«Ասոնանս»-ն այլևս անհրաժեշտություն էր

Կոմպոզիտորներ Արամ Հովհաննիսյանի, Սերգեյ Ումրոյանի և Ռուբեն Անտոնյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է «Ասոնանս» ժամանակակից երաժշտության անսամբլը: Նոյեմբերի 17-ին ժամը 19։00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա անսամբլի առաջին համերգը: Այս կարևոր իրադարձության առիթով Cultural.am-ը զրուցել է Ռուբեն Անտոնյանի և Սերգեյ Ումրոյանի հետ: 

- Ինչպե՞ս հասունացավ «Ասոնանսը» ստեղծելու միտքը: Ո՞րն էր նման անսամբլ ստեղծելու անհրաժեշտությունը:

Ռուբեն Անտոնյան.- Ժամանակակից երաժշտության անսամբլ ստեղծելու միտքը դեռ շատ վաղուց էր հասունացել, այն ժամանակ, երբ դեռ չորս կոմպոզիտորներով՝ ես, Անրանիկ Բերբերյանը, Արամ Հովհաննիսյանը և Սերգեյ Ումրոյանը, նոր էինք հիմնադրել «Քառորդ տոն» կազմակերպութունը։ Բոլորս համախմբվել էինք մի ընդհանուր գաղափարի շուրջ, որն էր՝ ժամանակակից երաժշտության զարգացումն ու տարածումը Հայաստանում։

Շատ հաճախ, այն ինչ Հայաստանում ներկայացվում էր որպես ժամանակակից երաժշտություն, դուրս էր ժամանակակից երաժշտության մեր ընկալումներից, և մենք ունեինք մեր տեսլականը:

Ruben AntonyanԱրդեն մոտ երկու տարի է «Քառորդ տոն» կազմակերպութունը ակտիվ գործունեություն է ծավալում՝ կազմակերպելով տարաբնույթ միջոցառումներ և համերգներ: Կարծում եմ՝ մեր կազմակերպության մեծագույն ձեռքբերումներից է Crossroads ժամանակակից երաժշտության միջազգային ամենամյա փառատոնը: Այն ներառում է բազմաթիվ սեմինարներ, վարպետության դասեր և մի շարք համերգային ծրագրեր։ Փառատոնի ընթացքում Հայաստան են ժամանում արտերկրից բազմաթիվ նշանավոր կատարողներ և կոմպոզիտորներ: Մտահոգ լինելով բարձրարժեք ժամանակակից երաժշտության տարածման խնդիրներով՝ չէինք կարող չկարևորել ժամանակակից երաժշտության անսամբլի ստեղծումը, քանի որ նման բան ի սպառ բացակայում է մեր երկրում։

Ձեռք բերելով որոշակի կազմակերպչական փորձ «Քառորդ տոնի» գործունեության ընթացքում, նաև խոսելով տարբեր երաժիշտների հետ և տեսնելով նրանց մտահոգությունները և պատրաստակամությունը լինել ներգրավված այս գործում՝ հասկացանք, որ պահը հասունացել է, և հիմնել նման անսամբլ այլևս ուղղակի անհրաժեշտություն է:

«Ասոնանսը» առանձին կազմակերպություն է, սակայն ակտիվ ներգրավված է լինելու «Քառորդ տոնի» կողմից կազմակերպվող համերգներում։

- Ո՞վ է զաբաղվում անսամբլի գեղարվեստական մասով՝ ծրագրի ընտրության, կատարմանը հետևելու հարցերով։

Sergey UmroyanՍերգեյ Ումրոյան.- Անսամբլի գեղարվեստական ղեկավարը կոմպոզիտոր՝ Արամ Հովհաննիսյանն է, որը զուգահեռ նաև «Քառորդ տոնի» Crossroads ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարն է: Նրա երաժշտական ճաշակն ու իմացությունը, գումարած դրան միջազգային փորձն ու շփումները անսամբլի առջև բացում են ստեղծագործությունների ընտրության մեծ ձայնադարան: Հիանալի է, երբ աշխատում ես պրոֆեսիոնալների հետ և վստահության մթնոլորտում։

- Ովքե՞ր են անսամբլի մենակատարները և ինչպե՞ս եք ընտրել նրանց։

Սերգեյ Ումրոյան.- Կատարողների ընտրության հարցում բավական խիստ ենք գտնվել. ընտրվել են բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող կատարողներ՝ Նարեկ Ավագյան (ֆլեյտա) Արսեն Գրիգորյան (կլարնետ), Անի Կարապետյան (ջութակ), Մերի Դոլմազյան (ալտ), Միքայել Նավասարդյան (թավջութակ), Արթուր Ավանեսով (դաշնամուր), Անահիտ Դիլբարյան (դաշնամուր):

- Երկուսդ էլ կոմպոզիտոր եք և զբաղվում եք «Քառորդ տոնի» և «Ասոնանսի» բոլոր կազմակերպչական գործերով։ Ինչպիսի՞ դժվարություններ և վտանգներ կան ընդհանրապես ժամանակակից ակադեմիական երաժշտությունը տարածելու գործում։ Ունե՞ք արդյոք հետագայի համար նախատեսված հատուկ ծրագրեր, որոնք կօգնեն   լսարան պատրաստել, ժամանակակից ակադեմիական երաժշտությունը ներկայացնել ավելի մեծ լսարանի։

Սերգեյ Ումրոյան.- Չէի ասի, որ վտանգներ, բայց կան դժվարություններ և կազմակերպչական բնույթի, և իրավական դաշտում լավ կլիներ նմանատիպ կառույցների համար մշակվեր հարկման ավելի աջակցող տեսակ, բայց սա արդեն կքննարկենք նոր Հայաստանի կառավարության հետ մոտ ապագայում։ Ծրագրված են կրթական համակարգում համագործակցություններ երաժշտական դպրոցներից սկսած մինչև կոնսերվատորիա, բայց փակագծեր առայժմ չեմ ուզում բացել: Լսարանը միանշանակ հնարավոր է ընդլայնել և զարգացնել, բայց դրա համար պետք է մշակված ծրագիր, ռազմավարություն, որի մոդելը պատկերացնում ենք և կամաց-կամաց կմոտեցնենք իրականացման:

- «Ասոնանսի» հետագա գործունեությունը և ծրագրերը։

Սերգեյ Ումրոյան.- Արդեն իսկ հիմանականում ծրագրված է 2018-2019 համերգաշրջանը։ Առաջիկա 5 համերգները, որոնցից երկուսը տեղի կունենա Crossroads 2019 ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում։

- Նախատեսո՞ւմ եք համագործակցություններ արտերկրի հետ։

Ռուբեն Անտոնյան.- Այո, միանշանակ նախատեսում ենք։ Շատ կարևորում ենք ինչպես համաշխարհային լավագույն գործեր համերգներում ծրագրելը, այնպես էլ համագործակցությունը տարբեր կոմպոզիտորների, դիրիժորների և կատարողների հետ։ Արդեն իսկ ունենք համագործակցության կոնկրետ ծրագրեր։ Այսպես օրինակ՝ 2019 թվականին Crossroads ամենամյա ժամանակակից երաժշտության փառատոնի ընթացքում նախատեսում ենք հրավիրել իտալացի կոմպոզիտոր և դիրիժոր՝ Պաոլո Րիչիին, որը փառատոնի շրջանակներում մի ամբողջ համերգային ծրագիր կղեկավարի անսամբլին: Նաև նախատեսում ենք ժամանակ առ ժամանակ հրավիրել տարբեր մենակատարների, ովքեր հանդես կգան անսամբլի կազմում որպես հրավիրյալ երաժիշտներ։     

  • Created on .
  • Hits: 2862

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: