Լիլիթ Բլեյան. Պիտի հանգցնենք խարույկները, քանի ամեն ինչ չենք ավերել՝ արդեն սահմաններից ներս

 

 

Հայաստանի հետպատերազմյան ներքաղաքական վիճակի, դրա հաղթահարմանն ուղղված լուծումների, արվեստի ու արվեստի գործչի դերի և առաջիկայում արվելիք գործողությունների մասին Cultural.am-ը զրուցել է երգերի հեղինակ, երգչուհի Լիլիթ Բլեյանի հետ:

 

Պատերազմում մեր պարտությունից  հետո արվեստի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ սկսեցին պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախ բողոքի ակցիաներ տեղի ունեցան Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, իսկ օրեր առաջ նույն պահանջին միացան նաև երաժշտական համայնքի ներկայացուցիչներ՝ կոմպոզիտորներ, երաժշտագետներ, արվեստի վաստակավոր գործիչներ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս պահանջին:

Ես զարմացած եմ, որ մենք ստիպված ենք դա պահանջել։ Ամեն ինչ ախր այնքան պարզ է․ իշխանությունը նախ մեզ հասցրեց նման պատերազմի, ողջ ընթացքում պնդեց «ԵՎ ԹՈՂ ՈՉ ՈՔ ՉԿԱՍԿԱԾԻ, ՈՐ ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՂԹԵԼՈՒ՛ ԵՆՔ», իր անբացատրելի պահվածքով հազարավոր զոհերի, վիրավորների ու տեղահանվածների պատճառ դարձավ: Չդադարեցրեց կռիվը երբ կարող էր, մեծ ուշացումով կայծակնային փաստաթուղթ ստորագրեց, որից հետո մարդկանց համար հանկարծ բացվեցին հրեշավոր ստի փառատոնի կուլիսները: Ու փոխանակ ինքը նոյեմբերի 10-ին ստորագրեր իր հրաժարականն ու լուծումների փաթեթ առաջարկեր՝ քաղաքական ճգնաժամից խուսափելու համար, դեռ անհասկանալի տոնայնությամբ է խոսում բոլորի հետ, ովքեր հրաժարական են պահանջում։ Երևակայությունից դուրս է։

Հայաստանին այսօր անհրաժեշտ է դուրս գալ այս «պարտության» թակարդից։ Ես չակերտներով եմ ասում, քանի որ մենք նաև մեր ստեղծած «հաղթելու ենք» հեշթեգին ենք պարտվել, մեր այդ հսկա ստին ենք պարտվել։ Ու մենք պիտի այդ ստի թակարդից դուրս գանք, որ նախ՝ ինքներս մեր ուժերին նորից սկսենք հավատալ, որ նորից կարողանանք ինչ-որ պլաններ կազմել, ապագայի մասին մտածել, հետո՝ որ աշխարհի հետ կարողանանք խոսել։ Այս իշխանությունը պիտի վերցնի իր պարտությունն ու հեռանա, որ կարողանանք կյանքը վերսկսել, թե չէ հիմա մենք շունչներս պահած ենք ապրում, «պաուզայի» վրա սեղմած։ Մենք ծանր հարցեր ունենք լուծելու, և դա չի կարող լուծել իշխանությունը, որը կորցրել է հանրային վստահության ողջ պաշարը։ Սա նման է այն բանին, որ ֆուտբոլիստը խաղի ժամանակ կոտրի երկու ոտքը, բայց հիստերիա բարձրացնի, թե ինքն անպայմա՛ն պիտի շարունակի խաղը։ Աբսուրդի ժանրից է։

Մտավորականի՝ իշխանության գործելաոճի հանդեպ անհամաձայնություն հայտնելու, բողոքի ձայն բարձրացնելու ամենաարդյունավետ միջոցը  ո՞րն եք համարում:  

Անպայման ասել սեփական կարծիքը։ Այստեղ առանցքայինը հենց «սեփականն» է։ Հանրային քննարկումները մեզ մոտ արդեն վաղուց խեղված են այն աստիճանի, որ սեփական՝ որևէ մեկի կողմից չթելադրված, որևէ մեկի կամ որևէ խմբի շահերը չսպասարկող, անհատական կարծիք գտնելը դարձել է լուրջ խնդիր։ Ես նկատել եմ, որ անգամ ամենածայրահեղ ու սուր խոսքին մարդիկ շատ ավելի լոյալ են վերաբերվում, եթե զգում են, որ մարդն արտահայտում է իր անձնական կարծիքը, քան՝ երբ մարդը պարզապես ծառայում է որպես խոսափող։ Այդ մարդ-ֆեյքերից, մարդ-արձագանքներից եթե կարողանայինք ազատվել, ինչքա՜ն կհեշտանար իրար լսելը։ Ու ինչքա՜ն ավելի արժեքավոր է կարծիքը կամ բողոքը, եթե այն ծնվել է երկարատև վերլուծության, ինքդ քեզ հետ կռիվ տալու, փաստերը համադրելու արդյունքում։

Ես  «մտավորական» բառից վախենում եմ, քանի որ մինչև հիմա չեմ կարողացել այն ինձ համար սահմանել, բայց ցանկացած մտածող մարդ, եթե զգում է, հասկանում է այսօրվա վտանգները, պիտի անպայման խոսի, գրի այդ մասին, չպիտի լռի՝ պայմանով, որ ասի այն, ինչ հենց ինքն է մտածում։ Հարթակներ շատ կան՝ առցանց, ֆիզիկական։ Ես լայն զանգվածային միջոցառումներ երբեք չեմ սիրել, նախընտրության հարց է, բայց եթե մարդը գտնում է, որ իր խոսքը պիտի ասի մեգաֆոնով, թող ասի մեգաֆոնով՝ կրկին՝ պայմանով, որ դա լինի անձամբ իր խոսքը։ Եթե կան արվեստի մարդիկ, որոնք կարող են խոսել իրենց արվեստին հատուկ լեզվով՝ հրաշալի կլիներ։ Իմ երգերը, երևի, չափից դուրս մեղմ են բողոքի համար, ես ֆեյսբուքյան իմ էջում հաստատ ավելի կտրուկ եմ, այսօր այդ հարթակի ձայնն ավելի բարձր է լսվում, այնտեղ եմ արտահայտվում։ Ցանկացած միջոց, որ չի պարունակում բռնություն, այսօր պիտի օգտագործվի, որպեսզի կարողանանք տեղ հասցնել կատարվածի ու կատարվողի մասին մեր կարծիքը։

Հանրությանը հետպատերազմյան ճգնաժամային վիճակից դուրս բերելու հարցում ի՞նչ դերակատարում կարող են ունենալ արվեստն ու արվեստագետները: Ճգնաժամի հաղթահարմանն ուղղված գործուն քայլեր տեսնու՞մ եք:

Արվեստը պիտի օգնի, որ հաղթահարենք այսօրվա հսկա աղմուկն ու կարողանանք լսել կարևոր ձայները՝ իրենց կարևոր ասելիքով։ Արվեստը պիտի անպայման ֆիքսի կարևոր պահերը՝ դառը, ծանր, սարսափելի կամ բուժիչ պահերը․ բոլոր կարևոր դրվագները պիտի փորձենք որսալ ու արվեստի տարբեր ակտերի ձևով ամրացնել մեր այս նոր պատմության «պատին»։

Շատ հպանցիկ է հիմա ամեն ինչ՝ զայրույթը, կորուստը, մահը, ցնցումը․ամեն ինչ սովորել ենք մի վայրկյան նկատել ու հետո արագ «սքրոլ» անել, անցնել առաջ։ Էդպես էլ հենց բաց ենք թողնում կարևորագույն բաներն ու հետո հանկարծ հայտնաբերում, որ 44 օր կամ 2,5 տարի «մեզ խաբել են»։ Արվեստի մարդը, արտիստը, պիտի պաշտպանված լինի ժամանակի այդ վազքից, պիտի միշտ իր խարիսխը ինչ-որ լուրջ խորության վրա գցած լինի, որ իրեն այդ ցանցառ ալիքները անընդհատ չպոկեն քշեն, «խաբեն», տանեն շպրտեն անպտուղ ափեր։ Արտիստն իր ներսի հետ պիտի բոլոր պարագաներում մնա շատ ամուր կապի մեջ, որ ով էլ խոսա, ինչ պսևդոհուզիչ թեմայով ու ձայնի ինչ բարձրության վրա էլ ելույթ ունենա, նա որսա՛ սուտը, զգա՛ կյանքի հետ անհամատեղելի կեղծիքը, չէ՞ որ ինքն այդ խորություններից է իբրև թե սնվում, հո մակերեսից չի՞, կներեք, լպստում իր ապրումները, որ հետո դառնում են արվեստի գործեր։

Մեր ամենածանր խնդիրներից է հենց այս համատարած աղմուկի պատճառով ինքներս մեզ հետ կապը կորցնելը։ Դառնում ենք մեծամասնություն, իսկ մեծամասնությունը, որպես կանոն, սխալվում է։ Եթե կարողանանք արվեստը՝ բոլոր մակարդակներում, բերել այն ամենակարևոր, անկեղծ վիճակին, որտեղ ծնվում են մերկ, լրիվ նոր, անպաշտպան մտքերը, որտեղ ամեն մեկը կարողանում է ձևակերպել իր ասելիքը, որտեղ փոքր, անհատական կարծիքը, խոսքը չեն խեղդվում մեծ ժխորի մեջ՝ հենց այդ պահից արվեստը կկարողանա փոխել երկիրը, կսկսենք ստեղծել հասարակություն։ Բայց դրա համար մենք բոլորս պիտի էքստրեմալ ազնիվ լինենք ինքներս մեզ հետ։

Թվում էր, թե պարտված պատերազմը բերելու է այդ ներքին ազնվության հաղթանակին։ Դեռ, ցավոք, այդպես չէ։

Պատերազմական օրերին ներգրավված էիք զինծառայողներին աջակցելու նպատակով  անցկացվող բարեգործական համերգներին, միջոցառումներին, իսկ հետպատերազմյան օրերին՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանման խնդրով ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմելու համար նաև ստորագրահավաք նախաձեռնեցիք: Կխնդրեի կիսվել արդյունքներով:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը շատ ծանր վիճակում է հայտնվել, քանի որ, վստահաբար, չէր կարող կանխատեսել նման ավերածություն, կորուստների նման ծավալ։ Ես ինձ համար որոշել եմ, որ ցանկացած լրացուցիչ գործունեություն, լրացուցիչ «հասույթ» պիտի ուղղեմ հենց այս հիմնադրամի աջակցությանը։ Առայժմ չեմ կարող ասել, թե շատ բան եմ արել, միայն մի քանի ելույթ ու անհատական նվիրատվություններ, բայց հիմնադրամը դեռ շատ երկարատև անելիք ունի, ու անպայման պիտի գտնեմ ձևը՝ իմ ծառայությունն ավելի արդյունավետ կազմակերպելու։

ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված ստորագրահավաք նախաձեռնեցինք Մարինե Կարոյանի (դաշնակահար) հետ միասին, շատ սեղմ ու հստակ տեքստով, որի տակ ստորագրեցին հայաստանյան մշակութային կազմակերպություններ, նամակը հանձնվեց այստեղի ներկայացուցչություն, սակայն բոլորիս համար հասկանալի է, որ դա ավելի շատ ինքներս մեզ հանգստացնելու մի քայլ էր, որ ահա, սա էլ արեցինք։ Օրերս տեսա հրապարակում, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը բողոքում էր, թե Ադրբեջանը չի ընդունում իրենց պատվիրակությանը՝ հայկական հուշարձաններ այցելելու և մշտադիտարկում իրականացնելու համար։ Ես սկզբում անգամ մտածում էի, որ կարող ենք Հայաստանից ու սփյուռքից արվեստի տարբեր ճյուղերի առավել հայտնի ու խիզախ անձանցով կազմել մոնիտորինգային խմբեր, նույնպես դիմել Ադրբեջանին՝ նման պահանջով, ու առաջին հնարավորության դեպքում այցելել առավել կարևոր մշակութային հուշարձանների տարածք՝ ապահովելով հնարավորինս լայն մեդիա լուսաբանում։ Սակայն այս պահին, երբ դեռ Արցախի տարածքում ամենօրյա կտրվածքով փրկարարաորոնողական աշխատանքներ են իրականացվում ու զոհվածների աճյուններ հայտնաբերվում, դժվար է պատկերացնել հուշարձանների տարածք այցերի կազմակերպումը։ Ամեն դեպքում, երբ իրավիճակը գոնե մի քիչ հանդարտվի, այդ ուղղությամբ պիտի անպայման քայլեր արվեն։

Վերջերս գրել էիք, որ մտադրություն ունեք ցուցահանդես կազմակերպել. «Որ մտնեք, նայեք, շունչներդ կտրվի, ու դուրս գալուց էլ ոչ մի հարց չմնա, թե ինչպես պատահեց...»: Անգամ խորագիրն էիք բարձրաձայնել՝«Բերձորի ճամփորդը»: Ի՞նչ կասեք այս մասին:

«Բերձորի ճամփորդը» ԱԺ փոխնախագահի սայթաքումն էր՝ դեռևս հոկտեմբերի սկզբին, երբ իր էջին էր տեղադրել վարչապետ Փաշինյանի հայտնի «վճռական» ելույթը, թե՝ հայն այլևս չի դառնալու Դեր Զորի ճամփորդը․․․

Ես այդ ելույթից շոկի մեջ էի, քանի որ ճակատից ստացվող լուրերից արդեն տեղյակ էի, որ բանակը չի կարողանում դիմակայել հարձակումներին, որ սարսափելի քանակի զոհեր ենք տվել ու տալիս՝ ամեն րոպե: Ու սպասում էի, որ երկու երկրի ճակատագիրն այդպես վճռականորեն իր ձեռքը վերցրած անձը պիտի իրենից կախված ամեն ինչ անի՝ պատերազմը դադարեցնելու համար։ Այդ անձը ոչ միայն իր ելույթներով արեց հակառակը, այլև շատ լավ իմանալով, որ չկա «հաղթելու» որևէ շանս, բղավելով պահանջում էր, որ բոլորը գնան ու զոհվեն ԱԹՍ-ների տակ։ Ու այդ արտահայտությունը՝ «Բերձորի ճամփորդը», շուտով դարձավ մարգարեական, քանի որ Արցախն այլևս այդ միակ նեղլիկ միջանցքով է կապված Հայաստանին։

Ցուցահանդեսն անպայման անելու եմ, ցուցադրվելու են կռվի առաջին օրից մինչև այսօր ֆեյսբուքյան լրահոսում ինձ հանդիպած սարսափելի արտահայտությունները, որոնք ցույց էին տալիս, թե ինչ աստիճանի ենք մենք կտրված իրականությունից, ու թե ինչպես է այդ իրականությունը, որպես պատասխան, իր սառը ապտակները մեզ հասցնում։ Միշտ կարելի է ասել՝ ների՛ր նրանց, չէ՞ որ չէին հասկանում, թե ինչ են անում, սակայն ես ուզում եմ, որ մենք, հատկապես սարսափելի պահերին, ամեն կերպ ուժ գործադրենք՝ հասկանալո՛ւ, որ դուրս գա մեր ներսից այդ ինֆանտիլիզմը, որ սկսենք սթափ նայել ու սթափ գործել։ Որ այլևս հնարավոր չլինի ոչ թե 44 օր, այլ՝ անգամ 4 ժամ մեզ խաբել։ Ու որ բոլորը հնարավորինս լուրջ վերաբերվեն իրենց խոսքին՝ ֆեյսբուքում կլինի, թե՝ կյանքում։ Տարիներ շարունակ խոսքն արժեզրկվել է, ապրել ենք միշտ «դե բան էր, ասացի, էլի» սկզբունքով։ Այդպես էլ վարչապետն ու պաշտպանության նախարարության խոսնակներն էին փաստորեն անում՝ դե բան էր, ասում էին, էլի։ Այստեղ մեզ էին ասում, երևի մինչ այդ էլ՝ հարևան երկրի հետ բանակցություններին «դե բան էր, ասում էին», ու հանկարծ պարզվեց՝ այդ անլրջությունը վերածվում է աննորմալ պատերազմի ու հազարավոր զոհերի։

Ցուցահանդեսի նպատակը հենց դա է լինելու՝ ցույց տալ, թե ինչ աստիճանի անլուրջ ենք մենք մեր խոսքի մեջ, ու ինչի է դա բերում։ Սկզբում ուզում էի անել մինչև Նոր տարի, սակայն մթնոլորտն առանց այդ էլ շատ է լարված, շատ ենք կիսված, կոտրված, կսպասեմ հնարավորինս հանդարտ պահի։ «Էքսպոնատները» (խմբ.-ցուցանմուշ) պահպանված են ինձ մոտ, ոչ մի տեղ չեն կորելու։  

Ի վերջո՝ երկրում տիրող անհանդուրժողականությունը, լարված մթնոլորտը թոթափելու և խաղաղություն վերագտնելու համար ի՞նչ քայլեր պիտի արվեն: Ինչպե՞ս:

Պիտի սկսենք խոսել։ Գոռալ չէ, վիրավորել չէ, առավել ևս՝ հայհոյել չէ։ Խոսել ու լսել իրար։ Պիտի ասենք բաներ, որոնք հանրային տաբու են եղել տարիներ շարունակ։ Պիտի խաչենք բոլոր հնարավոր «սրերը»՝ փաստերի, կարծիքների՝ պայմանով, որ այդ ամենի արդյունքում հենց խոսակցություն ստացվի, ոչ թե արյունահեղություն։ 2018-ի գարնանը մենք կորցրինք մեծագույն շանսը՝ այդ խոսակցությունը սկսելու։ Ամենավատ բանը, որ Հայաստանին պատահեց, հենց դա էր։ Ապրիլի 23-ին, այդ վայրի ուրախության օրը, ես ֆեյսբուքյան իմ էջին ցանկությունների շարք գրեցի, որոնցից մեկը սա էր. «․․․որ հրապարակի ջերմությունը վերածվելու է դրական էներգիայի ու տաքացնի բոլորիս՝ արդեն ավելի երկար ժամանակահատվածում, ու չի վերածվելու վրեժխնդրության խարույկի»․․․

Այդպես չեղավ։ Մսխվեց դրականը, վառվեցին «վրեժի խարույկները», իսկ խարույկից հետո մոխիր է մնում։

Հիմա մենք պիտի ուժ գտնենք՝ անելու այդ չարվածը, նորից ծնվելու այդ մոխրից։ Այս պահին, ցավոք, կարծես նորից խարույկներ են բոլոր կողմերում, բայց պիտի անպայման հանգցնենք՝ սառը, սթափ խոսքով, սթափ գործերով։

Այն ժամանակ ես շատ էի սպասում, որ կսկսվի իրական ներհասարակական հաշտության գործընթաց, ու ողջ ուժով կգործեն ոչ թե դատարանները, այլ՝ հանրային բաց քննարկումային հարթակները, որ մենք հասկանանք՝ որտեղ էին նախորդ տասնամյակների սխալները, ինչու մեզ մոտ չի ստացվել՝ գնահատել մեր անկախությունն ու կառուցել մեր երազների երկիրը։ Բայց պարզվեց՝ այդ նոր իշխանությունն այլ ծրագրեր ուներ, և ամենևին հաշտության համար չէր եկել, այլ՝ կիսելու և ավելի պարզունակացնելու առանց այն էլ պարզունակ դաշտը։ Հասկանու՞մ էին, թե ուր են տանում՝ չգիտեմ։ Այսօր արդեն պարզ է, որ անգամ ավերածության այս ծավալից հետո նրանք համառորեն չեն ուզում հեռանալ ու թույլ տալ, որ երկիրը սկսի հանդարտվել։ Ու այդ տգեղ չհեռանալով՝ ծնում են տգեղ հակազդեցություններ։ Հասկանու՞մ են, որ այսպես խորացնում են խրամատներն ու կարող են հասնել անդառնալիության կետին։ Վստահ չեմ, որ հասկանում են։ Ամեն դեպքում՝ այսպես մեզ չի տրվում հնարավորություն՝ խաղաղվելու, հանդարտվելու, որ սկսենք այդ մեծ, կարևոր խոսակցությունը՝ մեր ներսում, մեզ հետ։

Պիտի հանգցնենք խարույկները, քանի ամեն ինչ չենք ավերել՝ արդեն սահմաններից ներս։

 

Հարցազրուցը՝ Մարջան Չոբանյանի

  • Created on .
  • Hits: 1963

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: