«Պիտի հաշտ լինես թարգմանվող երկի հետ»․ Ռուզաննա Պետրոսյան
Զրուցել ենք «Այնքան սպիտակ սիրտը», «Սիրահարություններ», «Թունելը», «Մառախուղը» և այլ ստեղծագործությունները իսպաներենից հայերեն թարգմանած Ռուզաննա Պետրոսյանի հետ։
Ինչպե՞ս դարձաք թարգմանիչ։
- Թարգմանիչ դառնալը երևի կոչում էր, կանչի պես մի բան, որովհետև, ավարտելով ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի իսպաներեն լեզու և գրականություն բաժինը, ես ամենևին չէի երազում գրավոր/բանավոր թարգմանիչ դառնալու մասին, նախ որովհետև թարգմանչական բաժնում չէի սովորում, երկրորդ` երազում էի դասախոսի մասնագիտության մասին: Հիմա արդեն գիտեմ, որ թարգմանիչ դառնալը կամ կարողանալ թարգմանելը կյանքիս մեծագույն նվերն էր, կյանքում իրականացնելիք իմ առաքելություններից լավագույնը:
Եթե չեմ սխալվում, ավելի քան 7 տարվա ընթացքում թարգմանել եք համաշխարհային գրականության այնպիսի երևելիների, ինչպիսիք են Ունամունոն, Մարկեսը, Սաբատոն, Մարիասը, դո՞ւք եք ընտրում թարգմանվելիք հեղինակին և նրա ստեղծագործությունը, թե՞ երկն է ձեզ «ստիպում» իրեն թարգմանել։
- Իրավացի եք, արդեն յոթ կամ ութ տարի թարգմանում եմ իսպանալեզու գրականության ոչ միայն այնպիսի երևելի գրողների, ինչպիսիք Ունամունոն, Մարկեսը, Սաբատոն և Մարիասն են, այլև մի շարք պոետների` Լորկա, Սալինաս, Խիմենես, Ներուդա, Վալյեխո և այլք, որոնց բանաստեղծությունների թարգմանությունները մոտ ապագայում լույս կընծայվեն պոեզիայի անթոլոգիայի տեսքով: Ինչ վերաբերում է այս կամ այն հեղինակին կամ երկը ընտրելուն, ապա պետք է ուրախությամբ նշեմ, որ առավել հաճախ գրքերն իրենք են ինձ «գտնում» և զարմանալիորեն շատ նման են ինձ: Ես չեմ կարող կռիվ տալ թարգմանվող տեքստի հետ, որովհետև պայքարի քառուղիներում կարելի է մարտնչել լեզվական դժվարությունների, թարգմանական այս կամ այն մեթոդի դեմ, բայց պետք է հաշտ լինես վեպի հետ, զրույցի բռնվես հերոսների հետ, լաց լինես և մխիթարվես, սիրահարվես և հեռանալու արվեստը սովորես, որովհետև թարգմանիչը սոսկ տողացի թարգմանություն չէ, որ փոխանցում է ընթերցողին, այլ հեղինակի նպատակադրումը, հերոսների զգացողություններն ու ապրումները, տրամադրությունը, միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել թարգմանության բնականության մասին, այնուհանդերձ, չմոռանալով ամենակարևորի` բնագրին հավատարիմ մնալու մասին:
Կխնդրեմ՝ մի քանի բառով նկարագրեք թարգմանչական երկար պրոցեսը։ Ի՞նչ ճանապարհ է անցնում գիրքը, որպեսզի բնագրից դառնա հայերեն։
- Եթե մի քանի բառով նկարագրելու լինենք, ապա բնագրից հայերեն դառնալու համար գիրքն անցնում է թարգմանական գուցե ոչ երկար (ես նախընտրում եմ վերջին վրձնահարվածը նախատեսվածից շուտ տալ), բայց և բառիս բուն իմաստով քրտնաջան, մանրազնին, երբեմն էլ տաժանակիր աշխատանք` պայմանավորված տեքստի բարդությամբ: Այնուհանդերձ, իսկական թարգմանիչները, իրենց տողը սիրող և փայփայող թարգմանիչները միայն գիտեն, թե որքա՜ն երանելի և երջանկավետ են արդեն գիրք դարձած թղթերդ գրկելու ակնթարթները, ճիշտ և ճիշտ հղիության օրեցօր դժվարացող ընթացքի, բայց անբացատրելի երջանիկ պահի նման, երբ գրկում են լույս աշխարհ եկած երեխային:
Դժվար է պատկերացնել այնպիսի մի ստեղծագործություն, որը թարգմանելիս թարգմանիչը չբախվի տարբեր դժվարությունների։ Ինչպե՞ս եք հաղթահարում թարգմանչական խութերը։
- Յուրաքանչյուր ստեղծագործության թարգմանություն ունի իր ուրույն դժվարություններն ու խութերը, որոնք կարելի է հարթել ամենատարբեր մեթոդներով` սկսած մասնագիտական (բացատրական) բառարաններից մինչև հեղինակի հետ խորհրդակցություններ, եթե, իհարկե, գործ ունենք արդի տեքստի հետ: Մի քանի ամիս առաջ ավարտեցի իսպանացի ժամանակակից գրող Խավիեր Սիեռայի «Անկյալ հրեշտակը» վեպը, որն իրավամբ իսկական մարտահրավեր էր թարգմանչի համար, և թերևս շատ ավելի դժվար և երկարատև կլիներ թարգմանության ընթացքը, եթե Խավիերի հետ կապը և մեր համատեղ քննարկումները չլինեին: Այսօր թարգմանչի թիվ մեկ օգնականը կարող է լինել համացանցը, որը ողողված է ամեն տեսակի տեղեկատվությամբ և գրականությամբ: Թարգմանիչը, բնականաբար, չի կարող ամեն ինչ իմանալ, երբեմն տեքստում հանդիպում ես նեղ մասնագիտական տերմինների կամ հասկացությունների, որոնց լիարժեք և ճշգրիտ թարգմանության համար հարկ է լինում դիմել մասնագետների: Օրինակ` «Անկյալ հրեշտակը» վեպի աստվածաշնչյան, բուն կրոնական որոշ հատվածների հայերեն տեքստի վերընթերցման խնդրանքով ես դիմել եմ հոգևոր դասի ներկայացուցիչների, որպեսզի թարգմանությունը խնդրահարույց կամ խոցելի բացեր չունենա:
Կարելի է նշել, որ այսօր գրականությունն այնպիսի փուլի է հասել, որ հաճախ հեղինակին զուգահեռ ճանաչում ու սեր են վայելում նաև հենց թարգմանիչները։ Անգամ ձեր թարգմանություններից շատերը բեսթսելլերներ են։ Երբևէ մտածե՞լ եք՝ որն է նման հաջողության գրավականը։
- Շատ հաճելի է լսել, որ հայկական գրահրատարակչական փոքրիկ շուկայում արդեն խոսում ենք բեսթսելլերներ համարվող գրքերի մասին, շատ ուրախ եմ, որովհետև դա նշանակում է, որ գրքերը վաճառվում են, պահանջարկ ունեն, ուրախ եմ նաև հեղինակի, թարգմանված երկի և ինձ համար, կնշանակի` ընթերցողը սիրել է գիրքը: Երբ լույս տեսավ Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը» վեպը, Հայաստանում Մարիասին գրեթե ոչ ոք չէր ճանաչում, իսկ այսօր այդ գիրքը վերահրատարակվել է արդեն երրորդ անգամ և ելնելով ընթերցողների` Մարիասի հանդեպ հիացմունքից և հետաքրքրությունից, մենք ձեռնամուխ եղանք հրատարակելու նրա մյուս վեպը` «Սիրահարությունները» և պատրաստվում ենք թարգմանել ևս մեկը:
Թերևս համակարծիք եք, որ թարգմանիչը շարունակ պիտի բարելավի իր մայրենի լեզուն, պիտի լեզվի ամեն մի նրբություն լավ զգա ու հասկանա, բայց դրան զուգահեռ՝ շատ հաճախ ուղղակի ժամանակը չի ներում, որպեսզի թարգմանիչը կարդա հայերեն՝ ինչպես բնագիր, այնպես էլ թարգմանված ստեղծագործություններ։ Ինչպե՞ս եք լրացնում հայերենը միշտ մարզական վիճակում պահելու խնդիրը։
- Ճշգրիտ և սահուն թարգմանության համար անհրաժեշտ է առնվազն երկու` մայրենի և օտար լեզուների, եթե չասեմ հրաշալի, ապա գոնե լավ իմացություն, որի համար հույժ կարևոր են բազային գիտելիքները, քանի որ մնացած նրբություններն ու լեզվական հոտառությունը կարելի է հղկել և զարգացնել ժամանակի ընթացքում: Իրավացիորեն ճիշտ նկատեցիք, որ երբեմն ժամանակը թարգմանչին «երես չի տալիս», և շատ կարդալու հնարավորություն չես ունենում, ափսոսում եմ, որ չեմ հասցնում ընթերցել մյուս թարգմանիչների թարգմանած գրքերը, բայց, եթե հաշվի առնենք, որ տարեկան թարգմանում եմ ավելի քան 3 կամ 4 հաստափոր գիրք, կարծում եմ` այդ բացթողումը կարելի է և հարգելի համարել: Լեզվական լավ մարզավիճակը պահպանելու համար իմ ուսանողներին նույնպես խորհուրդ եմ տալիս մամուլին հետևել` հատկապես նոր տերմինների և հասկացությունների մասով, տեքստի զգայական պատկերները փոխանցելու համար` շատ պոեզիա կարդալ, առհասարակ` շատ կարդալ:
Գիտենք, որ հայ ընթերցողների համար թարգմանական էտալոն են համարվում ռուսերեն թարգմանված ստեղծագործությունները։ Անգամ, եթե հայերեն վերնագիրը ավելի հոգեհարազատ է բնագրին, շատերը պնդում են, որ ճիշտը ռուսերենն է։ Կա՞ արդյոք այս խնդիրը իսպանալեզու գրականության հայերեն և ռուսերեն կամ որևէ այլ թարգմանված լեզուների միջև, արդյոք կարելի՞ է գտնել մեծ հակասություններ։
- Էտալոն կոչվածին առհասարակ դեմ եմ, որովհետև ցանկացած բան ունի իր լավ և վատ կողմերը, առավել վտանգավոր է, երբ այդ բնորոշումը տրվում է այս կամ այն թարգմանական դպրոցին, որովհետև ռուսները, օրինակ, պոեզիա թարգմանելիս նախապատվությունը տալիս են առավել պոետիկ, բայց երբեմն բնագրից շատ հեռու թարգմանությանը, արձակի դեպքում կիսում-կրճատում են նախադասություններ, բաց են թողնում մեկ, երկու և ավել էջեր, ամբողջական հատվածներ, իսկ ահա իսպանական թարգմանչաց դպրոցը պոեզիայում նախընտրում է ազատ թարգմանությունը, իսկ մենք անընդհատ զբաղված ենք մերը համեմատելով, ստացվում է` մեր բռնած ուղին կարծես դեռ անորոշ է: Իմ ընկալմամբ` թարգմանության մեծագույն նպատակն ու գլխավոր առաջադրանքը տվյալ հեղինակի և նրա ստեղծած երկի գրագետ, սահուն և զգայական փոխակերպումն է քո լեզվով, բայց շատ կարևոր է, որ թարգմանիչը չտրվի յուր մտքի և երևակայության պոռթկումներին, այլ փոխանցի հեղինակի ուղերձը: Լիահույս եմ, որ մոտ ապագայում խոսելու ենք մեր թարգմանչաց դպրոցի մասին և այլևս համեմատականներ անցկացնելու առիթներ չենք ունենա:
Որպես ոչ միայն թարգմանիչ, այլ նաև դասախոս՝ ըստ ձեզ՝ ի՞նչ բացեր ունեն հայ թարգմանիչները և ինչպես կարող են լրացվել դրանք։
- Որպես թարգմանիչ և դասախոս` թերևս կնշեի մասնագիտական (բացատրական) բառարանների և գրականության բացը: Չկան թարգմանությանը վերաբերող, թարգմանիչներ պատրաստող մասնագիտական ձեռնարկներ, չկան թարգմանական դաշտը վերահսկող գրաքննադատներ, որոնք իրենց քննադատական խոսքով կամ հոդվածներով ինչ-որ առումով կարող են նաև ուղենիշ լինել սկսնակ թարգմանչի համար: Գիտենք, որ ԵՊՀ-ն ունի թարգմանչական բաժին, որտեղ պատրաստում են թարգմանիչներ, բայց շատ կուզեի, որ առանձին թարգմանչաց դպրոց ունենայինք, որտեղից դուրս կգային ոչ միայն թարգմանչի տաղանդով օժտված, այլև նեղ մասնագիտական գիտելիքներով և հմտություններով զինված մարդիկ: Իմ ուսանողները գիտեն, որ դիվանագիտական ոլորտի իսպաներենի իմացությանը զուգահեռ` պետք է տիրապետեն նաև համարժեք սահուն և գրագետ հայերենին:
Եվ վերջում՝ թարգմանական ինչպիսի՞ անակնկալներ են սպասում իսպանալեզու գրականության սիրահարներին։
- Մարտի 6-ին` Մարկեսի ծննդյան օրը, տեղի ունեցավ մեծ գրողի «Սերը խոլերայի ժամանակ» վեպի բնագրից կատարված թարգմանության գրքի շնորհանդեսը, շուտով լույս կտեսնի նաև Մարիո Վարգաս Լյոսայի «Սոսկալի ժամանակներ» գիրքը։ Ի դեպ, Հայաստանը առաջին երկիրն է ամբողջ աշխարհում, որ արդեն թարգմանել է այդ վեպը, քանի որ գիրքը լույս է տեսել գրեթե մեկ տարի առաջ: Չեմ ուզում շատ գաղտնիքներ բացել, բայց, կարծում եմ, այս տարի թարգմանական իսկական հրավառություն կլինի ընթերցողի համար:
Զրուցեց Արեգ Բագրատյանը
- Created on .
- Hits: 2147