Մարիամ Խառատյան. Հայ երաժշտական ուսումնասիրությունները արտերկրում ներկայացնելու խնդիր կա
Նորվեգաբնակ դաշնակահարուհի Մարիամ Խառատյանն արդեն երկար տարիներ է, ինչ օտար հանդիսատեսին ներկայացնում է Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նա մասնակցել է միջազգային մի շարք մրցույթների, որոնց թվում են 2010-ին Գյումրիի «Վերածնունդ» փառատոնը (երրորդ մրցանակ), 2013-ին Իտալիայի երիտասարդ երաժիշտների միջազգային մրցույթը (առաջին մրցանակ): Մարիամ Խառատյանի հետ զրուցել ենք իր անցած երաժշտական ուղու և ապագայի ծրագրերի մասին:
Ինչպե՞ս ընտրեցիք դաշնակահարուհու մասնագիտությունը։
Երաժշտական ընդունակություններս ի հայտ են եկել երբ 5-6 տարեկան էի։ Հիշում եմ՝ մեր տան դիմաց մի երաժշտական դպրոց կար։ Շատ էի սիրում լսել այդ երաժշտական դպրոցից լսվող երաժշտությունը։ Սիրում էի հատկապես դաշնամուրային երաժշտությունը, որն ինձ համար առանձնահատուկ գրավչություն ուներ։ Դաշնամուրի ձայնն ու հնչողությունը ինձ շատ էին դուր գալիս։ Ու մի օր երաժշտական դպրոցի ուսուցիչներից մեկն ինձ հրավիրեց ներս, սկսեց լսողությունս ստուգել և այլն։ Այդ օրվանից սկսեցի կանոնավոր կերպով հաճախել այդ դպրոց նախապատրաստական դասերի՝ առանց ծնողներիս իմացության։ Հետո երաժշտական դպրոցում նկատեցին, որ անընդհատ գնում եմ իրենց մոտ, ու կանչեցին ծնողներիս՝ արդեն պաշտոնապես ինձ ձևակերպելով որպես դաշնամուրի դասարանի աշակերտուհի։ Որևէ մեկի մոտ կասկած անգամ չկար, որ ես հենց երաժշտությունն էի որպես մասնագիտություն ընտրելու։ Այդ հարցը երբևէ չէր էլ քննարկվել, որովհետև շատ մեծ էր մղումս՝ շարունակելու կրթությունս որպես երաժիշտ։ Ծնողներս, երաժշտության հետ որևէ կապ չունենալով, միշտ աջակցել են ինձ, երբևէ դեմ չեն եղել ընտրությանս։ Ու այդպես երաժշտական կրթությունս շարունակեցի Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում, ավելի ուշ՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում (2005-2011): 2012-ից էլ տեղափոխվեցի Նորվեգիա՝ ուսումս այնտեղ շարունակելու։
Քանի որ Նորվեգիայի Ագդեր համալսարանի ուսանող եք եղել և հիմա էլ դասավանդում եք այնտեղ, կցանկանայի կրթական համակարգերին անդրադառնանք: Ի՞նչ համեմատության եզրեր կան երկու երկրների երաժշտական կրթական համակարգերի միջև։
Շատ մեծ տարբերություն եմ զգացել Նորվեգիա տեղափոխվելուս հենց առաջին օրից։ Եթե համեմատեմ մեր մագիստրատուրան կամ բակալավրիատը այստեղի մագիստրատուրայի և բակալավրիատի հետ, բնականաբար, կրթական գործընթացներն են ամբողջությամբ տարբեր։ Անձամբ ես մաշկիս վրա զգացել եմ այն, որ Նորվեգիայում ստացել եմ ավելի մեծ անձնական տարածք։ Ես ավելի մեծ հնարավորություն ունեմ բացարձակ ինքնուրույն, ազատ կերպով հասկանալու, թե որպես երաժիշտ ի՞նչն է ինձ ավելի շատ գրավում, ի՞նչ եմ ուզում ես նվագել։ Այսինքն՝ ինձ համար ավելի մեծ հնարավորություն ստեղծվեց ինքնուրույն զարգանալու։ Եթե մենք համեմատենք առարկաների քանակով, այստեղի առարկաներն ավելի քիչ են, որն ինձ մագիստրատուրայում շատ մեծ հնարավորություն էր տալիս կենտրոնանալ զուտ կատարողական գործընթացի վրա։ Դա տալիս էր ավելի շատ ժամանակ պարապելու, ճանաչելու ինքս ինձ որպես անձ ու որպես երաժիշտ։ Հիշում եմ, որ Կոնսերվատորիայում մենք ամեն տարի ունեինք հստակ նվագացանկ, ծրագիր, իսկ այստեղ շատ ավելի ազատ է ընտրությունը, ծրագրի կանոնները ավելի մեղմ են։ Սակայն հայաստանյան խիստ ծրագրային կանոնները ևս դրական կողմ ունեն ինչպես, օրինակ, պարտադիր երգացանկի կուտակումը տարիների ընթացքում։ Ես անձամբ՝ որպես երաժիշտ, վեց տարի Կոնսերվատորիայում սովորելու ընթացքում ձեռք եմ բերել շատ մեծ երգացանկ, որը միայն դրական ազդեցություն ունի ինձ վրա։ Ես կարող եմ ցանկացած պահի ընտրել մեկ ժամանոց մենահամերգի ծրագիր և մի քանի օր հետո բեմին կատարել։ Նորվեգիայի կրթական գործընթացում կան իհարկե որոշ սահմանափակումներ, որոնք պարտադիր պահպանվում են, օրինակ, ծրագրի տևողությունը, բարդության աստիճանը, որոշակի երաժշտական ժանրերը, բայց գրեթե ամեն ինչ ազատ է։ Այստեղ խրախուսվում է նաև երաժշտի, անձի անհատականությունը, շատ է կարևորվում, թե, օրինակ, դու՝ որպես երաժիշտ, ինչո՞վ ես հետաքրքրված, ո՞ր կոմպոզիտորով, ո՞ր երգացանկով, ո՞ր ստեղծագործություններն են քեզ այնքան հուզում, որ կարողանաս նախագիծ ներկայացնել և մի քանի տարի աշխատել, խորանալ այդ ուղղությամբ։ Այսինքն՝ այստեղ շեշտն անհատականության վրա է դրված, իրենք գնահատում են ամեն տեսակի անհատական դրսևորում։ Այստեղ ամենադրական կողմերից մեկն էլ այն է, որ իրենք երաժիշտներին օգնում են գտնել սեփական ճանապարհը՝ որպես երաժիշտ, և առաջ գնալ հենց այդ ճանապարհով։ Ես ինձ շատ ավելի ազատ եմ զգում նորվեգական կրթական համակարգում։ Այնուամենայնիվ, Երևանում ստացած կրթությունս ինձ տվել է շատ ուժեղ հիմք, անհրաժեշտ խորը մասնագիտական գիտելիքներ։ Ու այս կոմբինացիան, որն ունեի Երևանից՝ պարապմունքների շատ ուժեղ կարգապահություն, աշխատանք շատ ծավալուն նվագացանկի վրա շատ կարճ ժամանակահատվածում, կատարողական դիմացկունություն, և այլն, գումարվելով Նորվեգիայում ստացած մասնագիտական և անհատական ազատության ու դրանից բխող երևույթներին, դարձրել է այն եմ, ինչ կամ։
Ո՞րն եք համարում Ձեր երաժշտական ուղու ամենանշանակալի ձեռքբերումը կամ ո՞րն եք ինքներդ կարևորում։
Ինձ համար շատ մեծ նշանակություն ունեին վարպետության դասերն ու հանդիպումը նորվեգացի դաշնակահար Լեիֆ Ուվէ Անդսնեսի հետ։ Մրցույթների շարքում շատ եմ կարևորում Գրիգի մրցույթը Բերգենում, որին մասնակցել եմ երկու անգամ՝ 2014 և 2016 թվականներին։ Դա առաջին մեծ մրցույթն էր, որին մասնակցել էի մինչ այդ։ Այդ մրցույթից առաջ մասնակցել էի միջազգային այլ մրցույթների, ուղղակի Գրիգի մրցույթը տարբերվում էր նախորդներից իր բարդությամբ և կատարողական շատ բարձր շեմով։ Այն շատ երկար պատրաստվածություն և ամբողջական կենտրոնացվածություն էր պահանջում։ Բացի այդ հեռարձակվում էր նաև ուղիղ եթերով, ինչը ևս լրացուցիչ լարվածություն էր։ Ինձ համար մեծ նշանակություն ուներ նաև 2013 թվականին Իտալիայում կայացած «Giovanni Musicisti» դաշնամուրային միջազգային մրցույթը, որն ինձ համար առաջին մրցույթն էր Եվրոպայում, որտեղ նաև հաղթեցի։ Հաճելի էր ստանալ առաջին մրցանակը։ Առհասարակ մրցույթը մեծ աճի հնարավորություն է երաժշտի համար։ Միջազգային ամենատարբեր բեմերին նվագելուց հետո ավելի լավ եմ հասկանում ինքս ինձ՝ որպես երաժիշտ, ավելի մեծ աճ եմ զգում ինձ մոտ, ավելի խորությամբ եմ սկսում զգալ ստեղծագործություններն ու դրանց մեկնաբանումը։
Ի՞նչն է խանգարում ապրել և ստեղծագործել Հայաստանում։ Ի՞նչ դռներ է բացում Նորվեգիան երաժշտի առաջ, որոնք մեզ մոտ չեն բացվում։
Շատ բարդ է ինձ համար պատկերացնել, թե ինչպես կզարգանար իմ երաժշտական ուղին, եթե Կոնսերվատորիան ավարտելուց հետո մնայի Երևանում։ 2011 թվականին Մագիստրատուրան Երևանում ավարտելուց հետո, ես զգում էի, որ կարիք ունեմ միջազգային ասպարեզում դրսևորել ինձ։ Այդ ժամանակ Նորվեգիայի Ագդեր համալսարանը կազմակերպել էր մի մրցույթ, որի չորս հաղթողները պետք է ստանային կրթաթոշակ և երկու տարով տեղափոխվեին Նորվեգիա՝ սովորելու Ագդեր համալսարանում։ Ու այդպես ես դարձա այդ չորս հաղթողներից մեկն ու 2012 թվականին տեղափոխվեցի Նորվեգիա։ Զուտ աշխարհագրական առումով Նորվեգիան միջազգային տարբեր բեմերում ելույթ ունենալու ավելի մեծ հնարավորություն է տվել ինձ, ինչը ես չունեի մինչև Նորվեգիա տեղափոխվելը։ Ինձ համար սահմանափակ էին այն հնարավորությունները, որոնք կային Հայաստանում։ Միգուցե կան մարդիկ, որոնք կարող են ամեն տարի մի քանի անգամ իրենց թույլ տալ գնալ Եվրոպա և համերգներով հանդես գալ տարբեր երկրներում։ Համենայն դեպս, ես չունեի այդ հնարավորությունը և շատ էի զգում դրա կարիքը։ Նորվեգիա տեղափոխվելուց հետո ես զգացի, որ ինձ համար ավելի հեշտ էր իրականացնել իմ բոլոր նախագծերը, միջազգային բեմերին ելույթ ունենալու ծրագրերը, ինչպես նաև ավելի լայն ծանոթություններ ձեռք բերեցի, ծանոթացա ամենատարբեր երկրների երաժիշտների հետ, սկսեցի ավելի հաճախ հրավերներ ստանալ այստեղ ապրելու ընթացքում։ Այնպես որ ինձ համար Նորվեգիա տեղափոխվելը նոր փուլ բացեց իմ կյանքում՝ որպես երաժիշտ։
Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում։ Ինչպիսի՞ն են Ձեր տպավորություններն այն երաժշտական անցուդարձից, որ կա այսօր Հայաստանում։
Պարբերաբար լինում եմ Հայաստանում, բայց վերջին այցս եղել է երկու տարի առաջ։ Ընդ որում՝ այցերս էլ շատ կարճ են տևում՝ մեկ կամ երկու շաբաթ։ Սա է պատճառը, որ ինձ համար շատ բարդ է օբյեկտիվորեն գնահատել հայաստանյան երաժշտական անցուդարձը։ Ամեն դեպքում այցերիս ընթացքում հասցրել եմ ներկա գտնվել տարբեր համերգների՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում, «Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ի ներկայացումներին, Կամերային տանը և այլն։ Շատ եմ սիրում նաև այցելել Երևանի տարբեր սրճարաններ և լսել մեր երաժիշտների կենդանի կատարումները։ Արդեն Նորվեգիայում ես համացանցով եմ հետևում երևանյան երաժշտական անցուդարձին, ինչքան որ ներում է ժամանակս։ Շատ մեծ սիրով հետևում եմ Ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթներին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, Խաչատրյանի տուն թանգարանի, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համերգներին։ Հայաստանը լի է երաժշտությամբ և մենք իսկապես ֆանտաստիկ երաժիշտներ ունենք։
Հայաստանաբնակ երաժիշտներից ու՞մ հետ եք համագործակցել կամ արդյո՞ք ունեք նման պլաններ։
Հայ երաժիշտներից համագործակցել եմ Վիգեն Բալասանյանի հետ Կոմիտասի «Շորոր» ձայնասկավառակի ստեղծման ընթացքում։ Իմ գեղարվեստական հետազոտական նախագծի շրջանակներում ես հանդիպել եմ տարբեր երաժիշտների հետ։ Երևանում հանդիպել եմ «Գուսանական և Ժողովրդական երգի պետական անսամբլ»-ի երաժիշտների հետ։ Իմ ուսումնասիրությունների ընթացքում ինձ անհրաժեշտ էր ավելի մոտիկից ծանոթանալ հայկական ժողովրդական գործիքներին, դրանց հնչողությանը, նվագի առանձնահատկություններին։ Սերտ համագործակցել եմ միայն Վիգեն Բալասանյանի հետ։ Հայաստանաբնակ երաժիշտների հետ համագործակցության կոնկրետ ծրագրեր դեռ չկան, բայց հուսով եմ՝ ապագայում կլինեն նոր գաղափարներ։ Ես ինքս շատ բաց եմ բոլոր առաջարկների ու հետաքրքիր համագործակցությունների համար։ Չգիտեմ՝ հետո ինչ կլինի, մի քիչ դժվար է հիմա ասել։ Կորոնավիրուսի պատճառով շատ անորոշ իրավիճակ է ստեղծվել։
Եթե չեմ սխալվում, 2017 թվականին Վաշինգտոնում ներկայացրել եք «Երաժշտական երկխոսություններ» նախագիծը։ Կպատմե՞ք այս նախագծի մասին։
Նշեմ, որ մենք միայն Վաշինգտոնում չենք այդ համերգն ունեցել, նվագել ենք նաև Նորվեգիայում, Բոսնիա-Հերցեգովինայում և այլ երկրներում։ Կոնկրետ Վաշինգտոնի նախագիծը կոչվում էր «Երաժշտական Երկխոսություններ»։ Սա համագործակցություն էր իմ գործընկերոջ՝ Ռանդի Էյիդսոի հետ, ում հետ շատ տարբեր երաժշտական նախագծեր և համերգներ ենք ունեցել։ Նախագծի ծրագրում ընդգրկված էին ամենատարբեր ստեղծագործություններ, և հրավիրված էին երաժիշտներ տարբեր երկրներից՝ բոսնիացի դաշնակահար և երգչուհի, մալազիացի ֆլեյտահար, լեհ ջութակահար և այլ երաժիշտներ։ Այդ համերգի ամեն մի ընտրված ստեղծագործություն հակիրճ ձևով նկարագրված էր հանդիսատեսի համար նախատեսված բուկլետներում։ Համերգի ունկնդիրները Կոմիտասի «Կռունկը» իմ և լեհ ջութակահար Ադամ Գրյուշոյի կատարմամբ լսելու հետ մեկտեղ ծրագրի բուկլետում կարող էին կարդալ, թե երգի բառերն ու երաժշտությունն ինչ նշանակություն ունեն հայի համար։ Հակիրճ ներկայացրել էի նաև Կոմիտասի կյանքը և Ցեղասպանության մասին մանրամասներ: Նախագծի մյուս մասնակիցներն էլ իրենց ազգային երաժշտության միջոցով ներկայացնում էին իրենց երկրի տարբեր իրադարձություններ։ Մենք ունեինք Բոսնիայից եկած երաժիշտներ, որոնցից մեկն իր ուսանողական տարիներն անցկացրել էր այն ժամանակ, երբ Սարաևոն պաշարված էր և ռմբակոծվում էր։ Հատուկ մեր նախագծի համար նորվեգացի ժամանակակից կոմպոզիտոր Կոնրադ Օհրնը մի ստեղծագործություն էր գրել դաշնամուրի, ֆլեյտայի և ջութակի համար՝ նվիրված նորվեգացի Ֆրիտյոֆ Նանսենին, ով, ինչպես գիտենք, Ցեղասպանության ժամանակ մեծ օգնություն է ցույց տվել հայերին։ Այսինքն՝ մեր նախագծի դեպքում երաժշտությունը ավելի խորը ու լայնածավալ երևույթի էր վերածվում, համամարդկային երևույթների մասին մարդկանց տեղեկացնելու և երկխոսության միջոց էր։
Արդյո՞ք ժամանակակից կոմպոզիտորների հետ համագործակցության փորձ ունեք։ Ինչպե՞ս եք վերաբերվում ժամանակակից ակադեմիական երաժշտությանը և կատարու՞մ եք արդյոք նման գործեր։
Իհարկե ունեմ նման փորձ, սակայն շատ կենտրոնացած չեմ եղել այդ ժանրի վրա։ Ես շատ տարբեր բաներով եմ զբաղված եղել՝ հայկական երաժշտություն, դասական երաժշտություն, վերջին տարիներին էլ մեծ էր կենտրոնացումս Կոմիտասի և Խաչատրյանի ստեղծագործությունների վրա։ Այստեղ նվագել եմ Կոնրադ Օհրնի ստեղծագործությունները, ով նորվեգացի ժամանակակից կոմպոզիտոր է։ Իմ հաջորդ համերգներից մեկում էլ նվագելու եմ Վիդար Քրիստիանսենի ստեղծագործությունները, ով ևս նորվեգացի ժամանակակից կոմպոզիտոր է։ Ունեմ համագործակցության փորձ նաև էլեկտրոնային երաժիշտների հետ։ Շատ փոքրիկ էր փորձս այդ ժանրում, սակայն ինձ համար շատ հետաքրքիր։ Համագործակցում էի Յան Բանգի և Բյորն Չարլզ Դրայերի հետ։ Մի քանի տարբեր փորձեր ևս ունեցել եմ, բայց դեռ շատ ժամանակ ու հնարավորություն չեմ ունեցել ավելի խորությամբ անդրադառնալու ժամանակակից ակադեմիական երաժշտությանը:
Կցանկանայի իմանալ՝ ինչպե՞ս եք վերաբերվում իմպրովիզացիաներին:
Առհասարակ, շատ դրական եմ վերաբերվում իմպրովիզացիաներին ու ցանկացած ստեղծագործական մոտեցման, որ կարող է տարբերվել մեր ակադեմիական ընկալումներից։ Շատ դրական երևույթ է, երբ երաժիշտը փորձում է սեփական մոտեցումը, ձեռագիրը ցույց տալ։ Իհարկե այստեղ ճաշակի հարց է, որովհետև իմպրովիզացիաները տարբեր կերպ են ընկալվում ունկնդրի կողմից։ Մեկի համար դա կարող է շատ հաջող փորձ լինել, մյուսը կարող է քննադատաբար մոտենալ արված իմպրովիզացիային։ Ես ինքս դասական ստեղծագործությունները նվագում եմ այնպես, ինչպես դրանք գրված են։ Եթե խոսենք Կոմիտասի և Խաչատրյանի ստեղծագործությունների մասին, ապա իմ նախագծի շրջանակներում ամենակարևոր սկզբունքներիցս մեկը եղել է հավատարիմ մնալ կոմպոզիտորի գրածին։ Ես որևէ փոփոխություն չեմ արել, նույնիսկ երբ նվագել եմ Կոմիտասի երգերը դուդուկով և բլուլով։ Ամբողջությամբ նույնն եմ թողել թե՛ մեղեդին, թե՛ դաշնամուրային նվագամասի նոտաները։ Դոկտորական նախագծիս վրա աշխատելու ընթացքում իմ ուսումնասիրության հիմնաքարերից մեկը եղել է հետևյալը. Խաչատրյանի և Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները մեկնաբանել հայկական ժողովրդական երաժշտության լույսի ներքո՝ հնարավորինս հեռու գնալով ընդունված դասական և ռոմանտիկ ինտերպրետացիոն ավանդույթներից և հնարավորինս մոտենալով հայկական ժողովրդական երաժշտության և գործիքների արտահայտչամիջոցներին՝ արձագանքելով դաշնամուրային արտիկուլյացիայի, տեմբրերի, պեդալիզացիայի միջոցով, երաժշտության ազատ իմպրովիզացիոն հոսքի, տեմպի և այլ կատարողական արտահայտչամիջոցներով։ Կոմիտասի և Խաչատրյանի իմ մեկնաբանություններում օգտագործում եմ նաև դաշնամուրի մեջտեղի ոտնակը (sostenuto pedal), որը գրեթե չի օգտագործվում դասական ակադեմիական կրթության երգացանկում։ Ես դա օգտագործել եմ՝ ոգեշնչվելով մեր ժողովրդական երաժշտության մեջ առկա դամի մշակույթից, որոնք երկար պահված և մեղեդուն ուղեկցող հնչյուններն են։ Փաստորեն դաշնամուրով հնարավոր է դամի էֆեկտը ստանալ կամ տարբեր ինտերպրետացիոն-մեկնաբանման մտահղացումներ ստեղծել՝ օգտագործելով դաշնամուրի sostenuto ոտնակը ու կառուցելով երաժշտական հյուսվածքի տարբեր շերտեր՝առանց միաձուլելու դրանք օբերտոնային ու պեդալային ամպի մեջ, որն առաջանում է աջ ոտնակի (sustain pedal) կիրառելուց։
Այս տարի հաջողությամբ ավարտեցիք Ձեր դոկտորական աշխատանքը, մի փոքր կներկայացնե՞ք այն:
Այս դոկտորական աշխատանքն ընդգրկված է եղել Նորվեգական գեղարվեստական հետազոտական ծրագրի մեջ (Norwegian Artistic Research Programme)։ Ես այս ծրագրի մաս եմ կազմել հայկական նախագծով, որը կոչվում էր «Հայկական մատնահետքեր. Կոմիտասի և Խաչատրյանի դաշնամուրային երաժշտության մեկնաբանումը հայկական ժողովրդական երաժշտության լույսի ներքո»։ Այն ժողովրդական և դասական երաժշտության խաչմերուկում գտնվող գեղարվեստական ուսումնասիրություն է։ Նախագիծը ծնունդ է իմ այն ոգեշնչման, որ ստացել եմ՝ լսելով հայկական ժողովրդական երաժշտությունը։ Այն ինձ համար շատ ավելին էր, քան զուտ դոկտորական նախագիծ, որը ես պետք է լավագույնս ներկայացնեի։ Պատճառներից մեկն այն է, որ այդ նախագիծն այն հազվադեպ հայկական նախագծերից է, որ ներկայացված է անգլերենով։ Մենք ունենք շատ մեծ խնդիր հայկական երաժշտության ուսումնասիրությունները արտասահմանում ներկայացնելու։ Ուսումնասիրությանս ընթացքում հանդիպել եմ շատ քիչ անգլալեզու աշխատանքների հայկական երաժշտության մասին, էլ չասեմ, որ կատարողական հետազոտություններ գրեթե չեմ գտել անգլերենով։ Սա շատ կարևոր է ու ես շատ ուրախ եմ, որ անգլալեզու աշխատանքս տեղ գտավ «Research Catalogue.net»-ում, որը գեղարվեստական հետազոտությունների միջազգային շտեմարան է:
Հույս ունեմ, որ սա իմ փոքրիկ լուման է՝ այս հարցում մի փոքր առաջընթաց գրանցելու։ Բացի այդ ինձ շատ էր հուզում, թե ինչպես կարձագանքեն, ինչպիսի տպավորություններ կունենան հայ երաժիշտներն այդ նախագծից։ Նախագծիս շրջանակներում ես մեծ կապ եմ ունեցել հայ երաժիշտների հետ։ Սերտ համագործակցություն եմ ունեցել Վիգեն Բալասանյանի հետ, նաև հանդիպումներ տարբեր երաժշտական ժողգործիքներ նվագող երաժիշտների հետ։ Երևանյան այցերիս ընթացքում հանդիպել և երկար զրույցներ եմ ունեցել պրոֆեսորներ Վիլլի Սարգսյանի, Մհեր Նավոյանի եվ Ալինա Փահլևանյանի հետ, որոնց կարծիքը, գիտելիքները և բարձր պրոֆեսիոնալիզմը ոգեշնչել են ինձ և շատ մեծ նշանակություն են ունեցել նախագծիս ընթացքի վրա։ Աշխատել եմ Կոմիտասի և Խաչատրյանի ամենատարբեր ստեղծագործությունների վրա, որոնք ներառում են սոլո դաշնամուրային, կամերային և նվագախմբի հետ ստեղծագործություններ։ Նախագիծը ներառում է թե՛ կատարողական, թե՛ գրավոր մաս՝ թեզ, որը հրատարակված է «Research Catalogue»-ում, իսկ կատարողական մասը տարբեր ձայնագրություններ են և երկու ալբոմ։ Կարծում եմ՝ որպես երաժիշտ դոկտորական նախագիծն իմ կյանքում եղել է բացառիկ։ Ապրելով Նորվեգիայում՝ ես ունեցել եմ հնարավորություն գրեթե հինգ տարի խորությամբ ուսումնասիրելու հայկական երաժշտությունը՝ ամբողջությամբ ֆինանսավորված Նորվեգիայի կառավարության կողմից։
Գիտեմ, որ թողարկել եք երկու ալբոմ, կխոսե՞ք դրանց մասին։
Առաջին ալբոմը, որ թողարկել եմ, կոչվում է «Արամ Խաչատրյան կամերային երաժշտություն», որը ես ձայնագրել եմ երաժիշտներ ջութակահար Ադամ Գրյուշոյի, կլարնետիստ Սթիգ Նորդհագենի և թավջութակահար Լեոնարդո Սեսեննայի հետ։ Այս ալբոմում ներկայացված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Սպարտակ բալետից «Ադաջիոն» Ավետիք Պիվազյանի փոխադրությամբ, «Կլարնետի տրիոն», «Պարը» եվ «Երգ Պոեմը» դաշնամուրի և ջութակի համար, «Սուսերով պարը» Ռուբեն Ասատրյանի փոխադրությամբ, և այլն։ Այս ալբոմում ընդգրկված է նաև Խաչատրյանի շատ հազվադեպ կատարվող «Սոնատ»-ը՝ դաշնամուրի և ջութակի համար, որի նոտաները ես շատ պատահական եմ գտել իմ երևանյան այցերից մեկի ժամանակ։ Ես Վերնիսաժում էի ու շատ պատահական հանդիպեցի նոտաներ վաճառող մի մարդու։ Նրա մոտ դրված Խաչատրյանի նոտաների հատորներից մեկն էի թերթում ու այնտեղ գտա այս «Սոնատ»-ը, հետո եկա ու սկսեցի այն փնտրել համացանցում։ Կարող եմ ասել, որ գրեթե ոչ մի ձայնագրություն չեմ գտել, միայն Spotify-֊ում եմ մեկ ձայնագրություն գտել։ Ինձ համար շատ հետաքրքիր էր, թե ինչու այն չի կատարվում, ինչու է մոռացության մատնվել։ Ես այս նոտաները ներկայացրի իմ շատ լավ գործընկեր, ջութակահար Ադամ Գրյուշոյին, և նա շատ հետաքրքրվեց։ Մենք որոշեցինք, որ սա ալբոմի մեջ կընդգրկվի։ Կարծում եմ՝ այս «Սոնատ»-ը ֆանտաստիկ ստեղծագործություն է, Խաչատրյանի ամենահետաքրքիր կամերային ստեղծագործություններից մեկն է և շատ անարդացիորեն մոռացության է մատնված։
Երկրորդ ալբոմն ինձ համար անչափ մեծ նշանակություն ունեցող «Շորոր» ալբոմն է, որում ընդգրկված են Կոմիտասի ստեղծագործությունները։ Ալբոմը ներառում է Կոմիտասի «Յոթ պար» և «Մշո շորոր» դաշնամուրի համար գրված ստեղծագործությունները։ Այն ներառում է նաև Կոմիտասի գրած մոտ 11 ժողովրդական երգ, որոնք ես այս ալբոմում ներկայացրել եմ՝ մեկնաբանելով վոկալի փոխարեն դուդուկով և դաշնամուրով կամ բլուլով և դաշնամուրով։ Ալբոմի ստեղծման ընթացքում համագործակցել եմ Վիգեն Բալասանյանի հետ, ով նվագում է տարբեր հայկական ժողովրդական գործիքներ։ Այս ալբոմում ես ներկայացնում եմ ժողովրդական երգերը կոմիտասյան սկզբնաղբյուրի հիման վրա ՝ առանց որևէ փոփոխության կամ մշակման։
Պետք է հավելեմ նաև, թե ինձ համար ինչ մեծ նշանակություն ուներ հանդիպումը Վիլլի Սարգսյանի հետ։ Ալբոմի 11 երգերից ութը դուդուկի և բլուլի հետ նվագելիս դաշնամուրային նվագամասում ես օգտվել եմ նրա փոխադրումներից։ Նա ունի Կոմիտասի երգերի երկու հատորանոց փոխադրումներ՝ վերջերս հրատարակված։ Իմ երևանյան երկու այցերի ընթացքում մենք միասին քննարկել ենք իմ գաղափարները, նա մեծ էնտուզիազմով արձագանքեց իմ գաղափարներին՝ հատկապես իմանալով, որ Կոմիտասի երգերի իր փոխադրումները ևս ներառված են իմ ուսումնասիրությունների և մեկնաբանությունների մեջ։ Հավելեմ նաև, որ «Շորոր» ալբոմի շապիկին արված նկարի համար ես հատուկ թույլտվություն եմ ստացել Յուսի Բիյորնից, ով նորվեգացի Բոդիլ Կատարինա Բիյորնի թոռն է։ Վերջինս եղել է միսիոներուհի, մեծ հայասեր։ Նա իր ֆոտոշարքերում և օրագրերում վավերագրություն է արել Հայոց ցեղասպանության մասին, օգնել ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայ կանանց և մանուկների։ Բյորնը ունի նկարներ՝ արված Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներից։ Ու ես նրա լուսանկարներում գտա հետաքրքիր նկարներ Մուշից, Մշո սուրբ Կարապետ վանքից, որը շատ մեծ կապ ունի Կոմիտասի «Մշո շորոր» ստեղծագործության հետ, քանի որ երաժշտության հնագույն պարեղանակները Կոմիտասը գրի է առել հենց Մշո սուրբ Կարապետ վանքի տոնախմբությունների ընթացքում։
Ի՞նչ նպատակներ ունեք առաջիկայում։ Հնարավո՞ր է՝ մի օր վերադառնաք Հայաստան ու հաստատվեք այստեղ։
Սա ամենափխրուն հարցն է, քանի որ 2020-ի ամբողջ առաջին կեսը գլխիվայր շրջված է։ Մարտից այս կողմ ամեն ինչ տեղափոխված է օնլայն հարթակում, նույնիսկ իմ դոկտորական ատենախոսության պաշտպանությունը արվել է օնլյան։ Մտքովս անգամ չէր կարող անցնել, որ հինգ տարի արածս աշխատանքը օնլայն եմ պաշտպանելու, հարցերին էլ պատասխանելու եմ՝ էկրանին նայելով։ Այնքան հարաբերական է իրավիճակը, որ ինձ համար շատ բարդ է խոսել հետագա ծրագրերիս մասին։ Ամեն դեպքում 2020-ի երկրորդ կեսին ծրագրել եմ տարբեր համերգներ, որոնք հուսով եմ չեն չեղարկվի։ Դրանցից են Նորվեգիայի տարբեր քաղաքներում կայանալիք մենահամերգները՝ Բերգենում, Արենդալում, Մանդալում, Քրիստիանսանդում, հուսով եմ նաև Օսլոյում։ Ինչ վերաբերում է արտասահմանյան համերգներին, ցավոք շատ անորոշ է իրավիճակը, որովհետև համաճարակի օրերին ճամփորդելը շատ ռիսկային է։
Արդեն վաղուց է ինչ ծրագրել եմ Երևանում համերգներ, ցավոք տարբեր պատճառներով հետաձգվել է։ Հուսով եմ 2021-ի ընթացքում երևանյան համերգս տեղի կունենա, ինչին ես մեծ սիրով եմ սպասում։ Իսկ ինչ վերաբերվում է վերադառնալ և Հայաստանում հաստատվելուն՝ շատ դժվար է ինձ կանխատեսել թե ժամանակն ինչ անակնկալներ կարող է մատուցել կյանքում։
Հարցազրույցը՝ Անի Մարտիրոսյանի
- Created on .
- Hits: 2609