Երկխոսություն՝ մենախոսական դրվագներով

    (Ս. Սարինյան – Ս. Աբրահամյան)
 
    Ս. Աբրահամյան – Չափազանց պատասխանատու և հաճելի պարտականություն կլիներ, եթե մեր երկխոսությունը սկսեինք գրականագիտական հարցադրումներով՝ սահմանելու գրական արդի զարգացման միտումները և ուղղությունները, ինչը թե՛ Դուք, թե՛ ես շարունակաբար փորձել ենք անել առանձին հոդվածներում և անդրադարձներում, բայց ստիպված ենք այժմ մեր խոսակցությունն սկսել գրական մամուլից, ավելի ճիշտ՝ մամուլի վարքի ըմբռնումից, որ վերլուծության կարիք ունի:
 
    Ս. Սարինյան - Դու գրական ժամանակի խոր զգացողություն ունես, և ինձ հասկանալի է ոչ միայն քո մտահոգությունը, այլև հարցադրման ճշմարիտ ելակետը: Իրոք ամեն բան պետք է սկսել մամուլից, քանզի այստեղ է արտացոլվում գրականության պատկերը, և նրա կոչումն է ուղղորդելու գրական շարժման ընթացն ու կարգավորելու գրական բարքերի էթիկան: Իսկ որ մեր գրողների միությունում տիրում է ամենաթողության բարոյական անկումը, ցավալի իրողություն է: Առայժմ ես չեմ ուզում փակագծեր բացել, բայց կա մի սահման, որից այն կողմ արդեն իրերը պետք է կոչվեն իրենց իսկական անունով: Անդրադառնալով քո հարցադրմանը՝ պիտի ասեմ, որ «Նորք» ամսագիրը մի գեղեցիկ օազիս է մեր գրական միջավայրում, բայց իր խոհամիտ ակադեմիական պահվածքով հանդեսը չի հասնում գրական բարքերի ստորակարգ բնազդների քննադատությանը: «Գրական թերթ»-ին այլ ուղղություն տվեց նորանշանակ խմբագիրը՝ առիթ տալով համընդհանուր դժգոհության: Ինձ թվում է, որ արդեն նկատվում են վերաձևման որոշ միտումներ, որոնք թերթին կվերադարձնեն իր իսկական կոչումը: Ինչ վերաբերում է «Գարուն» ամսագրին, ապա այն վերաճել է հիվանդոտ պալարի, որը գրեթե անբուժելի է: Հանդեսի խմբագիրը անհաղորդ է գրական աշխարհին, և այս անօգնական վիճակը իրավունք է տալիս զանազան ոչ գրական ոչնչությունների ամսագրի էջերը աղտոտելու զառանցաբան մտախեղումներով:
   
    Ս. Աբրահամյան - …Նախորդ` 2012-ի տարեսկզբին էր՝ «քննարկվում» էր Կ. Խոդիկյանի հայտարարությունը, ըստ որի՝ «Գրական թերթը» գրականագիտական հանդես չէ, որի ժխտական միտումը ակնհայտ էր: Բայց այն ժամանակ թերևս չընկալվեց, որ ժխտելու կիրքը համատարած է: Պատճառները թերևս ավելի խորն էին, այնքան ակնհայտ, որ ձեր նամակը խմբագրին, որ հրապարակվեց նույն թերթում, ախտանշանի արձանագրումն էր միայն: Իսկ նման դեպքում, երբ գրական մամուլն է հրաժարվում իր ստնտուից, պատեհապաշտ և արտա-գրական մամուլը ասպարեզը տրամադրում է հտպիտին և ձախողակին: Իսկ սա, օգտվելով ամենաթողությունից, ավերածություններ է գործում: Սա ավերածություններ է գործում այսօր էլեկտրոնային մամուլում, անհայտ ծագման «գրական» կայքերում, որոնք ի՜նչ անուն ասես՝ ունեն, ի՜նչ ուզում են՝ գրում են ու մրում են… Մինչդեռ դրան հակադրվելու մի միջոց կա միայն. պատասխանատու միավորումները, գրական մամուլը պետք է կարողանան դիմագրավել, պաշտպանել գրականություն ստեղծողին, գրականության մեկնաբանին: Ուղղակի ասենք, եկել է հերոստրատների ժամանակը, որոնք այրում են մաքառումով հիմնած գրադարանը, սնվում հեղինակության հաշվին: Եվ չգիտես՝ խոսե՞ս նրանց մասին, թե՞ արհամարհելն ու լռելը, ինչպես ասում են նման դեպքում, ոսկի է… Բայց, քանի որ նրանց թիվն ավելանում է օրեօր, օգտվում են նրանք հեղինակության արդարամտությունից, հասկանալով, որ թե՛ արձագանքելու, թե՛ լռելու դեպքում իր անունն է շրջանառվում գրական անվան կողքին (ծանոթ և կրկնվող միջակախաղ, որ մեր այսօրվա երկխոսության նյութն է), ուստի պատեհապաշտը պատրաստ է ամենաաղետալի քայլի, և ինձ թվում է, սկսվել է, ինչպես Զ. Պիպեռյանի վեպի վերնագիրն է ասում, «մրջյուններու վերադարձը», նրանց ժամանակն է սկսվել և հաշտ են միմյանց հետ խմբագիրն ու մրագիրը՝ որպես մի մարմին, արշավում են այսօր «Գարուն»-ի ընդարձակ էջերում, ինչպես ասում են՝««խմբագրում» են ինչ պատահի և ինչպես… պատեհ պատահի»:
 
    Ս. Սարինյան – Քո խոսքում գրեթե ամեն ինչ ասված է: Մնում է փակագծերը բացել: Առհասարակ չպետք է ներողամիտ լինել երևույթերի հանդեպ, որոնք դուրս են օրինականության տարրական սկզբունքներից: Ասեմ, որ ես «Գարուն»-ի հրապարակումները չեմ կարդացել և պետք չունեմ կարդալու: Դա բնական իմ իմունիտետն է: Իմ ինչի՞ն է պետք, թե հավաքարարի կեցվածքով թերևս մի գրչակ ինչ կարծիք ունի իմ մասին: Կարելի է խոսել ոչ թե նրա գրածի, այլ նրա վարքի մասին: Դատիր ինքդ. գրականության ինստիտուտի իմ աշխատասենյակում եմ: Եվ ահա մտնում է անծանոթ մեկը և ներկայացնում. «Ես Նաիրա Համբարձումյանն եմ, բերել եմ իմ բանաստեղծությունների գիրքը նվիրելու Ձեզ»: Ընդունում եմ, ինչպես կարգն է, բայց բացում եմ գիրքը և ինչպիսի անակնկալ՝ առաջաբանը և խմբագրումը Ս. Սարինյանի: «Ի՞նչ խեղկատակություն է սա, ես քեզ չեմ ճանաչում, ոչ մի գաղափար չունեմ քո գրքի և բանաստեղծությունների մասին, ո՞վ է քեզ իրավունք տվել, առանց իմ իմացության, շահարկել իմ անունը»: «Ես երևելի անունների կարիք ունեմ, և այդ ամբողջը կատարել է իմ գիտական ղեկավար Սևակ Արզումանյանը»: Փաստը անակնկալ էր ու անհավանական, նույնիսկ չգիտեի՝ ինչպես ազատվել վիճակի տհաճությունից: Ես աղբանոց նետեցի ժողովածու կոչվածը և վրդովմունքս արտահայտեցի Սևակին նման արարքի համար: Նա ըստ ամենայնի նշավակեց «բանաստեղծուհու» վարքը և ընկերաբար խնդրեց ներողամիտ լինել: Ահա թե ինչպես է իր «գրական» կարիերան սկսել «Նաիրա» կոչված Համբարձումյանը:
 
    Ս. Աբրահամյան - Նոր չի սկսվել սակայն այս զույգի՝  «Գարուն»-ի խմբագրի և «գրագրի» ոդիսականը, և օրինակները սրանք են՝ «Բանաստեղծի հայտնությունը» («Գարուն», թ. 3-4, 2010), «Ինչպես ընթերցել. ընթերցող. տեքստ. հեղինակ» («Գարուն», թ. 5-6, 2012), «Դիսմորֆոմանիա» («Գարուն», թ. 7-8, 2012), «P.S.- D. Memory traces (Սերգեյ Սարինյանի «Անդրադարձ» հոդվածի առիթով)» («Գարուն», թ. 9-10, 2012), որոնց «հեղինակի» համար, ինչպես արդեն նշվել է «Գրականագիտական հանդեսի» ԺԳ համարում, հոդված գրելը «պարզ իմիտացիա (է), քան մեկնաբանության փորձ» (էջ 15), որ իմ կողմից բացատրվել է «ներքին պլագիատ» արտահայտությամբ, որը «մեղմ» տարբերակ է դեռևս, թեև այս «հեղինակին» խորթ չէ ուղղակի պլագիատը նաև, ինչի օրինակները բազում են («Բանաստեղծի հայտնությունը» գրության մեջ՝ ուսանողական ռեֆերատի մակարդակով անգամ):
    Գրելու շարժառիթն էլ անհայտ չէ. կարծում եմ այս սուբյեկտը տառապում է մենակության ախտով, իր գիշերները նա կարճում է պատրանքներ հյուսելով, ուր իրականությունը սրա երևակայությամբ «միշտ երկբևեռ է», ջնջվել է «սահմանը ես-ի և գեր-էգոյի միջև՝ հասցնելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին իրողությունների խեղաթյուրմանը»… Սրանք իր արտագրումներից քաղած մտքեր են, որ ուղղակի հուշում են հետևյալը՝ սուբյեկտի բնազդը «արտաքին և ներքին իրականությունների հատույթում», «որպես էրոսի արտահայտություն», նրան մղում է «երևակայական ամենակարողություն» (դարձյալ իր խոսքերն են), ուստի նրա հիվանդ միտքն է ծնում «Դիսմորֆոմանիա»-ն, որը (բառարանային նշանակությամբ) բնութագրում է մի «սինդրոմ, այսինքն՝ մի մոլորություն, որ ենթարկում է մարմնի մասերը ֆանտաստիկ անկարողության, և որը շատ ցեղեր գարշանքով են նայում»… Ահա սա է այս անվան  բացատրությունը, և այս սուբյեկտը, իր գրությունը վերնագրելով «Դիսմորֆոմանիա», իբրև ելակետ նախընտրում է սա, մեկնաբանությունը ներկայացնում իբրև իրեն հատուկ հիվանդության ակտ…Եվ սա գրական արա՞րք է: Ո՛չ, առնվազն մոլորված սուբյեկտի երևակայություն, որ վերլուծության ենթակա չէ:
 
    Ս. Սարինյան – Ես այսպես սկսեցի իմ խոսքը, ցույց տալու համար, թե մի անձի մեջ ինչպես է ձևավորվում հոգեբանական այլասերումը: Հայտնի բան է՝ մարդկային բնույթը գենետիկ սկիզբ ունի, որ գրեթե նույնանում է ճակատագրին: Ես չգիտեմ, թե որտեղ, ով կամ ինչ է Նաիրա կոչված Համբարձումյանը: Եվ պատմությունն սկսվեց ակամա, ինքնաբերաբար թերթում եմ «Գարուն»-ի 2010 թվականի 3-4 միացյալ համարը: Իմ ուշադրությունը գրավեց «Բանաստեղծի հայտնությունը» հոդվածը: Նույն վերնագրով հոդվածը ես տպագրել եմ ակադեմիական «Լրաբեր»-ում և տեղադրել այն «Հայոց գրականության երկու դարը» գրքում՝ «Վահան Տերյանի հայտնությունը» վերնագրով: Դրան հաջորդում են երկու հոդված «Բանաստեղծի հայտնությունը» վերնագրով՝  նվիրված Պարույր Սևակին:
    Կարդում եմ հոդվածը և զարմանում, թե ինչ վարպետությամբ է նա տիրապետում «մոնտաժի» արվեստին: Ոչ մի ինքնուրույն միտք, ընկալում, բոլոր մեջբերումներն ու մեկնությունները առնված են բանաստեղծի մասին գրականագետների, այդ թվում նաև՝ իմ ուսումնասիրություններից: Այսպես, օրինակ. «Հրաժեշտ – անջատում – մենակություն – կարոտ՝ հոգու կեցության այս վիճակների ներհյուսմամբ է ստեղծվում «Մթնշաղի անուրջների» փիլիսոփայական մենակետը: Մենախոսությունների շղթան բացում է տառապանքների, երազների, անդարձ կորած իղձերի վերիրական մի աշխարհ, հոգու մեղեդիներից հյուսելով զգացմունքների համանվագը, հեռացումի, կարոտի ու հրաժեշտի ռեքվիեմը» («Գարուն», 2010, № 3-4):
    Համեմատիր. «Հրաժեշտ – անջատում – մենակություն – կարոտ՝ հոգու կեցության այս վիճակներից է Տերյանը հյուսել «Մթնշաղի անուրջներ» (1908) բանաստեղծական շարքի գեղագիտական-փիլիսոփայական կոնցեպցիան: Մենախոսությունների շղթան կապակցվում է տառապանքների, երազների, կորսված հուշերի սիմֆոնիան, և հոգու նվագներն արձագանքում են անանց թախիծով և «հոգեմաշ հուսահատությամբ» ծանրացած այս տխուր երկրի ռեքվիեմը («Հայոց գրականության երկու դարը», 3, էջ 264):
    Եվ այսպես, մեջբերումներ, մեկնություններ, բնագրեր: Ես փաստն ընկալեցի հանգիստ, առանց դժկամության: Հուշողը պարզապես վերնագիրն էր, որ ազդակ հանդիսացավ այլ նկատումների:
    Նույնպիսի պատահականությամբ «Գարուն»-ում կարդում եմ բանաստեղծությունը նույնի  ստորագրությամբ.
                     Եվ ծառը նման չի ծառի,
                     Եվ քարը նման չի քարի
                     Եվ հողը սերմ չի
                     Եվ մարդը չի պտղավորվում:
 
    Ակամա հիշում եմ Վարդան Հակոբյանի պոետական պարադոքսները.
                     Ծաղիկը չգիտեմ ինչ էր, բայց ծաղիկ չէր…
                     Աղբյուրը չգիտեմ ինչ էր, բայց աղբյուր չէր…
                     Երկինքը չգիտեմ ինչ էր, բայց երկինք չէր…
 
    Այս կարգի իմիտացիաներով կարելի է և՛ «բանաստեղծ» լինել, և՛ «քննադատ» լինել, և՛ «հրապարակախոս» լինել: Եվ նրա գրիչը լավ էլ տիրապետում է սովորույթի արհեստին: Սա է, որ հիմք տվեց ինձ «Անդրադարձ»-ում ակնարկելու, որ «սույն այս հոդվածագիրը թույլ է տալիս գրական էթիկայի, եթե չասեմ արատավոր, ապա մերժելի խախտումներ»:
    Բայց, ինչպես երևում է, գրագողությունը նրա ոճի անհատականության հատկանիշն է, որ այժմ փորձում է ծածկագրել համակարգչային «գաղտնիքներով», ենթադրելով, թե դրանք անբացահայտելի են: Իրավացի եք դիտում, թե երևույթի հոգեբանական սկիզբը ուղեղային մորմոքն է՝ էրոտոմանիայի բարդույթով, վտանգավոր մի սահման, որից անդին բարոյաֆիզիկական ոչնչացումն է: Գրական շրջաններում այդպես է ընկալվում նրա անվան բանահյուսությունը:
 
    Ս. Աբրահամյան - Բայց նախքան այս սուբյետի այլ մոլորություններին անդրադառնալը,ասեմ,որ ինձ համար ցավալի է նշել «Գարուն»-ի այսպիսի անկումը: Չէ՞որ ես և իմ սերունդը մկրտվել ենք նրա էջերում և երդվյալ գարունական ենք… Ջնջվել է սահմանը սակայն փառահեղ տասնամյակներ տևած անցյալի և ներկայի միջև, ավանդույթը կասկածի տակ է դրված: Նրա էջերը այժմ բազմապատկում են դրամով հաշվարկած հոդվածիկները՝ անքննադատ, միմյանց նման, որոնք տարբեր են բացառապես վերնագրերով: Իսկ խմբագի՞րը…Մի՞թե փոխակերպվել է  խմբագիր-հաշվապահի, որ հաշվում է դիսերտանտների քանակը և… Տևակա՞ն է արդյոք լինելու Վարուժանի ճգնաժամը: Արդյո՞ք օտար չէին նրան երկրային այս «պատրանքները», ինչպես իր վեպերում է ասում («օտա՞ր»)… Ցավում եմ, որ խմբագրի հիշողությունը կարճ է, տասնամյակից ավելի ես կերտել եմ Վ. Այվազյան-գրողի կերպարը՝ բազմաթիվ բանավեճերի, համառ ու տևող բախումների միջոցով, որ հոգևոր ու ֆիզիկական ջանքերի արդյունք է… Դեռ թարմ է մեր երկխոսությունը «Գրականագիտական հանդես»-ի ԺԳ համարում, ուր բանավեճի «նյութը»  Վ. Այվազյանի արձակի մեկնաբանության հարցն է, որ խոր լրջությամբ վերլուծում եք դուք «Անդրադարձ»-ում, ես՝ «Քննադատական գրառումներ և մտորումներ» հոդվածում, թեև տարբեր տեսանկյուններից, բայց… ուրացու՞մ է սա,թե՞ Հերոստրատն է արթնացել խմբագրի էության մեջ… Մի՞թե մեր առաջարկածը այն ուղին չէ՞, որ արդի գրականության ընթացքը խնդրահարույց է դարձնում: Իսկ հիվանդ հոգին (արդեն կարելի է անվանել՝ «Գարուն»-ի գրագիրը) ինչպե՞ս է այն ընկալում և մեկնաբանում, ում օտարալեզու գրի մեջ (memory traces), որ մակերեսային ու չծածկագրվող «թարգմանություն է» հիշեցնում (բառացի կամ տարբեր տեղերից քաղված), փորձում է հետգրությամբ վերադարձնել մեզ՝ «ի քոյոց քեզ…»: Իսկ սխալը չճանաչելը ավելի վտանգավոր է, կրկնակի անբարո, երբ, հավելյալ, ընթերցողին մոլորեցնելու համար, ենթատեքստից կտրված կեղծ փաստեր և մեջբերումներ է ներկայացնում, որոնք, չգիտես, արժե՞ բացատրել և մեկնաբանել, թե՞ իր նմաններին պետք է ցույց տալ իր տեղը, որ, առանց ասելու էլ, հասկանալի է…
    Բայց, ո՛չ, ժողովուրդն ասում է՝ «ծուռը չի դրստվի»: Նա ծանոթ է բոլորին, ամենուր մուտք ունի, օգտվել է բոլորիս  պարկեշտությունից և հիմա «P. S.-D Memory traces» գրությամբ հիշեցնում է, թե ինքն «ով է» (ա՜յ քեզ նորօրյա Կորեյկո)՝ շնորհիվ ոչ թե իրեն, այլ գրականության ինստիտուտի գիտխորհրդի… գրության սկզբում թվարկելով իր համար հարդարված ոդիսականը… Բայց այն ես կբացատրեի իր մի ձևակերպմամբ, ուր, ինչպես միշտ, սույն գրագիրը թարգմանաբար արտագրում է և մատուցում իբրև սեփական միտք. «Ստացվում է՝ մարդն ապրում է լոտոսի կյանքով, որի արմատները տիղմի մեջ են, իսկ սպիտակ, կարմիր, կապույտ թերթիկները բացվում են պատրանքների և մոլորությունների փոփոխական աշխարհներում» («Գարուն», թ. 5-6, էջ33): Բացի այն, որ սա ինքնաբնութագրում է, և սույնը իրապես ներքին տիղմը ջրի երես է հանել, աշխարհն էլ իր համար անիրական վայր է, այնուամենայնիվ, քաղված է այն «Buddism for Today» գրությունից, որը վերցված է համացանցային կայքից (http://www.rk-world.org/publications/buddhismfortoday_B1.aspx?AspxAutoDetectCookieSupport=1): Գրությունն անգլերեն է, և այն ես մեջ կբերեմ ամբողջությամբ, որպեսզի օրինակը տեսանելի լինի. «…for a lotus is rooted in mud but opens as a pure and beautiful flower unsoiled by the mud… man can lead a correct life without being swayed by illusions, while living in this corrupt world.»:
 
    Ս. Սարինյան – Նորից ասեմ, որ «Գարուն»-ի վիճակը աղետալի է իրապես:  Վարուժանն այլևս ի վիճակի չէ նորոգելու ամսագրի ձևն ու բովանդակությունը: «Գարուն»-ի ամբողջ մթնոլորտը վարակված է նիկրոֆիլիա հիվանդությամբ: Եվ դա որոշակի երևում է Վարուժանի վերջին վեպում բարքերի նկարագրությունից: Միայն խմբագրության դուետի հիվանդագին ուղեղում կարող է պատկերվել «հեշտոցը դեմքին» և «առնանդամը թիկունքին» անոմալիան: Սա է նրանց ստեղծագործական երևակայության «թռիչքը»: Տարօրինակ է, որ հանդեսը գործում է վերահսկողությունից դուրս և անհասկանալի է գրողների միության նախագահի «արդարացումը», թե «Գարունը» կապ չունի գրողների միության հետ: Ի՞նչ կապի մասին է խոսքը: Ինչպե՞ս կարող է գրական ամսագիրը դուրս լինել գրողների միության տեսադաշտից: Այստեղ նույնպես փակագծեր կան, որ պետք է բացվեն:
    Մերուժան Տեր-Գուլանյանը ձեռնարկել է նոր ամսագրի հրատարակությունը՝ «Անդին» խորագրով: Դա, ինչպես նշում է տնօրենը, «Գարուն»-ի վերածնունդը կլինի, նոր «Գարուն»: Համոզված եմ, որ հիմնադիր «գարունականը» կիրականացնի  իրապես անհրաժեշտ իր մտահղացումը: Համոզված եմ, որ այս ամսագիրը վերջ կդնի իր դարն ապրած ու խեղաթյուրված «Գարուն»-ի գոյությանը:
 
    Ս. Աբրահամյան - Ես հասկանում եմ, որ շատերը կկշտամբեն՝ ժամանակ վատնելու անիմաստ մի գրչակի հոխորտանքները վերլուծելու համար: Թերևս ճիշտ կլինեն նրանք, եթե հարցին անդրադառնանք իբրև մասնավոր խնդրի: Ուստի խոսքը անձի մասին չէ միայն, այլ երևույթի… Իսկ մեր գրական կենցաղում սույնը իբրև երևույթ միայնակ չէ, ավելին, վարակի դրսևորում ունի արդեն: Մի՞թե երեկ չէր, երբ դուք մտրակում էիք գավառամտությունը մի հոդվածագրի, որը, ասելիք չունենալով, պատասխանում էր նույնպիսի անվայել  ավերելու կրքով, որ պարզապես գրական էթիկայի սահմաններիից դուրս էր: Իսկ իմ քննադատումից հետո այդ «նոր-ելուկը» հանդես եկավ իբրև հայոց լեզվի «պաշտպան», դիմակը փոխելով, բայց կրկին զինված կրկնօրինակելու ախտով, որին (չգիտեմ որերորդ անգամ) ստիպված էի ձաղկել «Ազգ»-ի էջերում (տե՛ս «Շինծու բարեկենդան», 1 դեկտ., 2012): Բայց, ինչպես ասում են, կարևորը սրանց համար ճշմարտությունը ասելը չէ, այլ խեղաթյուրելը(իսկ դա հասանելի է սրանց…թեկուզ կարճաժամկետ): Անուղղելի հիվանդ է սրանց համայնքը, կրում է ժամանակի դիմակը՝ երանգներ փոխելով, երբ դրա հարկը կա, ունի իր անհոդաբաշխ լեզուն՝ հեռու որևէ փաստարկումից, ինչպիսի կատարյալ դիմակ է մեր օրերի աբգարիզմը (մանր-մունրները չհաշված) … Եվ  քանի որ սա ևս՝ «Գարուն»- գրագիրը, ինչպես իր նմանակները, «օրինակներ» է բերում ձեր տեքստերից՝ դրանք նշելով իբրև թե «համընկնումների» «փաստեր» Տերյանի և Րաֆֆու գրությունների որոշ հատվածների հետ, այնուհետև հոխորտում, թե դեռևս նույն ոճով «կանդրադառնա»՝ «հաշվահարդար» տեսնելու ինձ հետ ևս, որովհետև ես «համարձակվել եմ» ասել, թե սույնի «Բանաստեղծի հայտնությունը» գրությունը (=ռեֆերատը) «Հայ նոր գրականության պատմության» 5-րդ հատորում զետեղված Վ. Տերյանի դիմանկարի պատճենումն է (որի հեղինակը դուք եք), փոխարենը, մեղսաքավության ուղիներ փնտրի, հոխորտում է… Այն էլ այն դեպքում, երբ մինչև օրս որևէ գրական տեքստ դեռևս չի վերլուծել (ինքնուրույն, իհարկե): Ուստի սրա ուղեղի քաոսային պարունակներում «ատոմներ են շարժվում», որովհետև աշխարհն այսպես է մեկնաբանում (կրկին քաղված օտարալեզու աղբյուրներից և մատուցված «անթարգմանելի»). «Ժամանակակից աշխարհը մի մեծ ունիվերսում է, որի ներքին տիրույթում մարդիկ փորձում են տիեզերական անկշռելիության մեջ հայտնվածների պես հավասարակշռել իրենց պարտադրված համակողմանիությունից ու պահպանել անձի նույնականությունը» («Գարուն», թ. 5-6, էջ 32):
    Թե ինչու՞ է «աշխարհը մի մեծ ունիվերսում (ունիվերսումը՝ մե՞ծ), և թե իր եսը աշխարհի ո՞ր ատոմի մեջ է տեղադրում սույնը, թե… ի՞նչ է նշանակում «անձի նույնականությունը» (գուցե իդենտիֆիկացու՞մը նկատի ունի) և թե ինչու՞ են «մարդիկ տիեզերական անկշռելիության մեջ»… հավանաբար ջանք պետք չէ վատնել, քանի որ նա ինքն էլ, տիեզերական անկշռելիության մեջ, «ուսուցանում» է «ինչպես ընթերցել»(սա գրության վերնագիրն է նաև)… Եվ  քանի որ շատ է սիրում, որպեսզի իր «էույթը» (իր խոսքն է) ճանաչեն պոստմոդեռնիզմի «ունիվերսալ» տարածքում, «տեխնոգեն» հասարակության «արմատների» ծածկույթում (իր գործածած բառերն են), և, լինելով «ուղղափառ-տեսաբան» (այ քեզ զավեշտ), զարմանում է, թե ինչպես կարելի է ասել ներքին պլագիատ,  մոռանալով, որ բոլորը հասկանում են սա «ոչ բառացի արտագրություն» կամ «իմաստի յուրացում» նշանակությամբ, ուստի, նույն այս «ինքնավստահությամբ», թեև անկատար և ինքն իրեն մատնող, յուրացնում և կցմցում է մտքեր, կապակցություններ Յու. Կրիստևայից, Հաննա Արենդտից (Կրիստևայի մեջբերումների միջոցով), Ֆրոյդից (գուցե իր ներքին բարդույթները ճանաչելու): Եվ սա, փոխարենը լռելու, հանդես գալով իբրև ուղղափառ արտագրող, իր գրության մեջ խոսում է «արևմտյան օրիգինալի» մասին, որի «պատենտն» է իբրև թե յուրացրել Ս. Աբրահամյանը, քննադատի ի՛ր տեսանկյունից Ս. Մարգարյանը մեկնաբանել Արտեմ Հարությունյանի պոեզիայի որոշ հարցեր «Միֆի՞, թե՞ ապամիֆականացված իրականությունը» («ԳԹ>,15 հուլիսի,2011թ.) հոդվածում, Ս. Սարինյանը ստեղծել վիթխարի ժառանգություն, որ գրականության պատմության կեսդարյա ժամանակաշրջան է ընդգրկում (ի՜նչ աղետալի ցինիկություն):
    Բայց, չցանկանալով լսել ներքին ձայնի արձագանքը, կրկին, անդրադառնալով փաստերին, ամբողջացնեմ միտքը: Եվ նախքան ձեր «Անդրադարձ»-ի առիթով գրված   սույն գրագրի «հիշողության հետքը» մեկնաբանելը(«Գարուն», թ.9-10,2012), հավելեմ նաև մի հոդվածի օրինակ, որը տպագրել է «Գրական թերթը» (հավելված 6, 2012թ.) «Aritmia» վերնագրով, ուր Յու. Կրիստևայի չմարսված (ավելի ճիշտ՝ աղավաղված) մտքերի շարադրանքն է: Կրիստևայի մեկնությունների համար նշանակություն ունեն լեզվի սեմիոտիկական և նշանային ըմբռնումները: Նրա հետաքրքրության ոլորտում են ներառվում «պայթյուն» և «հետք» հասկացությունները ֆենոմենոլոգիական ընկալմամբ, որոնք մշակույթի տեքստը կազմալուծելու ընթացքն են նկարագրում, մշակույթի փոխակերպումները: Սա բարդ պրոցես է, անվերջ տրոհվող, որի տատանումները Կրիստևան արտահայտում է մշակութային մելոսի և ռիթմերի տատանումերի միջոցով (ներդաշնակությունից աններդաշնակություն և հակառակը), իսկ 1990-ականներին՝ մշակութային բունտի նկարագրությամբ (երբ մշակույթը աշխարհի կեղծ պատկերը արտահայտում է շոուների և հաճույքների պատկերման միջոցով՝ պահպանելով իր քննադատական ոգին)… Մի խոսքով Կրիստևայի ընկալումը՝ Aritmia-ն, սույն սուբյեկտի նյութն է՝ առանց որևէ տեքստ վկայակոչելու. ծայրեծայր կցմցած, և տագնապում ես, այնուամենայնիվ, Կրիստևայի վիթխարի մշակութաբանական փորձը ներկայացված է առանց «անվան» նշելու (ինչու՞ չէ, սույնն իր անունով է կոչում…): Բայց, ինչպես ասում են, ոչ մի գործողություն և հետևանք «միայնակ», առանց շարունակության հանդես չեն գալիս: Եվ թեև սույն սուբյեկտը այն բացատրում է «հարաբերությունների բազմակերպությամբ…», ինչ-որ զուգահեռ-»էկզիստենցիալ որոնումների», անհատական «ունիվերսալացմամբ», այնուհետև՝ «մեկնաբանում» իբրև «ինքնին գոյություն», որոնցից ինքն էլ բան չի հասկանում (գոնե հիշի Կրիստևային, որը հուշում է, թե լեզուն միշտ նույնանում է (վերադառնում է) սուբյեկտին, որ բունտ-մշակույթի սինդրոմն է, ասեմ նաև՝ նախահիմքը…): Իսկ սա երևակայում է՝ «մեղադրելով» Ս. Սարինյանին «Անդրադարձ»-ում իր նմանների անմտությունը մերժելու համար՝ «փոխադարձելով» և անվանելով  «Անդրադարձ»-ը «քննադատական մոտավոր-ա-պեսություն», որի «ասելիքը խաղ-պոլեմիկայի տիրույթում է», «պատրանքային» է… Միանգամայն շինծու դիտարկում մեկի համար, որ իր գրության մեջ «պատմության պատմությունը վերլուծություն է» համարում, թեկուզ՝ «մասնավոր» («Գարուն»,թ.9-10,2012,էջ 56) (խոսքը «Լույս-Ա-պտույտ» գրության մասին է, որ Ս. Սարինյանը, հիմնավոր փաստարկումով, «վերլուծության իմիտացիա» է անվանում): Իսկ դրանից հետո վրիպումներ արձանագրում «Անդրադարձ»-ի «Եղիցի լույս»-ում հրապարակման մեջ, որոնք սրբագրված են «Գրականագիտական հանդես»-ի ԺԳ համարում և հասկանալի է, որ նշված վրիպումները Ս. Սարինյանի բնութագրի հետ կապ չունեն առհասարակ: Առհասարակ «P.S. – D Memory traces» գրության հեղինակի «մտահղացման» հետ կապ չունեն ևս այն օրինակները, որոնք մեջբերում է սույնը՝ տեսողական «պատրանք» ստեղծելու իբրև պլագիատի կամ ներքին պլագիատի (իմաստի յուրացման) հետ: Եվ քանի որ օրինակները հիմնականում քաղված են ձեր «Հայոց գրականության երկու դարը» աշխատության առաջին հատորից (1988թ.), համեմատում Վ. Տերյանի 1956-ին հրապարակված հատորի հետ, որոնք ընդամենը սրբագրական բացթողումների հետևանք են: Թերևս այս գրագիրը քննադատելուց առաջ հաշվի չի առել, որ Ս. Սարինյանը առաջին անգամ չէր, որ քննում և մեջբերում էր Վ. Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածի դրույթները, բազմաթիվ անգամներ բանավեճեր և երկխոսություններ է վարել նույն հարցի շուրջ, նշված գրքի մեջ ևս  և այլ հատորներում մեջբերել Վ. Տերյանի նշած պարբերությունները: Եվ, թերևս, մտքի մի ընտրությամբ, երբ այլևս գրում ես հայտնիի մասին, որ միայն Վ. Տերյանի միտքը չէ այլևս, արդեն հանրայնացված է, ինչը մեջբերում է սույն սուբյեկտը Տերյանի հոդվածի 490-97 էջերից , համեմատում Ս. Սարինյանի «Հայոց գրականության երկու դարը» գրքի 1-ին հատորի 399 էջում նշվածի հետ, ուր գրողը և գրականագետը խոսում են եվրոպական կուլտուրայի ազդեցության և հայ կղերի սահմանափակ մտածողության, «ինքնաբավ սեմինարիզմի» (Սարինյան) մասին, իրեն հարց տալի՞ս է սույնը, թե ի վերջո ինչու՞ պետք է գրողի և գրականագետի ըմբռնումները տարբեր լինեն… Այս գրագիրը ո՛չ ստեղծագործական աշխատանքի, ո՛չ ծավալուն աշխատանք կատարելու փորձ չունի և չգիտի, որ գրության հատվածը, երբ մեջբերվում է, այնուհետև, որոշ հատվածներ, տերմիններ գրության շարունակության մեջ վերապատմվում են արդեն: Մինչդեռ այս գրագիրը կտրում է տեքստից մի երկու տող (տե՛ս, Տերյանից մեջբերումը նշվում է էջ 490-97, իսկ Սարինյանից՝ միայն էջի տվյալ հատվածը), ինչը ծանոթ հնարք է (սկզբում ասել ենք՝ միջակախաղ), և նույնը սույնը անում է  մեջբերված հաջորդ հատվածներում, ուր Տերյանը իր գրության հատվածում մեկնաբանում է հայրենիքի և հայրենասիրական պոեզիայի առանձնահատկությունը, որ, գրողի կարծիքով, XX դարասկզբի հայ գրականության «կրիզիսի» պատճառն է: Մինչդեռ Սարինյանի բնութագրումը ծագում է այլ եզրահանգումից, զարգացման պատմական այլ հեռանկար է նախանշում, ուստի խոսել Տերյանի մտքի «յուրացման» մասին, առնվազն անգիտություն է, եթե չասեմ՝ տխմարություն: Նույնը և Րաֆֆու վիպասանության նկարագրումը (էջ 398), որ այնքան հանրահայտ միտք է, Սարինյանի կողմից բազմաթիվ անգամներ մեջբերված (ուր նշված է նաև Տերյանի հատորը, հրատարակությունը և էջը), որ անիմաստ է գրականագետի վիթխարի ժառանգությունից «կտրել», վրիպակը ներկայացնել իբրև տեսողական պատրանք, «խաղ-պոլեմիկայի բնույթ» հաղորդել (ինչին ձգտում է սույն գրագիրը)… Թեև ինչու՞ ենք զարմանում, սույնը իրապես «խաղում է» և հայտնվել է իր հորինած պարանոյայի թակարդում, հատել տխմարության եզրագիծը…
 
    Ս. Սարինյան – Քո վերլուծականում «Գարունը» և հավելված անձը մերկացված են կատարելապես: Ահա թե մինչև ուր կարող է հասնել մտավոր ու կենսահոգեբանական խեղումը: Հայտնի իմաստություն է, այնտեղ, ուր փոշիանում է մարդկային գործոնը, անխուսափելի է դառնում հակաբարոյական ամեն մի արարք: Իմ պատասխանը Թոմաս Բոքլի մասին Նալբանդյանի ասույթն է՝ «Տգիտության շուները հաչեցին քո վերա»:
    Ժամանակ առաջ, երբ Հովհաննես Գրիգորյանը տագնապ էր արտահայտում միջակության աղետի վերաբերյալ, ես փորձում էի փիլիսոփայորեն հիմնավորել միջակության գոյական իրավունքը: Բայց երբեք չէի կարող գուշակել, թե ինչ աստիճանի կարող է հասնել միջակության ագրեսիան, որի «տեսական» հիմքը տգիտությունն է: Իսկ Տգիտությունը զորավոր ուժ է: Իզուր չէ, որ Հին Թեբեի բնակիչները քաղաքի կենտրոնում տգիտության արձան են կանգնեցրել, որ մարդիկ աշխատանքի գնալուց առաջ դիտեն այն և հեռու մնան անբարո արարքից: Այդպիսի մի արձան պետք է կանգնեցնել հայ գրողների «Միջակության սրահում» (կլոր սրահ):
    Ահա այստեղ է, որ առաջանում է քննադատության ախտորոշող դերը: Գլխավոր չարիքը չափանիշների կորուստն է: Քննադատությունը գիտություն է և փիլիսոփայական գիտություն, և կոչված է բացահայտելու գրական երևույթների ծագումնաբանությունը, գաղափարը, ձևաբանությունն ու կառուցվածքային ամբողջականությունը: Երբ Դավիթ Հովհաննեսն ասում է, թե «ես բառ եմ որոնում», ապա դա իր խորքում ունի տաղանդի ներքին տառապանքը և կատարյալի տիեզերական ձգտումը: Բայց եթե մի դիլետանտ գրչակ (ինչպես սա) նույնպես ասում է, թե՝ «բառ եմ դարձել», ապա դա իմիտացիա է և բառագողություն: Քննադատը պետք է կարողանա տարբերել տաղանդի խոսքը միջակության նմանարկումից: Միլիտոնյանը իր արյան բջիջներով է զգում վայրկյանի հավերժությունը, որը խորապես փիլիսոփայական աշխարհընկալում է: Իսկ միջակության բառապաշարում այն ընդամենը ժամացույցի սլաքի շարժում է և ուրիշ ոչինչ: Քննադատը պետք է կարողանա ճշգրիտ ընկալել իրերի բնությունն ու շարժումը, այլապես դատապարտված է ոչնչության:
 
    Ս. Աբրահամյան –  Քննադատության պատասխանատվությունն անհրաժեշտ է, ինչի մասին խոսել ենք բազմիցս: Բայց գրական մամուլը սերիալներով գրվող ինտրիգ է փնտրում և, որքան հնարավոր է, հնարամիտ և ճյուղավորված… Էլեկտրոնային մամուլը օրինակ: Որքան էլ այն բազմաթիվ առավելություններ ունի, սակայն այնտեղ, ուր բացախոսության անվամբ իշխում է ամենաթողությունը, անփույթ խոսքի վարակը, այնտեղ գերիշխում է անպատասխանատվությունը: Մեկնաբանելու կիրքը (ինչպես իրենք են ասում՝ «comment»-ը) , երբ  հասու է անգետին և կիսագրագետին, ավերում է ժամանակի ցնցումներին չենթարկվող յուրաքաչյուր շինություն, պատմական շաղախով հիմնված գրադարան ու ավանդույթ…Ահա թե ինչու Դավիթ Հովհաննեսը «Բանաստեղծություն» ստեղծագործության մեջ, կերպավորելով  նոր խմբագրին , ասում է, թե նա նույն «գաղափարական» Դարչոն է, նույն ներքինին ու ստահակը, որ պատրաստ է «տրորել ամեն նվիրական ապրում,//  հատել, խեղանդամել, տողդ շուռ տալ,//աղճատել, կռտել, փոխարինել//…մանավանդ, երբ բառն անծանոթ է իրեն(«Նոր քրոնիկոն», էջ104 ): Այպիսին է նոր խմբագրի և իր «թիմակցի»  «զորությունը», և  նրանք են  վկան «դատավորի» կեցվացքով, որ հայելու մեջ  շփոթել են կեցվածք ընդունողի և նմանակի պատկերը…Եվ հնարավոր է, որ խմբագիրը և իր գրագիրը նախապատրաստում են իրենց «սերիալը» գրական մամուլում, բայց հավատացնում եմ, որ այն նրանք շարունակելու են առանց մեր մասնակցության, այլևս անպատասխան, որովհետև անհնար է իջնել և հավասարվել այնքան, ուր երբեք չենք եղել ու չենք լինի:
    Այնուամենայնիվ, թե՛ դուք, թե՛ ես հասկանում ենք, որ գրական մամուլը ինքնամաքրման կարիք ունի, որը հնարավոր կլինի իրագործել գրական նոր շարժմամբ: Դրա նախանշանները տեսանելի են «Գրեթերթ»-ում, ուր մկրտվել են նոր անուններ և կրում են գրական նոր շարժման կնիքը, ինչպիսիք են Հր. Սարիբեկյանը, Հովհ. Թեքգյոզյանը, Հ. Համբարձումյանը, Ա. Պաչյանը, Հուսիկ Արան, Հ. Սիմոնյանը… Նույն թերթում են հասակ առել, ողնաշարը ձգել քննադատների նոր սերունդը՝ Արք. Նիկողոսյանը, Ա. Ավանեսյանը, Ք. Հովհաննիսյանը, Հ. Համբարձումյանը, Գ. Աքելյանը… Նշանակալի երևույթ է, իհարկե, «Գրականագիտական հանդեսը», եթե հնարավոր լինի հրապարակել հաճախ, բայց…
     Մի խոսքով, հնարավորությունն առկա է, եթե միայն նյութական ճգնաժամը, որ վերաճել է գրական ճգնաժամի, հնարավորություն չընձեռի գրական սպեկուլյանտներին ձուկ որսալ պղտոր ջրում (որն, ինչպես տեսնում եք, հնարավոր է): Մեր երկխոսությունը ահա այդ մասին է բացառապես( կրկին ասենք՝ ուրիշ  ոչ մի բանի կամ անձի), որ բոլոր ժամանակներում իր անունն է ունեցել. Թումանյանն ասել է՝ «գրական ոչնչաբանություններ», դուք վկայեցիք Նալբանդյանի ասույթը, որն անվանում է սրանց «տգիտության շուներ»: Գուցե նրանց պետք է անտեսել, բայց, միաժամանակ, նշավակել և ձաղկել: Թեև, ինչ թաքցնեմ, սա ասելով հիշեցի Լերմոնտովի մի էպիգրամը, ուր մեծ բանաստեղծը տիրոջից խնդրում էր ազատել իրեն երեք պատուհասից՝ խաբեբային պախարակելուց, տխմարի հետ կատակելուց և կնոջ հետ վիճաբանելուց, որ նույնն է՝  «մաղն առնեք և ջուր կրեք» («Նարցիս», 5-6, 2012, էջ 131): Սա այսպիսի դեպքի համար է ասված, թեև հասանք, որ տերը մեզ կազատի նման պատուհասից: Ուստի, եզրափակելով միտքս, որպես վերջաբան մեջբերեմ կրկին բանաստեղծի «լավատեսական» աղոթքի («Իմ աղոթքը») երկու տողը, որն ասում է՝ «Տե՛ր, պահպանիր ճանճիկներից//… և ռոմանտիկ պառավների… սրբությունից» (էջ 131):
  • Created on .
  • Hits: 7708

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: