Իսպանացի երաժիշտը` երևանյան նվագախմբում

    Նորություն չէ, որ արտասահմանյան բազմաթիվ նվագախմբերում ընդունված է օտարերկրյա երաժիշտների ընդգրկումը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, իր կազմը ևս համալրելով արտասահմանցի երա­ժիշտներով, փորձում է ներկայանալ նոր որակով: Սակայն ինչպես մեր փոքրիկ երկրում և հետևաբար երաժշտական կյանքում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն, այս նորությունը ևս առիթ է դառնում քննարկման: Եվ բնական է այն, որ նվագախումբը արտասահմանցի երաժիշտներով համալրելու փաստը հայ երաժշտագետների և պարզապես երաժիշտների կողմից արժանանում է տարբեր գնահատականների:
    Զրուցելով Էնրիկ Կամարասայի հետ, որն արդեն կես տարի է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի վալտորնիստներից է` փորձենք այժմ ներկայացնել մեկին, ով ակամայից դարձել է երևանյան երաժշտական կյանքի բավականին բուռն քննարկվող երևույթներից մեկը:

    - Էնրի´կ, ինչպիսի՞ն է եղել այն երաժշտական ուղին, որն անցել ես մինչև Երևան ժամանելդ:
    - Ամեն ինչ սկսվեց 1991 թվականին, երբ յոթ տարեկան հասակում ես առաջին անգամ սկսեցի նվագել իմ հայրենի քաղաքի` Կարլեթի (Վալենսիա) փողային նվագախմբում:  Վալենսիայի գրեթե բոլոր քաղաքներում կան փողային նվագախմբեր, և  բազմաթիվ մանուկներ. անկախ այն բանից երաժիշտ կդառնան թե ոչ, անպայման նվագում են այդ նվագախմբերում: Առաջին քայլերս անելով հենց այդ նվագախմբերից մեկում` հետագայում սկսեցի ավելի լրջորեն զբաղվել երաժշտությամբ: Կարելի է ասել` իմ առաջին պրոֆեսիոնալ ելույթը եղել է 2000-ական թվականների սկզբին, երբ երաժշտական փառատոններից մեկի շրջանակներում մասնակցեցի հայտնի գերմանացի վալտորնիստ Վիլ Սանդերսի վարպետության դասերին: Վերջինիս օժանդակությամբ նվագել եմ Գերմանիայի Բայրոյթ քաղաքում կայացվող  վագներյան օպերային փառատոնին, որը մեծ փորձ էր ինձ համար: Սակայն համերգային կյանքին զուգահեռ ստանում էի նաև բարձրագույն երաժշտական կրթություն: Ավարտել եմ Կարլսռուեի բարձրագույն երաժշտական դպրոցի (գերմ.` Hochschule für Musik Karlsruhe)  մագիստրատուրան: Սակայն իմ հիմնական գործունեությունը կապված էր հենց իսպանական երաժշտական կյանքի հետ և հենց Իսպանիայի նվագախմբերից մեկում աշխատելու ընթացքում ծանոթացա մաեստրո Էդուարդ Թոփչյանին, ում հրավերով և աջակցությամբ 2012 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ մեկնարկեց Երևանյան երաժշտական փառատոնը, սկսեցի աշխատել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում: Ահա այսպես հայտնվեցի Երևանում:

    - Ինչո՞ւ ես ընտրել հենց գալարափող գործիքը:
    - Մեր ընտանիքում կար մի ավանդույթ. բոլորը նվագում էին գալարափող: Սակայն ամեն ինչից անկախ, երբ ընդունվում էի փողային նվագախումբ, իմ առջև դրեցին մի շարք գործիքներ և ասացին՝ ընտրի´ր, ինձ էլ շատ դուր եկավ այդ պտուտակներով և գալարներով մետաղյա գործիքը: Չգիտեմ, դա կարծես սեր էր առաջին հայացքից: Ինձ համար վալտորնայի հնչողությունը շատ գեղեցիկ է և հոգեհարազատ: Ու դա կարծես տղամարդու գործիք է հենց:

    - Ինչպե՞ս է անցնում աշխատանքային առօրյան այստեղ:
    - Պետք է ասեմ, որ աշխատանքային գրաֆիկս բավականին ծանրաբեռնված է: Անդադար փորձերի եմ, պարապում եմ: Իհարկե երբեմն շատ եմ հոգնում, բայց միևնույն է ուրախ եմ, որ աշխատում եմ այստեղ: Նվագախմբի ծրագիրը բավականին բարդ է, և շատ ենք աշխատում ստեղծագործությունները լավ ներկայացնելու համար: 

    - Կա՞ն տարբերություններ մեր նվագախմբի և արտասահմանյան նվագախմբերի միջև:
 - Իհարկե կան: Արտասահմանյան նվագախմբերի և հայաստանյան նվագախմբի միջև տարբերություններից մեկը հետևյալն է. կարծում եմ` եվրոպական կատարողական արվեստի փողային դպրոցը պատմականորեն ավելի ուժեղ է, քան հայկականը: Սակայն միևնույն ժամանակ հայկական կատարողական արվեստում լարային դպրոցն ավելի ուժեղ է, քան իսպանական լարային դպրոցը: Այստեղից էլ բխում են նվագախմբային տարբերությունները: Եթե հնարավոր լիներ այստեղի նվագախմբի բոլոր սեկցիաների կատարողական որակը բերել հավասարակշռության, ապա դա հիանալի կլիներ:

Enrik-Kamarasa    - Իսկ ինչպե՞ս է անցնում առօրյադ աշխատանքային ժամերից հետո: Ունե՞ս այստեղ ընկերներ:
     - Քանի որ ես ապրում եմ քաղաքի կենտրոնում` օպերային թատրոնից ոչ շատ հեռու, իմ առօրյան հիմնականում հենց քաղաքի կենտրոնում է անցնում: Աշխատանքից հետո  պարապում եմ: Փորձում եմ սպորտով զբաղվել, սակայն դեռևս այդքան էլ չի ստացվում, քանի որ դրսում պայմանները վազելու համար այդքան էլ նպաստավոր չեն եղանակի պատճառով, ուստի ներկայումս լողավազանի փնտրտուքների մեջ եմ: Հաճախ սիրում եմ նաև տարբեր ուտեստներ պատրաստել, դա կարելի է ասել իմ հոբիներից է: Շատ կուզենայի նաև արշավների գնալ, սակայն արշավային պարագաներս ինձ հետ չեն և բացի այդ չգիտեմ, թե Հայաստանում ուր կարելի է գնալ, այդ իսկ պատճառով դա էլ է դեռևս անիրականանալի:
    Պետք է ասեմ նաև, որ ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներին մասնակցելուց բացի՝ փորձում եմ նաև հաճախել այլ համերգների և ծանոթանալ Երևանի երաժշտական կյանքին, իսկ այդ կյանքը բավականին բազմազան է:
    Իսկ ինչ վերաբերում է ընկերներին, Հայաստանում շատ հեշտ է ընկերներ գտնել: Մարդիկ՝ թե´ նվագախմբում և թե´ առհասարակ ամենուր, այնքան մարդամոտ են ու ջերմ, այնքան պատրաստակամ են օգնելու ամեն մի հարցում, որ միանգամից ծանոթներ և ընկերներ ես ձեռք բերում: Եվ դա լավ է: Այստեղի ընկերներիս հետ հաճախ ենք հավաքվում և միասին ժամանակ անցկացնում, ինչի համար շատ ուրախ եմ:

    - Ի դեպ նախասիրությունների վերաբերյալ, ի՞նչ նախասիրություններ ունես:
    - Օհ, նախասիրություններս բավականին շատ են: Անչափ սիրում եմ գիրք կարդալ: Հարյուրավոր գրքեր ունեմ, ինքս էլ երբեմն գրում եմ, սակայն միայն մտերիմներս են կարդում դրանք: Անգամ երբ ստացա առաջին աշխատավարձս, առաջին բանը որ արել եմ` գիրք գնելն էր: Ոչինչ չի փոխարինի այն զգացումին, որն ունենում եմ գիրքը ձեռքերիս մեջ զգալու, թերթելու և ընթերցելու ժամանակ: Առհասարակ, ընթեր­ցանությունն իմ կյանքում շատ կարոր տեղ է զբաղեցնում, որովհետև դրա միջոցով բացահայտում ես այլ մշակույթներ, այլ ժողովուրդներ, մարդկանց, մտածելակերպեր, բնավորություններ, աշխարհայացքներ: Անգամ Հայաստան գալուց առաջ անընդհատ կարդում էի գրքեր հայ ժողովրդի պատմության, մշակույթի վերաբերյալ և պիտի ասեմ, որ պարզապես հիացած եմ: Սակայն աշխարհում մարդիկ շատ քիչ բան գիտեն Հայաստանի մասին: Բայց միևնույն ժամանակ զարմանալի է, որ ամբողջ աշխարհում, գրեթե ամեն ոլորտում, լինի դա արվեստ, գիտություն, թե մեկ այլ բան, կան այնպիսի անուններ, որոնց միջոցով Հայաստանը ճանաչելի է դառնում աշխարհին: Դա հիանալի է:
    Տարօրինակ բան պետք է ասեմ, բայց սիրում եմ նաև երաժշտություն լսել: Եվ հիմնականում ոչ դասական, քանի որ կարծում եմ, որ այն մարդը, ով ամբողջ ժամանակ նվագում է ակադեմիական երաժշտություն, ինչքան էլ տարօրինակ է, բայց կարիք ունի հանգստի: Մեր ուղեղն էլ է ծանրաբեռնվում, և ես նախընտրում եմ այն հանգստացնել ջազ կամ որևէ այլ ոճի երաժշտություն լսելով: Սակայն պետք է խոստովանեմ, որ ես չեմ սիրում, երբ երաժշտությունը բաժանում են տեսակների, որովհետև երաժշտությունը երաժշտություն է անկախ ամեն ինչից: Եվ ես սիրում եմ երաժշտությունը… 
                                                                                                
Զրուցեց Սոնա Անդրեասյանը
                                                                                                Լուսանկարները՝ Սոնա Անդրեասյանի
  • Created on .
  • Hits: 3023

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: