Հայաստանում ուսանողների աչքերում տեսա սովորելու ձգտում. Ֆրանսահայ ջութակահար Ռոբերտ Ստեփանյան

Ֆրանսահայ հայտնի ջութակահար, միջազգային մրցույթների հաղթող Ռոբերտ Ստեփանյանը Հայաստանում է։

Թեև նրան ծնողները տարել են  երաժշտական ​​դպրոց ընդհանուր զարգացման համար, սակայն նա, տանը միշտ լսելով բարձրակարգ երաժշտություն, հաճախելով դասական երաժշտության համերգների, հասկացել է, որ հենց երաժշտությունն է իր առաքելությունը, ուղին, կոչումը, կենսակերպը։

Ռոբերտ Ստեփանյանը միջազգային մրցույթների և մրցանակների, այդ թվում՝ Gianni Bergamo Classical Music Awards (Շվեյցարիա) դափնեկիր է, 2021 թվականին առաջադրվել է դասական երաժշտության ոլորտում եվրոպական ամենահեղինակավոր մրցանակի՝ ECHO Klassik (Գերմանիա): Նա հանդես է գալիս որպես մենակատար և կամերային երաժիշտ, ինչպես նաև ակտիվորեն զբաղվում է դասավանդմամբ։ Վարպետության դասեր է տալիս Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայում:

Գտնվելով Հայաստանում՝ նա առիթը բաց չի թողել` շփվելու երիտասարդ ջութակահարների հետ, նրանց համար անցկացնելու վարպետության դասեր, փոխանցելու փորձը։ Ռ.Ստեփանյանն իր նախաձեռնությամբ վարպետության դաս է իրականացրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Cultural.am-ը զրուցել է Ռոբերտ Ստեփանյանի հետ կոնսերվատորիայի ուսանողների հետ հանդիպումից հետո։

Դուք վարպետության դաս անցկացրիք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Ի՞նչ կասեք մեր երիտասարդների պոտենցիալի մասին։

Ուրախ եմ, որ տեղի ունեցավ այս վարպետության դասը։ Մեծ ցանկություն կար կիսվել փորձով։ Վարպետության դասին ներկա ուսանողների աչքերում տեսա սովորելու ձգտում։ Դա շատ կարևոր է։ Շատ բան մարդուց է կախված. եթե ձգտում ունի, գիտի ինքն ուր է ուզում գնալ, կարող է իր հնարավորությունների սահմաններում հասնել դրան։ 

Ձեր սաները հանդես են գալիս մի շարք աշխարհահռչակ նվագախմբերում։ Իսկ հայ ջութակահարների շրջանում, հատկապես նոր սերնդից, ապագա համաշխարհային անունների ականատես կլինե՞նք։

Իհարկե, կան շատ տաղանդավոր երաժիշտներ։ Ոչ միայն ջութակահարներ, նաև թավջութակահարներ, երգիչներ։ Ես շատ հպարտ եմ ինձ զգում, երբ տարբեր հայտնի բեմերում տեսնում եմ հայ շնորհքով երաժիշտների, ոչ միայն շնորհքով իրենց մասնագիտության մեջ, այլ շնորհքով մարդ։

Ակտիվ զբաղվում եմ դասախոսությամբ, շատ ուսանողներ ունեմ տարբեր երկրներից, աշխատում եմ նրանց հետ, պատրաստում տարբեր մրցույթների։ Վերջին տարիներին շատ հաճախ են կանչում վարպետության դասեր անցկացնելու։ 

Robert Stepanyan 2

Դասական երաժշտություն կատարողները հիմնականում հանրահայտ կոմպոզիտորների, այսպես ասենք, արդեն փորձված ստեղծագործություններն են կատարում։ Դուք նաև ժամանակակից ստեղծագործողների հետ եք համագործակցում։ Դժվար չէ՞ անցումը Պագանինիից, Մենդելսոնից դեպի ժամանակակից կոմպոզիտոր։

Ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությունը կատարելն ավելի հասկանալի է, քանի որ դու ուղիղ կարող ես շփվել կոմպոզիտորի հետ, առավելագույնն իր գաղափարներն իրագործես, հասկանաս՝ ինքն ինչ է ուզում։ Ոչ ոք Շոպենի հետ թեյ չի խմել... Նաև ժամանակակից երաժշտություն կատարելը շատ հետաքրքիր է, օգտակար, շատ կոմպոզիտորներ դժվար ռիթմեր են գրում։ Մշտապես պետք է աշխատես։

Ո՞րն եք նախընտրում՝ դասակա՞ն, թե՞ ժամանակակից երաժշտություն։

Ես շատ եմ ուզում մեր հայ կոմպոզիտորների երաժշտությանն ավելի շատ ծանոթանալ։ Գիտեմ հիմնական անունները՝ Էդվարդ Միրզոյան, Տիգրան Մանսուրյան։ Իսկ նախընտրած, սիրած ստեղծագործությունը պետք է լինի այն, ինչ հենց հիմա նվագում ես։ Այլ կերպ հնարավոր չէ։

Հիմա Դուք եք վարպետության դասեր տալիս։ Կհիշե՞ք Ձեր ստացած ամենատպավորիչ վարպետության դասը կամ երաժշտին, որը Ձեզ վրա մեծ ազդեցություն է թողել, միգուցե որոշել ձեր երաժշտական ապագան։ Ձեր ուսուցիչների՝ Արա Բոգդանյանի և մյուսների մասին կպատմե՞ք։

Ես լավ դասատուներ եմ ունեցել։ Իմ առաջին ուսուցիչը Մոսկվայում Տատյանա Վորոբյովան էր։ Տանն էր պարապում, մի երկու ժամ պարապում էինք, հետո միացնում էր հայտնի ջութակահարների վիդեոձայնագրությունները, բացատրում ինձ, տարբեր երաժշտություններ էինք լսում։ Դասատուն միայն դաս տվողը չէ, սովորեցնողը չէ, պետք է լինի մենթոր։

Մոսկվայում՝ Կոնսերվատորիայում, սովորել եմ Արա Բոգդանյանի դասարանում։ Ֆենոմենալ երաժիշտ ու անձնավորություն էր, շատ բաներ եմ իրենից սովորել։

Իսկ ամենամեծ երաժիշտը, որից ազդեցություն եմ կրել. Փարիզում  հանրահայտ ջութակահար կար՝ Իվրի Գիտլիս։ 20-րդ դարի մասշտաբի լեգենդար ջութակահար էր։ Շատ անգամներ գնացել եմ, նվագել իր համար։ Պարապում էր ինձ հետ։ Մի անգամ նստած էի, ասաց` մի բան եմ ուզում կարդալ. հանեց իր գիրքը, որը դեռ տպագրված չէր, սկսեց կարդալ ինձ համար, բացատրել։

Իմ բախտը բերել է, շատ մեծ երաժիշտների հետ եմ հնարավորություն ունեցել նվագել, փորձում ես ամեն մեկից մի բան սովորել։

Կասե՞ք կոմպոզիտորների, որոնց գործերը նախընտրում եք կատարել և որոնք, Ձեր կարծիքով, առավելագույնն են բացահայտում ջութակի ազդեցիկության մաքսիմումը։

Գոյություն ունի Բախ և Բախից հետո այլ կոմպոզիտորներ։ Բախի ստեղծածն աստվածային երաժշտություն է։ Չի կարելի համեմատել, բոլորը տարբեր են, մեծ ժառանգություն են թողել համաշխարհային երաժշտաարվեստի պատմության մեջ։ Բայց ինձ համար Բախը կոմպոզիտորների աստվածն է։

Robert Stepanyan 3

Ո՞ր դպրոցն եք նախընտրում, ո՞ր ուղղությունը։

Այլևս դպրոցներ հասկացություն չկա։ Ամեն ինչը միախառնվել է։ Եթե մենք խոսում ենք, օրինակ, ռուսական, գերմանական, ամերիկյան դպրոցների մասին, հիմա ամեն ինչ խառնվել է։ Գոյություն ունի մեկ ճիշտ բան՝ ճիշտ նվագ։ Միգուցե ուսուցման մեթոդները, մոտեցումները տարբեր լինեն, բայց բոլորի վերջնարդյունքը նույնն է՝ ճիշտ նվագ։

Ի՞նչ մասնագիտություն կընտրեիք, նաև ոչ միայն երաժշտության մեջ, եթե չլինեիք ջութակահար։

Կապ չունի, թե մարդ ինչով է զբաղվում՝ երաժիշտ է, քանդակագործ, լրագրող կամ այլ մասնագիտության տեր։ Եթե մարդ հաճույքով չի անում իր գործը, պետք չէ որևէ մեկին մեղադրել։ Ամեն ինչ մեզանից է կախված։ Մարդը պետք է անի այն, ինչ իր սրտով է, իրեն դուր է գալիս։ Անել գործ ու չստանալ հաճույք մեծ դժբախտություն է։  

Հայաստանի հետ համագործակցության ի՞նչ ծրագրեր ունեք,  բացի վարպետության դասերից։ Նախատեսո՞ւմ եք համերգներով հանդես գալ։

Համերգ։ Առաջին` պետք է հրավիրեն, որ գամ ու նվագեմ, երկրորդ` 30 տարուց ավելի Հայաստանում չեմ ապրում, բայց շատ մեծ ցանկություն ունեմ վերադառնալ ու ապրել Հայաստանում։ Վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ եկել եմ։

Ցանկություն ունեք, բայց ի՞նչը կբերի Ձեզ Հայաստան, որ գաք ու մշտապես ապրեք հայրենիքում։

Ես ուզում եմ հասկանալ երիտասարդ սերնդի հետաքրքրությունն արվեստի հանդեպ։ Մեր ապագան երիտասարդներն են։ Կան մեծ ծրագրեր, բայց դեռ չեմ ուզում խոսել այդ մասին։ Ցանկությունը մեծ է գալու ու ապրելու իմ երկրում, 32 տարին բավական է այլ երկրում ապրելու համար։

Կոմպոզիտոր Էդուարդո Ֆլորենցիան 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից հետո ջութակի և նվագախմբի համար գրել է «Souvenirs d’Artsakh» ստեղծագործությունը և նվիրել Ձեզ։

Ես չեմ ճանաչում այդ կոմպոզիտորին։ Նա եղել էր իմ համերգին, լսել իմ կատարումները։ Ինձ գրեց այդ կոմպոզիտորը, էլեկտրոնային փոստով ուղարկեց նոտաներ, ասաց, որ ինձ համար է այն գրել։ Շատ էի զարմացել ու շատ գնահատեցի նրա այդ քայլը։ Նա ամերիկացի է, բայց ծագումով հրեա է։

Դուք ունեք ջութակների հավաքածու։

Դա իմ հոբբին է։ Այդ գործիքները տալիս եմ տաղանդավոր երաժիշտներին մրցույթներում հանդես գալու համար։ Խոսքը 18-րդ, 19-րդ դարերի իտալական ջութակների մասին է։ Լավ ջութակը շատ թանկ է։ Ջութակահարների, թավջութակահարների 95 և ավելի տոկոսը չեն կարողանում նման թանկարժեք գործիք գնել։

Այդ գաղափարը, որ ես պետք է օգնեմ այլ երաժիշտների, ինձ տվեց մի ընտանիքը, որն ինձ համար շատ թանկ գործիք առավ։ Ասացին՝ մենք օգնում ենք քեզ, բայց դու էլ ուրիշներին օգնիր։ Երբ սկսեցի գնել գործիքներ, սկսեցի օգնել երաժիշտներին։

Հիմա ես նվագում եմ վարպետ Կառլո Բերգոնզիի պատրաստած ջութակով։

Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։

Տ.Մ.

  • Created on .
  • Hits: 1440

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: