Լավ նկարազարդումը պատմությունը դարձնում է փորձառություն. Լիլիթ Ալթունյան

Վերջերս լույս է տեսել նկարազարդող Լիլիթ Ալթունյանի «Խավարի թագավորը» պատկերագիրքը: Մենք զրուցել ենք Լիլիթի հետ գրքի, նկարազարդող-հեղինակ լինելու առավելությունների և այլ թեմաների շուրջ:

 - Ձեզ համար նկարազարդումը կի՞րք է, հոբի՞, թե՞ աշխատանք: Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ: Կարո՞ղ եք պատմել այնպես, ասես նկարազարդում եք Ձեր մտքում Ձեր անցած ուղին: Ի՞նչ ձև ու բովանդակություն ունի այն:  

- Նկարազարդումը ինձ համար նոր աշխարհ ստեղծելու կախարդական մի հնարավորություն է: Այն թե՛ աշխատանք է, թե՛ հոբի և թե՛ կիրք: Կերպաների մեջ գտնվելով՝ իրենց պատմությունը ապրելու մի ձև:

Lilit Altunyan 2

- Հե՞շտ է լինել մանկագիր: Մանկական գրքի լինելիության կարևորության մասին խոսենք:  

Ես ինձ միայն մանկագիր չեմ համարում: Գրում ու ստեղծագործում եմ տարբեր տարիքների համար: Ունեմ  իմ բանաստեղծության հիման վրա արված կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, նկարազարդում եմ տարբեր գրքերի շապիկներ:  Պարզապես մանկական գրքեր ստեղծելը իմ հոգու զբաղմունքն է, դրա համար բացարձակ դժվար չէ, այլ հակառակը՝ հաճելի մի անկյուն է, որտեղ ես ինքս դառնում եմ մանուկ: Սակայն եթե տեխնիկական մասով խոսենք, պատկերագրքի ձևաչափը նախատեսում է քիչ քանակով բառեր ու միակ բարդությունը՝ այնպես անել, որ այդ քանակի մեջ տեղավորես ասելիքդ, բայց միաժամանակ մնաս հասկանալի, գեղարվեստական ու զվարճալի:

Մանկական գրքերը այն կարևոր առարկաներն են, որ երեխային շատ վաղ տարիքից սովորեցնում են սիրել գիրքը: Սովորեցնում են մտածել գրքի հետ ու գրքի հետ շփումը դարձնում են զվարճալի: Սրանից կարևոր ի՞նչ կարող է լինել, եթե ուզում ենք գիրք կարդացող սերունդ ունենալ:

Lilit Altunyan 3

- Կպատմե՞ք մանկական գրքի ստեղծման գործընթացի մասին՝ կոնցեպտից մինչև պատրաստի արտադրանք: Նկարազարդող և հեղինակ. ի՞նչ բարդություններ ու առավելություններ ունի երկուսը մեկում գործունեությունը:

- Հեղինակ նկարազարդողները շատ չեն, բայց հրաշալի համադրություն է ըստ իս, քանի որ մի ամբողջական մտքից է ծնվում արդյունքը: Նաև հեղինակ նկարազարդողները ավելի շատ ազատություն ունեն ստեղծելու այն, ինչ ուզում են: Նկարելու այն ինչ ուզում են: Այս ստեղծագործությունները հաճախ ավելի համարձակ են լինում ու, կարծես, կրում են արվեստագետի սրտի խոսքը: Ես հատուկ հայեցակարգով չեմ ստեղծում իմ գրքերը, քանի որ կարևորում եմ այն պահը, երբ կարծես միտքը տիրզերքից է ներթափանցում իմ մեջ:

Առաջին պատկերագիրքս սկսվեց նրանից, որ երկար ժամանակ փնտրում էի պատմություններ նկարազարդելու համար ու  չգտնելով համապատասխանը` հասկացա, որ ինքս ավելի լավ պատմություններ կարող եմ գրել:

Lilit Altunyan 4

-Խոսենք վերջերս լույս տեսած պատկերագրքի մասին` «Խավարի թագավորը»: Ինչպե՞ս ծնվեց գաղափարը: Ի՞նչ մեսիջ ունի: 

Խավարի Թագավորը ստեղծագործությունը գրել եմ մի քանի տարի առաջ: Ինձ ոգեշնչել են մարդիկ, որոնց դիտել եմ կողքից ու հասկացել, որ շատերն են ապրում իրենց ստեղծած հարմարավետության սահմանի մեջ ու այդպես էլ չեն բացահայտում, թե ինչ կա «դղյակից» այն կողմ: Պատմությունը բազմաշերտ է. այն խոսում է թե՛ հարմարվետության սահմանից դուրս գալու, թե՛ խիզախության մասին, թե՛ աշխարհի երկակիությունը հասկանալու մասին:

-Գիրքը նախատեսված է 3-8 տարեկան երեխաների համար, բայց ընթերցելիս այն մեծահասակներին էլ մտածելու տեղ է թողնում: Լիլի՛թ, ինչո՞ւ է կարևոր դուրս գալ հարմարավետության սահմաններից:  

Կարծում եմ պատմությունն արդեն տալիս է դրա կարևորության պատասխանը: Իսկ եթե մեծահասակներն էլ են մտածում, ուրեմն պատմությունը ստացվել է, քանի որ այն ստեղծագործությունը, որ գրվում է միայն մանուկների համար, լավը չէ: Այս գրքերը նախատեսված են ծնող-երեխա ժամանցի համար: Կարծում եմ՝ կարևոր է, որ երբ ծնողն է կարդում պատմությունը, ինքն էլ խորհելու բան ունենա: Ընդհանրապես ճշմարտությունները նույնն են, դրանց փոխանցելու լեզուն է գուցե տարբեր:

Lilit Altunyan 5

-Ձեր գործունեության մեջ կարողացե՞լ եք դուրս գալ հարմարավետության սահմաններից ու ընդունել աշխարհի երկակիությունը:

-Ընդհանրապես ես ստեղծագործում եմ այնպիսի ճշմարտությունների մասին, որոնց ինքս եմ հասել․ այլ կերպ հնարավոր չէ ուղղակի: Սակայն հարմարավետության սահմաններից դուրս գալը ավելի շատ ամենօրյա ջանք պահանջող քայլեր ու մտքեր են:

Այո, աշխարհի երկակիությունը հենց ընդունոմ ես, սկսում ես հանգիստ ապրել: հասկանում ես, որ չկան միանշանակ լավ և միանշանակ վատ բաներ: Հասկանում ես, որ ամեն ինչ ամբողջականության մեջ է լիարժեք:

Lilit Altunyan 6

- Գրքի նկարազարդումները որոշակի պարզություն ունեն և աներևակայելի ձգողականություն:  Ի՞նչն է ոգեշնչել Ձեզ: Ինչպե՞ս եք հղկել ձեր անձնական նկարազարդման ոճը:  

Իմ ամեն պատմությունը ունենում է իրեն համապատասխան նկարազարդման մոտեցում: Ճիշտ է, կա ձեռագիր, որով մարդիկ կճանաչեն, որ սա իմ աշխատանքն է, բայց թե ինչ ոճավորմամբ են լինելու նկարազարդումները ու ինչպես է պատմությունը փոխանցվելու գրքի միջոցով, բխում է պատմությունից:

Ընդհանրապես նկարազարդումը պիտի կարողանա պատմությանը ավելացնել այն շերտերը, որոնք տեքստով չեն ասվում: Տվյալ դեպքում նկարազարդումների պարզունակությունը գալիս է շեշտելու թագավորի միամտությունը, այդ միամտությամբ մարդ արարածի ինքն իրեն խաբելու հրաշալի ունակությունը: Նաև սևով արված մատիտային ոճը, հազիվ ուրվագծելով այն աշխարհը, որում ապրում է թագավորը, շեշտում է մթության միջավայրի վերապրումը: Եթե ընթերցողին ձգում է կերպարը, ուրեմն այն արված է մաքսիմալ հարազատ մեր էմոցիոնալ պատկերին: Ընդհանրապես փորձել եմ ընթերցողին լավագույնս ընկղմել պատմության մեջ՝ օգտագործելով նկարազարդման բազմազան հնարքներ:

Lilit Altunyan 7

- Ձեր գործունեության զարգացման անկունքներում ո՞վքեր են եղել, ո՞վքեր են ազդել Ձեր ճաշակի ձևավորման վրա:

- Ինձ վրա մեծ ազդեցություն են թողել ֆրանսիայի գրախանութները: Երբ այնտեղ էի ապրում ու սովորում, մանկական բաժիններում ժամերով գրքեր էի կարդում: Ունեմ սիրելի իտալացի, կանադացի ու ֆրանսիացի հեղինակ ստեղծագործողներ, բայց անձերից զատ կարևորում եմ առանձին աշխատանքներ, կարող է, օրինակ, մի նկար զարմանքս այնքան շարժի, որ մեծ ազդեցություն թողնի ինձ վրա:

- Ինչպե՞ս տարբերել լավ նկարազարդումը վատ նկարազարդումից:

- Լավ նկարազարդումը հավելյալ վիզուալ ինֆորմացիայի շերտ է բերում պատմությանը: Ծեծված պատկերներ չունի: Զարմացնում ու գերում է: Պատմությունը դարձնում է փորձառություն:

Զրուցեց Մերի Հովհաննիսյանը

  • Created on .
  • Hits: 2328

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: