Քանդեք ձեզ և ինքնակառուցվեք նորից․ Գևորգ Կաաս

Երբ սկսվեց համաճարակը, ու բոլորն անհանգստանում էին տնտեսության հնարավոր անկման սարսափից, մշակույթը գնում էր ոտքի տակ։ Հետո սկսվեց պատերազմը։ Եվ մշակույթը դարձյալ գնաց ոտքի տակ։ Այդ օրերին լույս տեսավ Գևորգ Կաասի բանաստեղծությունների «շունչ արտաշունչ» ժողովածուն, և պետք է այնպես անենք, որ հակամշակութային լրահոսում չգնա ոտքի տակ։ «շունչ արտաշունչ»-ը հորիզոնական և խորությամբ ձգվող տարածությունների համայնապատկեր է, որտեղ ընդգծվում է Կաասի բանաստեղծական վարպետությունը՝  բազմության,  շարժման և կանգի հակադրության մեջ ընդհանուր պլանով ցույց տալ մարդու մեծագույն ողբերգությունը՝ մենակությունը։

 

Պատերազմներից հետո գալիս են «կորած սերնդի» ժամանակները։ Առհասարակ՝ արհավիրքներից հետո։ Ցանկացած արհավիրքից։ Արցախյան պատերզմից հետոյի քո սերունդը, որ ապրելու անհնարինության բեռի տակ է, ունի՞ փրկօղակ քո բանաստեղծություններում։ Գրքում առանձին շարք ես նվիրել այս թեմային։

Դժվար հարց է, Արմեն` սովորական ու թեթև պատասխան տալու համար։
Մեր սերունդը՝ որպես հավաքականություն, այստեղ է ու չգտի՝ ինչ անել իր ներկայության հետ։ Օնլայն, վիրտուալ, անիմաստ ապրելով կյանքը էս փոքր հողակտորի վրա, որը անընդհատ արնահոսում է երիտասարդ ու թարմ արյամբ․․․ Մեծ դատարկության մեջ ենք։ Մեր մեջ էլ է մեծ դատարկություն, անչափելի, ու չենք հասկանում, չենք էլ ուզում երևի մտածել, թե մե՞նք ենք այդ մեծ, չլցվող դատարկության մեջ, թե՞ մեծ դատարկությունն է մեր մեջ։

Շատ եմ գնում-գալիս երկար ճանապարհներ մեքենայով․․․ Ճանապարհներին միշտ մտածում եմ․ մի միտք է գալիս, որ չեմ ուզում տեղ հասնել կամ հասնել վերջնակետին, այլ մնալ ճանապարհին, որ այն չավարտվի, միայն գնալ, գնալ ու գնալ․․․ Իմ գիրքը ևս ճանապարհ է, որով անպայմանորեն պետք է գնալ-գնալ ու էլի գնալ․․․

Ընդհանրապես չկա պատերազմի և հետպատերազմական ողբերգության զգացողություն․ ինչքան նկատում եմ, բոլորը ապրում են իրենց կյանքով, բոլորը իրենց անդրոիդների, գաջեթների, սրճարանների ու կայֆերի մեջ են, ու չեմ կարող ասել՝ դա նորմա՞լ է, լա՞վ է, թե՞ վատ․․․ Ես սպասում էի համատարած դեպրեսիայի ու հոգևոր ճգնաժամի հասարակության լայն շերտերի մեջ, սպասում էի, որ ամեն ինչի մեծ վերաարժևորում տեղի կունենա՝ արվեստագետների, հասարակության մտածող մասի մեջ, բայց բոլորը թքած ունեն․․․ Իրականում այդ ամենը վավերացված է իմ բանաստեղծությունների ժողովածուում․․․ Սերունդը փրկվելու կարիք ունի՞, եսի՞մ։ Ամեն դեպքում, շատ սեքսի սերունդ ունենք։

Մարդու հիմնարար իրավունքների, ազատությունների համար մշտապես կռիվ ես տվել։ Ու այդ կռիվը քո կենսակերպի մի մասն է, նաև՝ գրականության։ Այդ կռիվը բերում է մենակությա՞ն, թե՞ ազատում է մենակությունից։ Հենրի Միլլերն ասում էր, որ գրող դարձավ, որովհետև չէր ուզում, որ մարդիկ իրենց միայնակ զգան։ Քո պարագայում ո՞րն է դրդապատճառը։

Ժամանակի ընթացքում շատ բաներ վերաարժևորվել են, վերաձևակերպվել են ու վերաիմաստավորվել իմ մեջ, բայց մի բան մնացել է նույնը՝ ես չեմ կորցնում ինքս ինձ ու այն արժեքները, որոնց դավանում եմ, որոնք տարածում ու պրոպագանդում եմ իմ ամենօրյա գործունեության և աշխատանքի ընթացքում։ Այս ճիշտ դիտարկում էր, Արմեն․ ազատության և արդարության համար պայքարը ոչ միայն բերում է դեպրեսիվության, անարդարության դեմ անկարողության տհաճ զգացողության, այլև մենակության բոլորի մեջ։ Ժամանակի ընթացքում միայնակ պայքարելու և անընդհատ աշխատելու արդյունքում հիմա հպարտորեն ասում եմ, որ մենակ չեմ իմ պայքարում, այլ հարյուրավորներ են ինձ հետ։ Բայց մենակ եմ բոլորի մեջ, բոլորի հետ։ Ասեմ, որ սովորել եմ իմ մենակությանը։ Ասեմ ավելին՝ առանց մենակության այլևս չեմ պատկերացնում իմ կյանքը՝ ինքս ինձ։ Եսի՞մ, դրամատիկ, սիրուն բան է էս ամենը։ Իմ պարագայում ասեմ․ ես եկել եմ, որ մարդկանց օգնեմ զգալ։

gevorg kaas girq

Բիթ սերնդի առաջնորդ Քերուեքը, որի «կենացը խմում ես» քո բանաստեղծություններից մեկում, «Ճանապարհին»-ում ասում է․ «Մենք Ամերիկայի տանիքին էինք և միայն բղավել էինք կարող»։ Անկարողությունից հարուցվող ներքին զայրույթը, մարդկանց անհանդուրժողականությունն ու դրանից ծնվող ցասումը քեզ ստիպեցին լծվել հասարակական, իրավական կարևոր աշխատանքի։ Ո՞ւր է ի վերջո տանում այդ աշխատանքը։

Այո, Քերուեքի, Գինսբերգի ու մնացածի կենացը բիթերից կարելի է խմել բոլոր բանաստեղծություններում բոլոր ժամանակների․․․ Իմ աշխատանքը ես եմ։ Այն, ինչ ստեղծել եմ Գյումրիի և Հայաստանի համար, իմ մտքերն են իմպլեմենտացված, մարմնավորված, և կարծում եմ, որ այն, ինչ անում եմ ես, արվեստ է՝ երկար ձգվող փերֆորմանս՝ արվեստագետի ու մի ամբողջ հասարակության մասնակցությամբ, հուժկու պայքար ազատության և ինդիվիդուալիզմի համար  ռեպրեսիվ ժանգոտված մեքենայի դեմ։ Իմ աշխատանքին որպես աշխատանք չեմ վերաբերվում և չեմ վերաբերվել երբեք։ Իմ աշխատանքը ինձ համար առաքելություն է, որը ինձ է վիճակվել։ Չգիտեմ՝ ուր է տանում այս ամենը, բայց անընդհատ մի տեղում չեմ մնում, ամեն պահի կա մեծ առաջընթաց ակամա կամ ոչ։ Կարծում եմ՝ մոտ ապագայում կտեսնենք։

Օրերս տեսա, որ քո սիրելի դերասաններից մեկը՝ Վայոլա Դևիսը, որ ամբողջ կյանքում պայքարել է ռասսայական խտրականության դեմ, «Մա Ռեյնիի Բլեք Բաթըմը» ֆիլմում Գերտրուդ Պրիդջեթի դերը փայլուն կատարելու համար ներկայացվել է «Օսկար»-ի: «Ցանկապատեր» ֆիլմում, որի համար և Վայոլան «Օսկար» ստացավ, մի միտք կա․ «Մարդկանց մի մասը ցանկապատեր է կառուցում՝ մարդկանց դրսում թողնելու, մյուս մասը՝ ներսում պահելու համար»։ Ի՞նչ ճշմարտություն կա այստեղ։ «Որտեղ էլ լինենք, դռան հակառա՞կ կողմում ենք»։

Քանի հնարավորություն կա բոլորին ուզում եմ խորհուրդ տալ «How to Get Away with Murder» («Ինչպես փախչել սպանությունից») սերիալը, որտեղ ևս Վայոլան գլխավոր դերակատարն է ընտիր դերասանական կազմի հետ՝ փայլուն սյուժեով և ժամանակակից իրականության նուրբ, սիրուն մատուցմամբ։

Շատ հետաքրքիր հարց է։ Բայց կարող եմ ասել մի բան․ ես ցանկապատեր քանդող և դռներ ջարդող եմ։ Իմ առջև չեն կարող լինել ցանկապատեր և փակ դռներ։ Ինչքան զգացել եմ, այդ ցանկապատերը և փակ դռները մարդկանց մեջ ավելի շատ են, քան կյանքում։ Բոլորին առաջարկում եմ տալ-քանդել բոլոր փակ տարածություններն իրենց ներսի, որ դրսում իրենց ազատ զգան ու անկաշկանդ․․․ Ազատ շնչեն ու արտաշնչեն՝ վայելելով արագընթաց և հարափոփոխ ժամանակակից կյանքի սակավաթիվ բերկրանքները․․․ Քանդե՛ք ձեզ և ինքնակառուցվե՛ք նորից։

Բանաստեղծություններիդ «շունչ արտաշունչ» ժողովածուն իսկապես հաջողված է։ Հավանաբար նաև այն պատճառով, որ առաջին գիրքդ հրատարակելու հարցում չշտապեցիր, ինչպես սովորաբար լինում է։ Եվ գրքում տեղ գտան միայն «մաղված» ու արժանի գործեր։ Գիրքը սկսվում է «Սիրով» և ավարտվում «Հեղափոխությամբ»։ Ի՞նչն է կապում  թվարկված և մյուս՝ «Սերունդ», «Կյանք», «Քաղաք» շարքերը։ Ի վերջո, ո՞ւր է թռչում շապիկի մեջքին դաջված «ռազմական ինքնաթիռը»։

Շնորհակալ եմ բարձր գնահատականի և ցուցաբերածդ անձնական օգնության ու ընկերության համար այս ընթացքում, Արմեն ջան։ Անհամեստորեն ասեմ, որ գիքրը իսկապես հաջողված է․ կարելի է ասել՝ նորարարություն է հայաստանյան ժամանակակից գրականության, պոեզիայի ասպարեզում։ Կարծում եմ, շարքերի հաջորդականությունը նման է մեր կյանքի ընթացքին էսօրվա, նախորդ օրվա և առաջիկա օրերի։ Իրականում ստացվել է այն, ինչ ստացվել է։ Գիրքն իր շարքերով համասեռ ստեղծագործություն, երկար բանաստեղծություն է, որում ամեն հաջորդ էջը լրացնում ու ամբողջացնում է մյուսին։ Շապիկի հակառակ կողմում պատկերված ռազմական ինքնաթիռը բանաստեղծություն է։ Այն նվիրված է պատերազմում զոհված երիտասարդ տղաներին և աղջիկներին, որոնք էս կյանքը չհասցրին ճաշակել․․․ Շատ ծանր թեմա է ինձ համար․․․

Գրքում քաղաքը՝ Գյումրին, որ անուն չունի, որին այդպես էլ անուն չես տալիս, շատ նման է Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա»-ին։ Գյումրին քաղաք է, որտեղ, թվում է, «մեզնից գողացել են մեր ապագան», որտեղ անձրևի ու ցեխի հեղեղներ են, ինչպես անմխիթար Մեխիկոյում 1971-ին։ Ի՞նչ կասես այս նմանության մասին։ Քո «քաղաքը», որ հիպերռեալիստական իրականության հղում ունի, տարածք է, որը լքում են, և տարածք, որտեղ «տղամարդկանց անընդհատ ասում են, որ պետք է ուժեղ լինեն»։ Հոգնեցնո՞ղ վիճակ է։ Սպասում ու սպասում ես։ Կփոխվի՞ ինչ-որ բան։

Հիանալի համեմատություն էր, շնորհակալ եմ հարցի համար։ Իրականում Գյումրին, Վանաձորը, Երևանը, Իջևանը, Աբովյանը և այս երկրի այլ քաղաքները ես չեմ տարանջատում միմյանցից։ Գրքիս քաղաքը, որն անուն չունի, ամբողջ Հայաստանն է՝ իր վարք ու բարքերով։ Ամենուր նույնն  է։ Տաղտկալի ու ձանձրալի միանմանություն, անբովանդակություն, աններդաշնակություն, անհաշտություն և դատարկություն սարերի ու ձորերի մեջ։ Տխուր երկիր-քաղաք։ Չեմ սպասում ոչ մի փոփոխության, որովհետև ես եմ փոփոխությունը, ու մեզնից յուրաքանչյուրը՝ պատրաստ այդ առաքելությանը։ 

 

Զրուցեց Արմեն Սարգսյանը

  • Created on .
  • Hits: 1775

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: