նախորդ տարիների մեր չորս սաները, որոնք այսօր արդեն հաջողության են հասել արտերկրում: Նրանք աշխատում, սովորում և ապրում են Եվրոպայում և ԱՄՆ-ում: Մենք ամեն ինչ անում ենք, որ «ԵրազԱրտ» ակադեմիայի սաները և վարպետության դասերի մասնակիցները բարձրացնեն իրենց կատարողական արվեստի մակարդակը: Մեզ մոտ հիմա երեք հոբոյահար է պարապում, իսկ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի միակ հոբոյահարը հենց մեր սանն է: Սա ընդամենը մի օրինակ է, բայց կան գործիքների տեսակներ, որտեղ աշակերտները քիչ են, մենք այդ ուղղությամբ ենք աշխատում: Մեր նպատակը ոչ թե ճանապարհն է, որ անցնում ենք, դա կարևոր է իհարկե, բայց ավելի կարևոր է վերջնարդյունքը: Մենք նպաստում ենք նրան, որ երեխաները պատրաստ լինեն մեծ բեմերում, հայտնի նվագախմբերում հանդես գալ: Մեր գործի արդյունքը հենց այս ամենի մեջ է: Տարիներ պետք է անցնեն, որ կատարելագործեն իրենց գիտելքներն ու հմտությունները: Դա շատ մեծ և դժվար աշխատանք է: Մեզ համար կարևոր է, որ ստանանք վերջնական արդյունք` կիրթ, լավ երաժիշտներ:
Այս նոր իրավիճակը ոչ միանշանակ է ընկալվում. ոմանք չեն համակերպվում դրա հետ, մյուսները փորձում են դրական կողմը տեսնել: Դուք ինչպե՞ս արձագանքեցինք, ի՞նչ դժվարություններ ունեցաք և հակառակը:
Մենք կամ ոչինչ չպետք է անեինք, կամ պետք է անեինք առցանց: Ընտրեցինք երկրորդ տարբերակը: Կենդանի անցկացված դասը, որևէ առցանց դասի հետ փոխարինել չես կարող: Փորձեմ բացատրել` ինչու: Երաժշտական գործիքի դեպքում դասախոսը շատ հաճախ ուղղորդում է երեխային` ինչպես բռնել գործիքը, ինչպես ճիշտ նվագել, պետք է մոտենա, կատարի ուղղումներ, այս ամենը նույնպես հմտություն է, իսկ առցանց դասընթացներով երեխան այդ հմտությունները չի սովորում: Այլ դասընթացների դեպքում, ինչպես օրինակ մաթեմատիկա կամ ֆիզիկա առարկաները, առցանց դասերի արդյունավետությունն ավելի բարձր է: Երաժշտական ասպարեզում կարևոր է կենդանի շփումը, այլ հարց է, երբ աշակերտին ծանոթ ես ինչ-որ չափով: Դասախոսն ու աշակերտն իրար հասկանում են, գիտեն` ինչպես անել, որ արդյունավետությունը բարձր լինի, այդ իմաստով մենք առավելություն ունենք:
Տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած 21-րդ դարում, որքանով են երեխաները հետաքրքված դասական երաժշտությամբ:
Շատ բան է գալիս ընտանիքից: Ընտանիքներում երեխաներն ու ծնողներն այդքան հաճախ չեն խոսում, երեխան իր հեռախոսի մեջ է, ծնողներն իրենց գործերով են զբաղված: Զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաները, չի նշանակում զարգացնել ազգը: Ես, իհարկե, չեմ խոսում այն մարդկանց մասին, որոնք գումար են աշխատում համացանցով: Չնայած պետք է ասեմ, որ Հայաստանում դեռ կա այն ձգտումը, որ երեխան սովորի որևէ երաժշտական գործիք, ոչ թե օրինակ` ֆեյսբուքում լայք դնի ինչ-որ էջի: Ծնողները գիտակցում են, որ երեխան կունենա ապագա, աշխատանք, ուրեմն պետք է անել ամեն ինչ, որ երեխան զբաղվի դրանով:
Դասերն անվճար են, բայց բոլորը չէ, որ կարող են սովորել դպրոցում: Ինչպե՞ս եք ընտրում աշակերտներին, որո՞նք են հիմնական չափորոշիչները:
Մենք սերտ համագործակցում ենք երաժշտական դպրոցների հետ: Սովորաբար, տաղանդավոր երեխային գտնել և տրամադրել աջակցություն, իսկապես երկարատև աշխատանք է պահանջում: Տարվա կտրվածքով, մենք հյուր ենք լինում տարբեր երաժշտական դպրոցների կազմակերպած համերգներին, լսում ենք երեխաներին: Երբեմն ինքը՝ դպրոցի տնօրենն է զանգում և ասում, որ իրենց այս աշակերտը այս գործիքը լավ է նվագում: Գնում ենք, լսում ենք, խորհրդակցում ենք մեր գործընկերների, մասնագետների հետ, սկսում ենք գծել ռազմավարական պլանը, որ կարողանանք ստանալ արդյունք: Երեխաները, որ սովորում են մեր ակադեմիայում, հատուկ ընտրված աշակերտներ են, մեր դեպքում ուշադրություն դարձնում ենք պղնձափողային գործիքներին: Ցանկանում ենք երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնել հենց այս երաժշտական գործիքների նկատմամբ:
Խոսենք առցանց դասերի անցկացման ձևի, դասերի հաճախականության մասին:
Դասերն անցկացվում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ: Կան դասեր, որ անցկացվում են Արամ Խաչատրյան համերգասրահի փորձասենյակներում` դասախոսի ու աշակերտի միջև պահպանելով սոցիալական հեռավորությունը, սակայն դասերի հիմնական մասն անցկացվում է առցանց: Ամառային երաժշտական դպրոցի շրջանակներում ուսուցում են ստացել հիմնականում փողային գործիքներ նվագող աշակերտները, սակայն այս տարվանից մենք ընդլայնել ենք երաժշտական գործիքների ցանկը, փողային գործիքներին ավելացնելով ջութակը, թավջութակը, դաշնամուրը և հարվածային գործիքները: Իսկ «ԵրազԱրտ» ակադեմիայում ողջ տարվա ընթացքում դասավանդում են մինչև տասնչորս փողային գործիքներ նվագող աշակերտների (հոբոյ, գալարափող, տրոմբոն, բաս տրոմբոն, ֆագոտ): Սա ամառային դպրոցի 5-րդ հոբելյանական տարին է: Դասընթացները վարում են Իտալիայից` Պաոլո Ռիցուտոն (գալարափող, ՀԱՖՆ) և Մերի Խոջայանը (ջութակ, «Երազարտ»-ի սան, Հոլանդիա), Իսպանիայից` Խուան Պարդո Խիլը (տրոմբոն, ՀԱՖՆ), ԱՄՆ-ից` Վարդան Գասպարյանը (թավջութակ, «Երազարտ»-ի սան, Քոլբերն քոլեջ), Սիլվի Զաքարյանը (մարիմբա, Լոնջիի դպրոց, «Երազարտ»-ի խորհրդի անդամ) և Նառա Ավետիսյանը (դաշնամուր, «Երազարտ»-ի սան), Ռուսաստանից Կիրիլ Սոլդատովը (շեփոր, ՀԱՖՆ-ի մենակատար), Բելգիայից` Հրայր Կարապետյանը (ջութակ, Լիեժի նվագախումբ, «Երազարտ»-ի սան), Հայաստանից` Նարեկ Ավագյանը (ֆլեյտա, ՀԱՖՆ), Անդրանիկ Քոչարը (ֆագոտ, ՀԱՖՆ) և Հարություն Շախկյանը (հոբոյ, ՀԱՖՆ)։ Դասընթացներին մասնակցում են Սայաթ-Նովայի անվան, Պ․ Ի․ Չայկովսկու անվան, Վ. Մոկացյանի անվան, Ալ․ Սպենդիարյանի անվան, Ստ․ Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցների սաները, Երևանի Կոմիտասի անվան պետական և Բրյուսելի թագավորական կոնսերվատորիաների ուսանողները:
Հուլիսի 16-ին տեղի կունենա առցանց եզրափակիչ համերգ: Ծրագրում ի՞նչ է ներառված լինելու:
Երբ ամփոփենք երեխաների աշխատանքի արդյունքները հուլիսի 14-ին, կխոսենք մասնագետների, երաժիշտների հետ, կքննարկենք ծրագիրը, կհասկանաք` որ աշակերտը, ինչ ելույթով հանդես գա: Հիմա ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը և շնորհակալությունը հայտնել «ԵրազԱրտ» նախագծի հիմնադիրներին: Գնահատում եմ այն աշխատանքը, որ անում են մեր մասնագետները, ովքեր պատրաստում են մեր տաղանդավոր երեխաներին օգնել իրենց կայացման գործում: Արդյունքը վաղը չի լինելու, ոչ էլ մեկ ամիս անց, տեսանելի կլինի 3-4 տարի հետո միայն: Այս ամենն իմանալով` նրանք շարունակում են աշխատել: Աշակերտները շատ չեն, բայց նրանց շնորհիվ մենք ունենք հույս, որ ամեն ինչ լավ է: Ես լավատես եմ և վստահ եմ` այն փոքրը, որ անում ենք կբերի դրական փոփոխությունների:
Զրուցեց Մերի Հովհաննիսյանը
- Created on .
- Hits: 2646