Հայկական «Art Discovery». Պատմում ու բացահայտում են հարթակի ստեղծողները
Ռուբեն Սուչյանն ու Անուշ Հակոբյանը իրենց կողմից ստեղծված «Art Discovery» մշակութային առցանց հարթակի միջոցով տարիներ շարունակ արվեստի պատմության թեմատիկ-ճանաչողական դասախոսություններ ու օնլայն կուրսեր են իրականացնում: Ռուբենը հարթակի պրոդյուսերն է, իսկ նրա կինը՝ արվեստաբան, դասախոս Անուշ Հակոբյանը՝ գեղարվեստական ղեկավարը: Դասախոսությունները հիմնականում նախատեսված են արվեստի բնագավառում մասնագիտական կրթություն չունեցող, բայց դրանով հետաքրքրված անձանց համար: Ինչպես իրենք են ասում՝ նախաձեռնության նպատակը ոչ թե մասնագետ հանրության առաջ գիտական ելույթներով հանդես գալն է, որն արվում է նեղ մասնագիտական միջավայրում, այլ լայն հանրությանը համապատասխան մեթոդիկայով և հանրամատչելի ձևով արվեստի մասին պատմելը:
Cultural.am-ը նրանց հետ զրուցել է այս իրողության, մշակութային կրթության, լսարանի պահանջների և այլ հարցերի մասին:
Ե՞րբ ու ինչպե՞ս ծնվեց նման հարթակ ստեղծելու գաղափարը:
Անուշ: Գաղափարը ծնվեց 2010 թվականին: Այդ ժամանակ ես աշխատում էի Հայաստանի ազգային պատկերասրահում: Մի նկարչի հոբելյանին նվիրված ցուցահանդես էր կազմակերպվել, որի լուսաբանման նպատակով լրագրող էր եկել: Տեղեկության, հարցազույց վերցնելու համար առաջարկեցի ցուցահանդեսի կուրատորին (համակարգող) հանդիպել, ասաց՝ չէ, ես նկարչին կսպասեմ, մինչդեռ ձեռքի բուկլետի վրա գրված էր՝ նկարչի 140-ամյակին նվիրված հոբելյան: «Զվարճալի» իրավիճակ էր:
Կամ օրինակ, գեղանկարիչ Ստեփան Աղաջանյանին նվիրված ցուցահանդես կազմակերպվեց, որը հայ դիմանկարչության ու հայ արվեստի պատմության առանցքային դեմքերից է: Բայց այն, ցավոք, փոքր հաջողություն ունեցավ, որովհետև մարդիկ պարզապես չգիտեն՝ ով է նա: Ի տարբերության սրա, վերջերս պատկերասրահում բացվեց «Դալի և Պիկասո» խորագրով ցուցահանդես, ինչքան մեծ էր արձագանքը, չէ՞: Երկար աշխատանքի, փորձի ու դիտարկումների արդյունքում եկել եմ եզրահանգման, որ մարդիկ, որպես կանոն, արձագանքում են և ցուցահանդեսներին այցելություն լինում է այն պարագայում, երբ նախօրոք արդեն ծանոթ են, գիտեն՝ ում ցուցահանդեսին են գալիս (նույնը նաև դասախոսությունների ժամանակ է): Մեր հանրությունը մշակութային կրթության խնդիր ունի, բայց դա միայն հանրության խնդիրը չէ: Աշխատանքում հանդիպող ահա այս նախադեպերը ամբողջացրին դասախոսությունների շարք սկսելու որոշումը և արդեն 2011 թվականից սկսեցինք կազմակերպել դրանք:
Ի՞նչ թեմատիկայով և ինչպե՞ս են իրականացվում դասախոսությունները:
Դրանք իրականացվում են երկու ձևաչափով: Առաջինը որևէ արվեստագետի մասին թեմատիկ-ճանաչողական դասախոսություններն են, որոնք իրականացվում են թանգարաններում՝ լսարանի հետ դեմ-դիմաց: Ունենք նաև օնլայն կուրսեր «Հայ արվեստի պատմություն», «Համաշխարհային արվեստի պատմություն», «Դիցաբանություն և կրոններ», «Հին արևելքի մշակույթի պատմություն», «Ժամանակակից արվեստի պատմություն»: Ամենաշատը մեկ տարի, ամենաքիչը յոթ ամիս տևողությամբ դասընթացների շրջանակում գրանցված մասնակիցները ստանում են դասախոսություններ, գրականության ցանկեր, լուսանկարներ, այլ նյութեր և մենք անընդհատ կապի ենք պահպանում մասնակիցների հետ:
Հուլիսից շարքը կհամալրի նաև «Հայ ժողովրդական մշակույթը»: Ինչո՞վ է պայմանավորված հենց այս ուղղությունների ընտրությունը:
Երբ հաջողությամբ ավարտեցինք «Հայ արվեստի պատմություն» դասընթացը, որոշեցինք ավելացնել «Հայ ժողովրդական մշակույթ» կուրսը: Հատկապես հայ արվեստի և հայ ժողովրդական մշակույթի մասին դասախոսությունները մեզ համար առավել կարևոր են: Մենք համոզված ենք, որ հայ մարդը իր մշակույթը պիտի լավ ճանաչի և իմանա ինչի կրողն է: Ցավով պիտի նշեմ, բայց, ընդհանուր առմամբ, մենք ունենք հասարակություն, որն իր ահռելի մշակույթը չգիտի: Գիտենք մի քանի եկեղեցիներ, կամ մի քանի նկարիչների անուններ, օրինակ Սարյան, Այվազովսկի, որոնք հայ արվեստի համար առհելի նշանակություն ունեցող վարպետներ են, բայց հայ արվեստի հազարամյա պատմությունը միայն մի քանի պատմամշակութային հուշարձանի կամ արվեստագետի ստեղծածով չի սահմանափակվում: Մենք հսկայական մշակութային ժառանգություն ունենք՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր: Ուստի հանրությանը այս ժառանգությանը ծանոթացնելը մեզ համար սկզբունքային հարց է:
Շատերը, հավանաբար դուք ևս լսել եք, ասում են՝ «ժամանակակից արվեստը չեմ հասկանում»: «Ժամանակակից արվեստի պատմության» և մյուս կուրսերն էլ այդ գիտելիքը լրացնելու համար են:
Արվեստի բացահայտման հանդեպ հանրության օնլայն ձգողականության պատճառը որտե՞ղ փնտրել:
Ռուբեն: Սփյուռքահայեր, մարզերի բնակիչներ, զբաղված մարդիկ կային, որ ցանկություն ունեին դասախոսություններին գալ, բայց հնարավորություն չունեին, որովհետև ՀՀ-ում կամ Երևանում չեն ապրում, կամ ունեին զբաղվածության պատճառով դասերին հաճախել չկարողանալու խնդիր: Քանի որ մենք ֆեյսբուքյան էջ ունեինք և հստակ կարողանում էինք հասկանալ, թե քանի հոգի են, արժե արդյոք դաս սկսել, թե՝ ոչ, հանգեցինք նրան, որ՝ այո, ոչ միայն արժի, այլև անհրաժեշտ է ու տեղափոխվեցինք օնլայն հարթակ: Մեր հնարավորությունները այս դեպքում ավելի լայն են, քանի որ նյութի վրա մեկ անգամ աշխատանք է կատարվում և այդ ռեսուրսները երբեմն, անհրաժեշտության դեպքում, կարողանում ենք տրամադրել նաև անվճար: Այդպիսով, արվեստասեր կամ դրանով հետաքրքրված մարդը ստանում է սովորելու, լսելու, ինքնակրթվելու հնարավորություն: Եվ վերջապես, ժամանակները փոխվում են, արդի տեխնիկական հնարավորությունները բերում են նոր հրամայականներ և անշուշտ, նոր հնարավորություններ:
Մյուս կողմից էլ տեղեկատվություն գտնելը բոլորի համար շատ հեշտ է հիմա: Նշանակում է՝ այլ գործոններ են պետք մարդուն այս ամենի մեջ ներգրավվելու համար: Լսարանի մոտ ինչպե՞ս եք հետաքրքրություն առաջացնում:
Ռուբեն: Հետաքրքրությունն Անուշն է ու լսարանը պահելու նրա ընդունակությունը: Ինքս ժամանակին ուսանող եմ եղել ու, ցավոք սրտի, ոչ մի դասախոսի այնքան ուշադիր չեմ լսել, որքան նրան: Դա գլխավոր փամփուշտն է, որը միշտ տեղին ու դիպուկ է:
Մեր դասընթացների ցանկի առավելությունը նաև այն է, որ սկսվում և ավարտվում են, այսինքն՝ համակարգված են: Եթե փորձեք ժամանակագրային որևէ նյութ ուրիշ տեղերում, կայքերում փնտրել, կգտնեք մի ամբողջ ցրված «դասագիրք»: Ասեմ ավելին՝ այդ համակարգվածությունը չկա ոչ միայն հայկական արվեստի դաշտում, այլև ռուսական, ամերիկյան, անգլիական: Սա էլ երկրորդ փամփուշտն է:
Ովքե՞ր են Ձեր հիմնական ունկնդիրները:
Ռուբեն: Ցավոք սրտի աուդիտորիան կազմում են բացառապես կանայք ու աղջիկները:
Անուշ: Անբացատրելի մի երևույթ է: Ինքնակրթության ու ինքնազարգացման միտումը կանանց մոտ անհամեմատ ավելի մեծ է, և խոսքը միայն արվեստին չի վերաբերում:
Դասախոսության թեմաների ընտրության հարցում չափանիշներ կա՞ն:
Անուշ: Թեմատիկ-ճանաչողական կուրսերն ընտրվում են ելնելով ուսումնասիրված լսարանից, թե ինչը կհետաքրքրի, ինչպես նաև հոտառությամբ: Եթե ամեն ամիս ունենք չորս կամ հինգ դասախոսություն, երկու կամ երեքն անում ենք հանրաճանաչ արվեստագետների մասին, որոնց մարդիկ սիրում են, վստահ ենք հետաքրքրվածությամբ կլսեն, օրինակ Գուստավ Կլիմտ, Վան Գոգ …և էլի անուններ, որոնց նվիրված դասախոսությունների ժամանակ դահլիճը լեփ-լեցուն է լինում: Միջանկյալ անդրադառնում ենք նաև այնպիսի արվեստագետների, որոնք քիչ ճանաչելի են, բայց նրանց գործերը գեղարվեստական մեծ արժեքը են ներկայացնում:
Օնլայն կուրսերի դեպքում ես թեմաներն ընտրում եմ ելնելով ակադեմիական սկզբունքից՝ պահպանելով ժամանակագրությունը, ժանրերը: Բայց նյութը մատուցվում է հանրամատչելի մեթոդաբանությամբ, հնարավորինս զուրկ տերմիններից, որ ոչ մասնագետ հանրությանը հետաքրքիր լինի: Իրականում լայն հանրությունն ունի արվեստի կարիք, պարզապես երբ մարդիկ չեն գտնում որակյալ և մատչելի ինֆորմացիա՝ հետաքրքրությունը մնում է չբավարարված: Առաջիկայում արվեստաբանության մասին բաց դասախոսություն է սպասվում: Թվում է՝ ո՞վ պիտի հետաքրքրվի: Մի շաբաթվա ընթացքում 4-5 երիտասարդներ զանգեցին, ովքեր ուզում են արվեստաբան դառնալ և խորհրդատվության կարիք ունեն:
Նշեցիք, որ առցանց դասընթացների մասնակիցների հետ բաց հանդիպումներ էիք ունենում թանգարաններում, ցուցասրահներում: Այժմ, կորոնավիրուսի համավարակի պատճառով, կարծեք թե այդ ամենն իրականացվում է միայն առցանց հարթակում: Ի՞նչ ազդեցություն է ունեցել այն Ձեր աշխատանքի վրա, և ի՞նչ փոփոխություններ է մտցրել Ձեր գործունեության մեջ:
Անուշ: Մենք երևի այն փոքրաթիվ մարդկանցից ենք, որոնց կյանքը այս օրերին, ըստ էության, չփոխվեց: Միակ բանը. շաբաթը մեկ անգամ լսարանի հետ հանդիպում էինք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, այժմ դրա փոխարեն նկարահանում ենք ներկայացվելիք նյութը ու դնում բաց դիտման:
Եթե թանգարանում, ելնելով դահլիճի տարողունակությունից և էլի շատ հարցերից, գալիս էր 80-100 մարդ, այս պարագայում մի դասախոսությունը շաբաթվա ընթացքում ունենում է հազարից ավելի դիտում:
Համացանցն, ինչ խոսք, նպաստում է արվեստի բացահայտմանն ու հանրայնացմանը, բայց արդյո՞ք արվեստի օնլայն ճանաչողությունը, այն չի դարձնում ավելի «անկենդան», «անհաղորդ»: Ըստ Ձեզ ո՞րն է արվեստն ու նորագույն տեխնոլոգիաները համադրելու լավագույն բանաձևը:
Ռուբեն: Բնականաբար դեմ առ դեմ նստելը, խոսելը, ունի իր կարևոր մասը, բայց դա չի բացառում այն, որ այսպես էլ է կարելի:
Անուշ: Ես հարցին կմոտենամ կրթական տեսանկյունից: Թանգարանում դեմ առ դեմ հանդիպելիս, մարդը գալիս է ինֆորմացիա, բայց ավելի շատ՝ դրական լիցքեր ստանալու: Ինչպես համերգի ժամանակ՝ ստանում է էներգիա, գնում ժպիտը դեմքին, բայց կես ժամ հետո ասվածի 30 տոկոսը հազիվ է իր մտքում մնում: Օնլայն կուրսերի դեպքում էներգետիկան կորչում է, սակայն կրթական առումով արդյունավետությունը անհամեմատ ավելի մեծ է, որովհետև եթե թանգարանում մարդը նշումներ չի անում, վայելում է պրոցեսը, ապա այս պարագայում ունենք տեսանյութ, որը կարող է մի քանի անգամ լսել, հետ ու առաջ նայել, ուսումնասիրել նյութը մինչև վերջին դետալը:
Նույնիսկ մի դեպք նշեմ. Մոսկվայում բնակվող մի հայրենակցուհի ունենք, որ հայ արվեստի մեր կուրսն անցնելուց հետո գրականություն ուսումնասիրեց, մշակեց և տեղի հայկական կիրակնօրյա դպրոցում երեխաներին մեր կուրսերից ստացած գիտելիքներով սկսեց հայ արվեստի պատմություն սովորեցնել:
Ռուբեն: Ենթադրենք մի մարդ շատ լավ պատմվածք է պատմում, և ունես նույն պատմվածքի գիրքը քո տանը, կարող ես բացել, ուսումնասիրել, կարդալ, նորից կարդալ: Նույն բանն է:
Անուշ: Ի տարբերություն համալսարանական կրթության, այստեղ ոչինչ չի պարտադրվում: Մարդը եթե վճարել, եկել է դասախոսություն լսելու, ուրեմն ունի ներքին ուղղվածություն և տրամադրվածություն (նույնը նաև օնլայն կուրսերին գրանցվելու պարագայում է): Բայց իհարկե տարբերություն կա: Օնլայն կուրսերի պարագայում մի գործոն է պակասում, որը հրապուրիչ է թանգարանային հանդիպումների դեպքում, և հակառակը, թանգարանային հանդիպումների դեպքում ինչ-որ չափով «տուժում է» կրթական գործոնը: Դրա համար երկուսն էլ անում ենք, որպեսզի մարդը հնարավորություն ունենա ընտրել՝ ուզում է հաճո՞ւյք ստանալ, լավ ժամանա՞կ անցկացնել, բառի լավագույն առումով, թե՞ ավելի շատ լուրջ կրթական կուրս անցնել: Մարդիկ կան, որ ընտրում են երկուսն էլ:
Ունենալով անմիջական շփում թե՛ արվեստի, թե՛ արվեստով հետաքրքրված անձանց հետ, կնշեք՝ ինչի՞ կարիք ունի այսօրվա արվեստասերը:
Անուշ: Այսօրվա արվեստասերը շատ բանի կարիք ունի, այդ թվում համակարգված, որակյալ ինֆորմացիայի, մասնագիտական նվիրումի:
Ռուբեն: Խնդիրը ժամանակի, տրամադրվածության, «հավեսի» մեջ է, հոգնած են մարդիկ: Դժվարին ժամանակներն են բերում դրան: Մեկը հնարավորություն չի ունեցել իր կյանքում արվեստին առնչվելու, մյուսը ցանկացել է, բայց ժամանակ չի ունեցել, մյուսը ծնվել է այնպիսի հանգամանքներում, որտեղ դրա հնարավորությունը չի եղել:
Ըստ Ձեզ արվեստում ի՞նչն է մնում հաստատուն և ի՞նչն է փոխվում ժամանակի պահանջով:
Ռուբեն: Գեղեցիկն է միշտ հաստատուն:
Անուշ: Գեղեցիկի չափորոշիչները կարող են փոխվել, բայց դրա հանդեպ հակումը մնում է հաստատուն: Արվեստ ստեղծողի տեսանկյունից այլ է հարցի պատասխանը, արվեստ սպառողի տեսանկյունից՝ այլ:
Օրինակ, Վերածննդի ժամանակաշրջանի և 20-րդ դարի երկրորդ կեսի արվեստագետին միավորում է արարման ձգտումը, գեղեցիկը, բարձրագույն ճշմարտությունները, որոնք անփոփոխ են, և, իմ խորին համոզմամբ, կան կատեգորիաներ, որոնք բացարձակ են: Սակայն, իհարկե, Վերածննդի ժամանակի ճաշակը, մոտեցումները, նկարչի առաջ դրված խնդիրները, ժամանակի գաղափարախոսությունը կտրուկ տարբերվում է 20-21 դարի արվեստագետից: Հնագույն ժամանակներից, սերը,, գեղեցիկը անփոփոխ են, դրանք չեն փոխվում նաև արվեստւմ, փոխվում է աշխարհը տեսնելու և համապատասխան վերարտադրելու դիտանկյունը:
Ի՞նչ նորությունների սպասենք առաջիկայում:
Ռուբեն: Տարեվերջին կունենանք մեր կայքը (այժմ գործում են «ֆեյսբուքի» և «յութուբի» տիրույթում): Մտադիր ենք ավելի հարստացնել մեր ծրագրերը, հրավիրել նաև այլ մասնագետների, հանրությանը ներկայացնել մյուսների նյութերն ու գիտելիքները: Ինքներս ճանաչում ենք նման մարդկանց, որոնց կարելի է ժամերով լսել: Ուզում ենք մարդիկ դա տեսնեն, բանակցությունների մեջ ենք:
Մասնագետներ կան, ովքեր ինֆորմացիայի կրող են, բայց ցավոք չեն գնահատվում, և ուրախ ենք, որ մենք կարող ենք նրանց համար գործունեության այս ձևաչափի հարթակ ստեղծել, այդկերպ նպաստելով մեր լավագույն մասնագետների և մեր հանրության փոխարդյունավետ կապի ամրացմանը:
Զրուցեց Մարջան Չոբանյանը
- Created on .
- Hits: 2325