Հայկ Վարդանյան. Թվային միջավայրում արվեստը չի տուժում

 

Ութ տարվա դադարից հետո Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում վերաբացվեց Ղազարոս Սարյանի անունը կրող Օպերային ստուդիան: Օպերային ստուդիայի ծրագրերի, վերջերս բացված «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բարեկամներ» հիմնադրամի և այլ թեմաների մասին ենք զրուցել Օպերային ստուդիայի ղեկավար, օպերային երգիչ Հայկ Վարդանյանի հետ:

 

 -Ստուդիան փաստորեն ութ տարի չի գործել: Ինչո՞ւ էր դադարն այսքան երկար: Կմանրամասնե՞ք վերաբացման ընթացքը:

-Շատ համառոտ կպատասխանեմ առաջին հարցին. քանի որ անցյած ութ տարիների ընթացքի դադարը Կոնսերվատորիայի այդ ժամանակվա մենեջմենթի մոտեցումն էր: Անհրաժեշտ ուշադրություն չի դարձվել Կոնսերվատորիայում նմանատիպ լաբորատորիայի աշխատանքին: Մենեջմենթի փոփոխությունից հետո այս լոբորատորիայի հանդեպ ուշադրությունը վերադարձավ և հրավիրվեցին մարդիկ, ովքեր պետք է օպերային ստուդիան կրկին վերածեն ակտիվ թատրոնի, որտեղ Կոնսերվատորիայի` հատկապես օպերային պատրաստման ամբիոնի ուսանողները, պետք է իրենց կարևորագույն փորձառությունը ձեռք բերեն բեմի վրա և աշխատանքի մեջ առհասարակ: Օպերային ստուդիայի գլխավոր առաքելությունը օպերային երգիչներ պատրաստելն է և դեպի մեծ բեմ նրանց փորձառությունն ապահովելը: Օպերային ստուդիան պետք է կրկին վերածվեր արտադրության, ինչն էլ մենք նախաձեռնեցինք: Արդեն այս տարի փետրվարին մենք ունեցանք թեմատիկ վերաբացման համերգ, որտեղ ներկայացվեցին հայկական օպերաներից հատվածներ:

-Աշխարհն առաջ է գնում գլխապտույտ արագությամբ, եթե ոչ ամեն օր, գոնե ամեն տարի բոլոր ոլոտներում նոր երևույթների ենք ականատես լինում: Այս տեղեկատվական տեխնոլոգիաների և թվայնացման դարաշրջանում ի՞նչ մարտահրավերներ են ծառացել Օպերայի ստուդիայի առջև ու ինչպե՞ս դիմակայել դրանց:

-Տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարաշրջանում միայն օպերային ստուդիան չէ, բոլոր օպերային թատրոնները և, ընդհանրապես, թատրոնները փորձում են օգուտ քաղել դրանից: Այսօր հանդիսատեսին գրավելու համար նույն տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են ավելի հարուստ ներկայացումներ բեմադրել, ինչ-որ տեղ էականորեն նվազեցնելով բեմադրական ծախսերը, հարստացնելով վիզուալ շատ էֆեկտներով: Կարևորը` արվեստը դրանից չի տուժում:

- Խոսենք թեմատիկ համերգների և օպերային ներկայացումների մասին:

Մեր համերգաշրջանը վերաբացումից հետո բաժանել ենք երկու մասի` օպերային ներկայացումներ և թեմատիկ համերգաշարեր: Առաջինը շատ ավելի ֆինանսական պահանջներ ներկայացնող միջոցառումներ են, և մենք տարեկան 2-3 ներկայացումից ավել մեզ չենք կարող թույլ տալ: Հատկապես, որ ներկայացումները լինելու են լիարժեք և նվագակցելու են Կոնսերվատորիայի ուսանողները` նոր ձևավորված Կոնսերվատորիայի սիմֆոնիկ ուսանողական նվագախումբը: Ամեն ներկայացման համար դրամաշնորհների ենք դիմում: Առաջինը` «Դոն Պասկաուել»-ի օպերան, արժանացավ պետական դրամաշնորհի, այն առնվազն հաստատված է, գումարի փոխանցումը կլինի, երբ արտակագ իրավիճակով պայմանավորված այս ընթացն անցնի: Երկրորդ օպերային ներկայացումը կլինի «Կարինե» օպերետը, որը նվիրվելու է Ղազարոս Սարյանի 100-ամյակին: Աշնանը, հուսով ենք, կկարողանանք «Կարինե» օպերետը ուրույն ռեժիսուրայով բեմադրել: Թեմատիկ համերգները ներկայացնելու են տարբեր ժամանակաշրջանների երաժշտություն: Առաջին թեմատիկ համերգը միայն հայ կոմպոզիտորների օպերաներից հատվածներից էր բաղկացած: Ներկայացվեցին արիաներ և դուետներ միանգամից հայկական տաս օպերաներից, որոնց մեծ մասը շատ վաղուց բեմ չէին բարձրացել՝ «Նամուսը», «Լուսաբացին», «Խաչատուր Աբովյան» և այլն: Ութ համերգ ամեն տարի: Կազմակերպված գրաֆիկով ընդունվում են հայտեր ուսանողների կողմից, իրականացվում են լսումներ, ընտրվում են սոլիստներ, և մտնում ենք փորձերի փուլ:

-Ուսանողների տրամադրվածության մասին ի՞նչ կարծիք ունեք:

-Ոգևորվածությունը շատ բարձր է, որովհետև շատ թափանցիկ գործունեության սկզբունք է որդեգրվել: Ներկայացումների բոլոր լսումները նախապես հայտարարվում են, բոլորը կարող են դիմել ուսանողական շրջանակից: Ընտրությունն էլ կատարվում է այնպիսի կոմիտեի կողմից, որը ոչ թե խորհրդակցությամբ է որոշում կայացնում, այլ ամեն մեկն իր գնահատականն է տալիս, և միջինացված ցուցանիշներով լավագույններն ընտրվում են: Թեմատիկ համերգաշարերի ժամանակ ֆիլտրումն այդքան մեծ չէ, քանի որ համերգները հաճախ են: Բեմ բարձրանալու հնարավորություն հաճախ է ընձեռնվում:

-Ո՞ւր է գնում Օպերային մշակույթը, նրա զարգացման մասին խոսենք:

-Օպերային մշակույթը, ցանկալի է, որ դահլիճներից դուրս չգա, որովհետև մենք գործ ունենք բնական ձայների հետ, որոնք պահանջում են բնական ակուստիկ միջավայր: Շատ է խոսվում օպերային ինդուստրիայի նահանջի մասին: Իրականում, իմ անձնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս ոլորտը կայուն աճ է դրսևորում, և նոր փառատոններ են հիմադրվում, ավելի ու ավելի շատ նոր աշխատատեղեր են ստեղծվում: Ես ուզում եմ հավատալ, որ, ամեն դեպքում, մենք, շուկայավարական սկզբունքներից ելնելով, որակական զոհողություններ չենք ունենա օպերայի ոլորտում այլ, ինչպես նշեցի, տեխնոլոգիական նորամուծությունները օպերայում կօգտագործենք բեմադրությունները վիզուալ առումով ավելի հարուստ դարձնելու համար:

- Կորոնավիրուսի համավարակը կարո՞ղ է ինչ-որ կերպ անդրադառնալ այդ ամենի վրա:

-Կորոնավիրուսը ազդել է, և դեռ երկար ժամանակ զգալու ենք այդ ազդեցությունը, քանի որ, ընդհանրապես, մշակույթի ոլորտի զարգացումը մեծապես կախված է տնտեսական ցուցանիշներից և պատահական չէ, որ հենց առաջադեմ ու զարգացած երկրներն են միայն իրենց կարողանում թույլ տալ նաև օպերային արվեստին անհրաժեշտ ուշադրություն դարձնել: Առաջատարն այդ առումով Գերմանիան է: Կանխատեսումներ շատ-շատ են անում` կորոնավիրուսի ազդեցության հետ կապված: Բայց հոգու խորքում զգում եմ, որ գոնե երկու տարի հետո մենք կրկին բնականոն հունով շարունակելու ենք ամեն բան:

-Թվում է` ինտերնետը կլանել է ամբողջ աշխարհը, ու մարդկային շփումներն էլ հենց այդտեղ են սկսվում և ավարտվում: Թե՛ մեծահասակները, թե՛ երիտասարդներն ու դեռահասներն այնտեղ են: Ո՞վ է Օպերայի հանդիսատեսը, փոքր-ինչ բնութագրումը տանք, հետո խոսենք, թե ի՞նչն է այն ձգող ուժը, որ մարդկանց բերում է օպերային դահլիճ:

-Օպերան սինթետիկ արվեստ է. մենք գործ ունենք միաժամանակ նկարչության, ճարտարապետության երաժշտության, թատրոնի հետ: Արվեստի ձգողականությունն իրականում կախված է այն որակների հետ, որ կոնկրետ տարածաշրջանի, կոնկրետ երկրի, կոնկրետ թատրոնը կարող է առաջարկել: Բնութագրելով այսօրվա հանդիսատեսին. անկեղծ լինենք, ես տասից ավելի եվրոպական թատրոններում եմ եղել, և, կարելի է վստահաբար պնդել, որ հանդիսատեսի միջին տարիքը հիսունից բարձր է: Այդ ուղղությամբ էլ պետություններն անելիք ունեն: Գերմանիայում այդ վիճակագրությունն ավելի շտկված է, քանի որ դպրոցական տարիքից երեխաներին պետական ծրագրով օպերա հրավիրելու շատ հետաքրքիր պրակտիկա կա: Շատ ներկայացումներ պրեմիերայից առաջ «պրեմիերա» են անցնում, կնքվում են հենց դպրոցականների առջև, դպրոցականներն են լինում առաջին հանդիսատեսը: Օպերայի վաղվա ունկնդրին, ճիշտ մշակութային քաղաքականության շնորհիվ, կրթում են հենց դպրոցական տարիքից և այն, որ օպերան կրթում է, դաստիարակում է, լավ քաղաքացի կերտում, փաստ է:

-Կարծում եմ, որ PR գործիքների և տեխնոլոգիաների կիրառումը կարող է շատ մեծ փոփոխություններ բերել այս ոլորտում: Արդյո՞ք Հայաստանում կիրառվում է PR այս ոլորտում:

-Իրականում նման մասնագիտությունների ներթափանցումը մշակույթի դաշտ շատ ցանկալի է, այսինքն պրոֆեսիոնալների, ովքեր պետք է մշակույթի կառավարումը զարգացման շրջափուլի մեջ մտցնեն և ունենան երկարաժամկետ պլանավորում և ամբիցիաներ: PR-ն ու մարքեթինգն այստեղ շատ մեծ անելիք ունեն` արվեստը սիրելի դաձնելու առումով: Ես շատ կուզենայի ապագայում համագործակցել պրոֆեսիոնալների հետ` ունենալով համապատասխան տնտեսական մոդել: Այս ամենը չպետք է կամավորության վրա հենվի, այլ պետք է կենսունակ բիզնես մոդելի վերաճի: Մենք մտադիր ենք Կոնսերվատորիայի օպերային ստուդիան վերածել խաղացանկային օպերային թատրոնի, ժամանակի հետ վերականգնել մեր գլխավոր մուտքը, ունենալ տոմսային տնտեսություն, բիզնես պլան ու զարգացման ռազմավարություն:

- Գերմանիայից օրինակներ բերեցիք: Խոսենք մի քիչ արտասահմանյան օպերային ստուդիաների մասին՝ զուգահեռներ անցկացնելով:

-Գերմանիայի մասին շատ բնական է խոսելը, որովհետև իրենք աշխարհում բացարձակ առաջատարն են օպերային ներկայացումների թվով: Ես առիթ ունեցա անցյալ աշնանը հանդիպում ունենալ Եվրոպայի տարբեր քաղաքների օպերային ստուդիաներում, մենք վերցնելու շատ բան ունենք, նաև արտիստների զարգացման մեթոդիկայի առումով: Այդ դասապրոցեսները կփորձենք աստիճանաբար ինտեգրել մեզ մոտ: Դրանք տեխնիկական բնույթի են, բայց շատ կոմպլեքս են դիտում օպերային երգչին` որպես մասնագետ, և շատ մեծ ուշադրություն է դարձվում հատկապես դերասանական խաղին և լեզուների իմացությանը: Առանց բացառության, բոլոր օպերային ստուդիաներում իտալերեն, ֆրանսերերն, գերմաներեն լեզուների առանձին դասեր կային: Օպերային արտիստն, առանց լեզվին տիրապետելու, իր դերերգի մեջ այդքան համոզիչ չի լինի, նույնիսկ եթե բառ-բառ իր համար թարգմանել են, կամ ինքն է թարգմանել տեքստը: Հանդիսատեսին իրական զգացողություն փոխանցելու համար պիտի նաև այդ լեզվի կրողը լինես:

-Ժամանակակից օպերային ստեղծագործություններին կուզեի անդրադառնաք. որպես օպերային երգիչ, որքանո՞վ են դրանք Ձեր հետաքրքրությունների շրջանակում, արդյոք ունե՞ք համագործակցություն ժամանակակից կոմպոզիտորների հետ:

-Ժամանակաից օպերաների հետ առայժմ չեմ առնչվել և համարել եմ, որ արտիստի զարգացման ճանապարին պետք է դասականների վրա հենվել, հատկապես իտալական դասականների, որովհետև դա երգեցողությունը ճիշտ զարգացնելու լավագույն ձևն է, բայց շատ հաճախ տեսնում եմ, որ օպերային ստուդիաները շատ հետաքրքիր էքսպերիմենտալ հարթակ են դառնում ժամանակակից օպերային ստեղծագործությունների համար: Բեմադրություններում երևի առավելապես ռեժիսորական նորարարությունները փորձարկելու և արտիստների դերասանական խաղը հղկելու խնդիր է դրված, քան, այսպես ասած, վոկալ բարդությունները հաղթահարելու:

-Ժամանակակից օպերա ստեղծել` հիմք ունենալով դասականը և ուշադրություն դարձնելով վոկալ բարդություններին, ոչ միայն ռեժիսուրական նոր մոտեցումներին: Դուք կհամագործակցեի՞ք նման գործեր ստեղծող կոմպոզիտորների հետ:

-Ես միանշանակ կողմ եմ, որ հայ կոմպոզիտորների ժամանակակից օպերաները բեմադրվելու հնարավորություն ունենան: Եվ պատահական չէ, որ մենք ամեն տարի խնդիր ենք դրել մեկական հայ կոմպոզիտորի ստեղծագործություն ներկայացնել: Եթե համատեղ մշակութային քաղաքականության շրջանակում ունենայինք նաև ֆինանսական հնարավորություն` քաջալերելու այսօր ստեղծագործող կոմպոզիտորներին՝ գրել օպերաներ, ուղղակի հրաշալի կլիներ: Օպերային ստուդիան էլ կլիներ այն հարթակը, որտեղ այդ ստեղծագործություններն իրենց դեբյուտային ներկայացումները կունենային:

-Վերադառնալով նորաբաց ստուդիային. համավարակը կյանքի հունը փոխեց և ստիպեց հարմարվել նոր կանոնների ու նոր իրավիճակի: Հեռավար դասերը դարձան առօրյայի մի մաս: Ի՞նչ գործունեություն էր ծավալում ստուդիան այս օրերին:

- Փաստացի բուն բեմադրական գործունեությունը դադարեց: Բարեբախտաբար, չդադարեցին Կոնսերվատորիայի մասնագիտական, այսինքն վոկալ դասերը. ուսուցիչները հեռավար էլի ինչ-որ կերպ փորձում էին իրականացնել, բայց ես համարում եմ, որ ընդամենը փոխարինող, բայց ոչ լիարժեք միջոց էր: Այս ընթացքը մենք օգտագործեցինք նոր դրամաշնորհային ծրագրեր գտնելու համար: Առավելապես փորձեցինք ապագային ուղղված ծրագրերի համար որոշակի սցենարային պլան մշակել, առաջիկա երեք-չորս տարվա ստեղծագործական ուղին գծել:

-Ապագային ուղղված ծրագրերից մեկն էլ կարող ենք համարել վերջերս ստեղծված «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բարեկամներ» հիմնադրամը: Այն միտված է սատար կանգնել արվեստին և արվեստը կրողին: Նորաստեղծ հիմնադրամի գործունեությանը ևս կցանկանայի անդադառնանք:

-Հրաշալի նախաձեռնություն է հիմնադիրների կողմից, որոնց սիրով կթվարկեմ` հայտնի կոմպոզիտոր Լևոն Չաուշյան, հայտնի գիտնական, քարտեզագետ Ռուբեն Գալիչյան, կրեատիվ պրոդյուսեր Իրինա Իգիթխանյան, ալտահար Համբարձում Հարրի Շիրինյան: Գլխավոր նպատակը` Կոնսերվատորիայի ընդհանուր կրթական պայմանների բարելավումն է: Գաղտնիք չէ, որ Կոնսերվատորիայի թե՛ շենքային պայմանները, թե՛ գոծիքների նորոգման հարցերը, թե՛ դասախոսների վարձատրությունը բարելավելու հարցը, թե՛ միջազգային համագործակցության խնդիրները օրակարգային են: Մենք հանձն ենք առել Կոնսերվատորիայի զարգացման ծրագրերը էլ ավելի ակտիվացնելու, նոր ծրագրեր առաջարկելու գործը և ավելի շատ հեռահար նպատակներ ենք հետապնդում: Առաջինը Կոնսերվատորիայի առցանց գրադարանի հիմնումն է, որտեղ հասանելի կլինի մեծ թվով նոտային արխիվ և երաժշտական գրականություն: Նախագիծը որպես շահառու չի դիտարկում միայն Կոնսերվատորիան. ներառվելու են տարբեր թանգարաններ, գրադարաններ: Բավականին շատ ցրված նոտային արխիվ ունենք տուն-թանգարաններում և գրադարաններում: Այդ ամենը ընդհանուր աուդիտի ենթարկելու, գույքագրելու, թվայնացնելու և մեկ հարթակում տեղադրելու խնդիրն ենք ուզում լուծել: Բավականին խրթին ծրագիր է` հատկապես տեխնիկական առումով, բայց իրականանալի: Ցանկանում ենք այդ ամենը նաև հասանելի դարձնել մարզերի երաժշտական դպրոցների, քոլեջների, Հայաստանում և սփյուռքում գործող երաժշտական հաստատությունների համար: Ամբողջ երաժշտական ժառանգությունը մենք ապահովագրում ենք ապագա կորուստներից: Ցավոք սրտի, այսօր էլ արդեն տեղեկանում ենք, որ արդեն որոշ կոմպոզիտորների ստեղծագործություններ, թեկուզ մի քանի էջ կամ մասամբ կորսված են: Մենք նաև աչքաթող չենք անելու կրթաթոշակային օժանդակություն առաջարկելու խնդիրը: Հիմա ցավով ենք արձանագրում, որ այս կարանտինի պայմաններում շատ ուսանողներ պարզապես զրկվեցին իրենց եկամտի աղբյուրից և ուսման վարձի վճարելու խնդիր ունեն: Շատ պատկառելի դեմքեր իրենց կարիերան սկսել են Կոնսերվատորիայից: Մենք մեր առջև խնդիր ենք դրել կրկին Կոնսերվատորիայի շուրջ հավաքելու նրանց եւ այդ ամբողջ ներուժը: Արդեն իսկ դիմել ենք Կոնսերվատորիայի շրջանավարտներին, արդեն ունենք հանգանակություններ նրանց կողմից, ինչը շատ հաճելի է: Պետք է տեխնիկական վերազինման, գործիքների փոխարինման, նորոգումների, ուսումնական պայմանների բարելավման շնորհիվ Կոնսերվատորիան դարձնենք ավելի գրավիչ նաև արտասահմանցի ուսանողների համար:

-Եւ վերջին հարցը: Օպերային թատրոնի առջև ծառացած մարտահրավերների մասին խոսելիս անդրադարձ չէինք կարող չկատարել օպերային երգչի մասնագիտությանը: Դուք, մինչ օպերային երգչի կարեիրան, շատ այլ ուրիշ և իրար չհատվող մասնագիտություններով եք աշխատել: Ի՞նչը Ձեզ բերեց այս ոլորտ:

-Ինձ համար այս մասնագիտության գլխավոր գրավիչ փաստը այն էր, որ այն շարունակական կատարելագործման ընթացք է երաշխավորում, երբ աչքի առաջ տեսնում ես, որ արտիստները հիսուն-վաթսուն տարեկանում, նույնսիկ, սկսել են ավելի լավ երգել: Նշանակում է՝ որոշակի կենսակերպի, աշխատասիրության, նվիրվածության շնորհիվ կարելի է շատ երկար կատարելագործվել և անընդհատ ավելի լավը դառնալ: Միգուցե այդ բարդ և հաճելի մարտահրավերն էլ հենց գրավեց ինձ: Ես ընդամենը յոթ-ութ տարի առաջ սկսեցի քայլերս այստեղ և միայն երեք տարի առաջ վերջնական որոշում կայացրի, որ թողնելու եմ ակտիվ մենեջմենթը և զբաղվեմ օպերային երգեցողությամբ:

 

Հարցազրույցը՝ Մերի Հովհաննիսյանի

  • Created on .
  • Hits: 1755

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: