Արվեստն ավելի հասանելի. Մեկնարկել է «Օպուս» փառատոնի 5-րդ համերգաշրջանը

 

«Օպուս» միջազգային փառատոնը,  որ «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ է իրականացվում, օգոստոսի 10-ից արդեն հինգերորդ անգամ համախմբել է երաժշտասեր հասարակությանը: Հենց այս առիթով մենք զրուցել ենք «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի արտ-տնօրեն, կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի հետ և մանրամասներ իմացել:

 

Փառատոնի 5-րդ համերգաշրջանն է, իսկ անցած ճանապարհի քարտեզը բավականին մեծ է: Անցած ուղու կարևոր շեշտադրումների, հաջողությունների մասին խոսենք:

Այո, «Օպուս» փառատոնի մեկնարկը տրվել է դեռ 2014 թվականին: Առաջին երկու համերգաշրջանները տեղի են ունեցել Մոսկվայում, այնուհետև՝ Երևանում ու Փարիզում: Փառատոնը շրջիկ բնույթ ունի, և հենց դա է փառատոնի առանձնահատկություններից մեկը: Մենք փորձում ենք երաժշտական փառատոնը  ամեն տարի համալրել արվեստի այլ ճյուղերին նվիրված միջոցառումներով: Նպատակը ոչ միայն տարբեր արվեստագետների միջև կապ ստեղծելն է, այլև տարբեր նախապատվություններով հանդիսատեսին մեկ վայրում համախմբելը: Մինչ օրս բավական հաջող արդյունքներ են գրանցվել և մենք շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատել:

op3

Կենդանի կատարումներին, շփումներին փոխարինելու է օնլայնը` ելնելով ներկա իրավիճակից: Մի քիչ տեխնիկական գործընթացներին անդրադառնանք: Ինչպե՞ս է իրականացվում: Ի՞նչ նոր լուծումներ եք առաջարկել:

Հաշվի առնելով այն, որ փառատոնն առաջին անգամ է առցանց ընթանում, բնականաբար բոլոր լուծումներն արդեն իսկ նոր են: Ի սկզբանե մենք մշակել ենք որոշակի կոնցեպտ, որի շուրջ կազմակերպվել են միջոցառումները: Փորձել ենք ուղիղ համերգային հեռարձակումների ֆորմատին մի փոքր այլընտրանք գտնել: Համերգային տեսագրություններն արված են այնպես, որ հանդիսատեսը հնարավորինս մոտ զգա իրեն միջոցառման տրամադրությանը, մտահղացմանը, երաժիշտներին: Կենդանի համերգների այցելությունը զուտ միայն ունկնդրում չէ, համերգասրահ այցելելն արդեն մշակութային արարողակարգ է ենթադրում: Սակայն այս զգացողությունները հեշտ չէ հանդիսատեսին փոխանցել, երբ նա պարզապես նստած է իր հեռուստացույցի կամ համակարգչի դիմաց և դիտում է երաժիշտների կատարումները:

«Օպուս» փառատոնի գրեթե բոլոր սեզոններն ունենում են տարբեր ենթախորագրեր, որոշակի թեմատիկա, և մենք ցանկացանք, որ այդ սկզբունքը առնցանց տարբերակի դեպքում նույնպես առկա լինի: Սա է պատճառը, որ մեր գրեթե բոլոր հեռարձակումները պարունակում են տեսանյութեր, որոնք տարբեր թեմաներ են ներկայացվում և ինչ-որ իմաստով փորձում ենք հանդիսատեսի հետ ինտերակտիվ կապ ստեղծել: Օրինակ, փառատոնի շրջանակում հատուկ ստեղծագործություն է պատվիրվել քանդակագործ Մանվել Մաթևոսյանին, և որպեսզի նրա ստեղծագործությունը ոչ միայն լավագույնս ներկայացվի, այլև հանդիսատեսը հնարավորություն ունենա ավելի լավ ճանաչել մեր առաջադեմ քանդակագործներից մեկին, որոշվեց, որ ամենը կներկայացվի փոքրիկ ֆիլմի տեսքով, ինչն էլ հրաշալիորեն իրագործեց ռեժիսոր Գուրգեն Ջանիբեկյանը: «Օպուս» 5-ի հյուրերից է ավստրիացի արվեստագետ Վոլֆգանգ Ալեքսանդր Թիլերը: Նրա ոճի առանձնահատկությունն այն է, որ վերջինս իր գործերը ստեղծում է կոնկրետ լանդշաֆթներից ոգեշնչվելով և միջավայրն օգտագործելով: Եվ այս անգամ նա, ազատ լինելով տարածքի ընտրության հարցում, ստեղծել է մի նոր վիդեո ինստալացիա: Տեսանյութը նկարահանված է Գերմանիայի Ռյոսրաթ բնակավայրի մի առանձնատանը, որն այսօր այլևս գոյություն չունի: Իմանալով այն մասին, որ տունը շուտով քանդվելու է, նա այնտեղ նկարահանում է տեսանյութ փերֆորմանսը՝ փորձելով լուսավոր հրաժեշտ տալ ոչնչացմանը սպասող պատերին: Առհասարակ քանդակը, կարծես, «Օպուս» 5-ի գլխավոր մոտիվը լինի: Մենք հատուկ ֆիլմ ենք նկարահանել քանդակագործ Բենիկ Պետրոսյանի՝ Դիլիջանի կոմպոզիտորների հանգստյան տանը ստեղծված աշխատանքների մասին, որոնք, սակայն, հանրության մեջ լայն ճանաչում չունեն: Միջոցառումներն այնքան բազմաբովանդակ են, որ շատ դժվար է մեկ հարցազրույցի շրջանակներում ամենը ներկայացնել:

OP1

Օնլայն գործընթացների մասին խոսելիս չենք կարող շրջանցել առավելությունների և թերությունների հարցը: Ի՞նչ դրական և ի՞նչ բացասական կողմեր ունի համավարակը հենց այս փառատոնի համար:

Ինչպես արդեն նշեցի, կենդանի միջոցառումների այցելությունն ինքնին արդեն արարողակարգ է, ինչը հնարավոր չէ եթերով փոխանցել: Համերգասրահում, ցուցասրահում, թատրոնում, կինոյում արվեստագետ-արվեստասեր հարաբերություններն այլ կերպ են կանոնակարգվում: Սակայն առցանց հարթակն էլ իր առավելություններն ունի, մասնավորապես այն, որ սահմանները վերանում են: Միջոցառումները հասանելի են ոչ միայն կոնկրետ մեկ բնակավայրի արվեստասեր հանրությանը, այլև մեծ հաշվով ամբողջ աշխարհին: Սրան նաև ավելանում է այն, որ որոշ արվեստագետներ, որոնք տեխնիկական պատճառներով չէին կարող նույն փառատոնի շրջանակում նույն վայրում գտնվել, հիմա յուրաքանչյուրն իր քաղաքից կարող է մասնակցություն ունենալ: «Օպուս» 5-ի շրջանակում մենք տեսագրություններ կունենանք Երևանից, Դիլիջանից, Մոսկվայից, Ռյոսրաթից, Քյոլնից և Մյունխենից:

«Օպուս» միջազգային փառատոնը ավելի հակված է ինտերդիսցիպլինար գործելաոճին:  Վերջինս, ոչ միայն կատարողների և կոմպոզիտորների արվեստը ներկայացնելուն է միտված, այլև հաճախ ներառում է դասախոսությունների շարքեր, սեմինարներ: Այս տարի ի՞նչ թեմաներ են ներառված, ովքե՞ր են հանդես գալու փառատոնի շրջանակում:

Շատ ճիշտ եք նկատել: Նախորդ փառատոների ընթացքում մենք բազմիցս ունեցել ենք սեմինարներ, դասախոսություններ, քննարկումներ, հանդիպումներ և այլն: Այս տարին նույնպես բացառություն չէ: Այս անգամ դիրիժոր Նվարդ Անդրեասյանը հանդես կգա դասախոսությամբ, որի ընթացքում դաշնակահարուհի Հասմիկ Անտոնյանի հետ կվերլուծեն 20-րդ դարի ամենաականավոր ու նորարար կոմպոզիտորներից մեկի՝ Կառլհայնց Շտոքհաուզենի «Klavierstück IX»-ը: Այս առումով փառատոնը նաև կրթական տարրեր է ներառում, ինչը շատ կարևոր է: Արվեստի գործերը շատ հաճախ մեկնության կարիք ունեն: Բոլոր նրանք, ովքեր արվեստի մասնագիտական կրթություն չունեն, սակայն հետաքրքրվում են արվեստով, պետք է հնարավորություն ունենան արվեստի երկերի գաղտնաբառերի բացահայտման բանալիներ ունենալ, մասնավորապես, մոդեռն արվեստի պարագայում: Մեր փառատոների ընթացքում փորձում ենք նման հնարավորություն ստեղծել: Պետք է խոստովանեմ, որ արդյունքները շատ ոգևորիչ են: Այս տարվա փառատոնի շրջանակում ունենք նաև հարցազրույց Գերմանիայի նշանակալի երաժշտական կենտրոններից մեկի՝ Riverside Studios Cologne-ի տնօրեն, պրոդյուսեր և հնչյունային ռեժիսոր Ռալֆ Քեմփերի հետ: Նա Գրեմիի մրցանակակիր է (Արթուրո Սանդովալի «A time for love» ալբոմի ձայնագրության աշխատանքների համար), աշխատել է այնպիսի հանրահայտ երաժիշտների հետ, ինչպիսիք են Քուինսի Ջոնսը, Պետեր Էրսքայնը, Ադամ Լևայնը, Բոբ Մինցերը, Տիգրան Համասյանը և այլոք: Երկար տարիներ աշխատել է աշխարհահռչակ լոնդոնյան Abbey Road ստուդիայում: Հարցազրույցի ընթացքում նա պատմում է այս նշանակալի հանդիպումների, ձայնագրման արվեստի, թվային և անալոգ ձայնային տեխնիկաների առանձնահատկությունների, ինչպես նաև Riverside ստուդիայի համերգային գործունեության մասին:

Ո՞ր չափորոշիչներն են հիմք հանդիսացել համերգային ծրագրերի համար: Ո՞վքեր են ելույթ ունենալու:

Այս տարի պատիվ ունենք մեր փառատոնում հյուրընկալել Մյունխենի կամերային նվագախմբին: Նրանց մասնակցությունը մեր փառատոնին նշանակալի է ոչ միայն այն պատճառով, որ այն աշխարհի լավագույն նվագախմբերից մեկն է, այլ նաև, որ ծրագրում կատարվելու է Լյուդվիգ վան Բեթհովենի 3-րդ՝ «Հերոսական» սիմֆոնիան: Ինչպես գիտենք, այս տարի աշխարհը նշում է Բեթհովենի ծննդյան 250-ամյա հոբելյանը: Բեթհովենյան թեմատիկան կարմիր թելով շարունակվում է այլ միջոցառումներում նույնպես: Մասնավորապես, Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը ներառում է Բեթհովենի «Օպուս 95» լարային կվարտետը: Հեռարձակման շրջանակում փոքրիկ ֆիլմով անդրադարձ է կատարվում Դիլիջանի կոմպոզիտորների տան` Բեթհովենի անունը կրող համերգասրահի պատմությանը: Բեթհովենի թեմատիկային առնչություն ունեն նաև վերոհիշյալ արվեստագետների` Մանվել Մաթևոսյանի և Վոլֆգանգ Ալեքսանդեր Թիլերի աշխատանքները: Վերջինիս վիդեոինստալացիան կոչվում է «Մի հրեշտակի հիշատակին»: Այս գործը ևս կապ ունի Բեթհովենի հոբելյանի հետ, քանի որ ստեղծվել է Բոնն քաղաքի Բեթհովենի անվան սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության արդյունքում: Հատուկ մեր փառատոնի համար ստեղծվում է ինստալացիայի ընդլայնված տարբերակը: Գործը ներշնչված է Ալբան Բերգի ջութակի կոնցերտից, որը կրում է համանուն խորագիրը: Մանվել Մաթևոսյանի քանդակն էլ երաժշտության ստեղծման գաղտնիքի մասին մտորում է՝ տպավորված Բեթհովենի գործերից, թե ինչպես կարելի է ստեղծել տիեզերական աշխարհ՝ ունենալով քիչ ու պարզ թվացող միջոցներ, այն է՝ միայն նոտաներ:

Այսպիսով, խորացվում է կապը երաժշտության ու կերպարվեստի միջև: Ուրախ ենք նաև, որ փառատոնի շրջանակնում հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Մենդելսոնի օկտետի կատարմամբ: Կամերային երաժշտության շրջանակներում ունենք հեռարձակում Մյունխենից, որտեղ հանդես են գալիս  հրաշալի երաժիշտներ բեռլինաբնակ թավջութակահար Միքայել Հախնազարյանն ու մյունխենաբնակ դաշնակահար Մամիկոն Նահապետովը: Ծրագրում են Դեբյուսիի, Շումանի և Բախի երկերը: Համերգային կատարմանը կից կրկին կցուցադրվի մի տեսաֆիլմ, որում երաժիշտները խոսում են կատարվող ստեղծագործությունների մասին: Արտերկրյա մեր հյուրերից են կոմպոզիտոր Դմիտրի Մազուրովը և ժամանակակից երաժշտության GAM անսամբլը, ովքեր կներկայացնեն Մազուրովի ստեղծագործությունները, այդ թվում համաշխարհային պրեմիերա, որոնք ներառում են գործիքային, էլեկտրոնային երաժշտություն, ինչպես նաև վիդեոարվեստ: «Օպուս» 5-ի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ փառատոնի վերջում կհնչի ջազ երաժշտություն՝ «Jazz weekend» ձևաչափով: Ելույթ կունենա Yottagon խումբը Քյոլնից, մեր փառատոնի շրջանակներում տեղի կունենա խմբի ալբոմի շնորհանդեսը: Ինչպես նաև Riverside Studios Cologne ստուդիայի հետ համագործակցությամբ կցուցադրվի  ֆրանսիական  Grégory Privat ջազ տրիոյի համերգը:

op2

Կատարողների մասին ամեն բան կարծես իմացանք, իսկ հանիսատեսը՞: Այսօրվա հանդիսատեսը ի՞նչ պահանջ է դնում երաժշտի առաջ և արդյոք նո՞ւյնն է այդ պահանջը Հայաստանում և Հայաստանից դուրս:

Շատ դժվար է նման ընդհանրական գնահատականներ տալ տարբեր վայրերի հանդիսատեսների տարբերության մասին: Անգամ նույն քաղաքի տարբեր միջոցառումների այցելուները կարող են իրարից շատ տարբեր լինել: Հանդիսատեսի պահանջները հասարակական կյանքի մի շարք հանգամանքներից են կախված, և երկու փուլ ունեն: Առաջնային փուլում հասարակության պահանջները կարող են շատ անորակ լինել, մարդիկ գնում են հեշտ, դյուրին ու մարսելի նյութի հետևից, և դա տրամաբանական է: Այստեղից էլ փոփ աշխարհի անճաշակ ու անորակ աղբի մասսայական այդչափ մեծ տարածումը: Սա կրթության հարց է, որով պետք է զբաղվեն թե՛ պետությունների կառավարությունները և թե՛ անհատները: Մարդիկ պետք է սովորեն վաղ հասակից բարձրորակ և պրոֆեսիոնալ արվեստի հետ առնչվել, ծանոթանալ, թողնեն, որ իրենց հոգիները մերձենան այդ աշխարհին: Այսպիսով կձևավորվի մի հասարակություն, որը հետաքրքրված է իրական արվեստով: Այսօրվա կապիտալիստական աշխարհի լեզվով ասած՝ կստեղծվի շուկա, որը պատրաստ կլինի «սպառել» արվեստը: Եվ երբ բարձրաճաշակ արվեստի սպառողները մեծ քանակ են կազմում, գալիս է երկրորդ փուլը, երբ նրանք, որպես «սպառողներ» արվեստագետների առջև նորի, որակյալի, արժեքավորի պահանջ կդնեն: Այսպես էլ ստեղծվում է առողջ մրցակցություն և բոլոր արվեստագետները, համույթները, կազմակերպությունները կձգտեն կատարելագործման և առավել որակյալ նյութ ներկայացնելուն:

Բնականաբար, ժամանակաշրջանին համահունչ տարատեսակ նոր տեխնիկական հնարներ են ի հայտ գալիս, որոնք արվեստի նյութը մատուցելն առավել դյուրին են դարձնում: Բայց մեծ հաշվով արվեստի իրական արժեքները, որպես կանոն, պատմության ընթացքում հարթում են իրենց ճանապարհը դեպի մարդը և արվեստի գլուխգործոցները շարունակում են հասանելի մնալ մեր հոգիներին: Եվ դա հրաշալի է:

 

Հարցազրույցը՝ Մերի Հովհաննիսյանի

 

  • Created on .
  • Hits: 1880

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: