Խալեդ Հոսեյնին պատմում է իր առաջին վեպի` «Օդապարուկ թռցնող»-ի մասին

Ստորեւ ներկայացնում ենք 2003 թվականին Խալեդ Հոսեյնիի՝  www.bookbrowse.com կայքին տված հարցազրույցի թարգմանությունը։ 

 

 

Որտեղի՞ց ծագեց այս պատմության գաղափարը։

Դժվար է պատասխանել այդ հարցին․ գաղափարը ժամանակի ընթացքում է հղացել։ Վերջին երկու տարիներին ես նպատակադրվել էի գրել պատմություն, որի գործողությունները ծավալվում են Աֆղանստանում, բայց չէի կարողանում կողմնորոշվել ճիշտ պատմության կամ ճիշտ ժամանակի հարցում։ Նախ որոշել էի գրել Թալիբան շարժման մասին, բայց ինձ թվաց, որ այդ պատմությունն արդեն պատմված է․ դա մի այնպիսի թեմա է, որ շատ լավ է լուսաբանված, և շատ ավելի տաղանդավոր մարդկանց կողմից, քան ես էի։ Ես գիտեի, որ եթե պատրաստվում եմ աֆղանական պատմություն գրել, պիտի մի այնպիսի բան գրեմ, ուր նոր ասելիք կա։ Այդ իսկ պատճառով որոշեցի, որ գործողությունները, գոնե մասամբ, պետք է ծավալվեն Աֆղանստանում, որի մասին կարծես ոչ ոք էլ չէր հիշում․ նախախորհրդային շրջանի պատերազմական Աֆղանստանի մասին։

Ինչո՞ւ եք ասում, թե այնպիսի ժամանակ է՝ կարծես ոչ ոք չի հիշում Աֆղանստանի մասին։

Արևմուտքում շատերի համար Աֆղանստանը դարձել էր ԽՍՀՄ-ի, Թալիբանի և բռնաճնշումների դեմ պատերազմի հոմանիշ։ Ես ուզում էի մարդկանց հիշեցնել, որ միշտ չէ այդպես եղել։ Ուզում էի նրանց հիշեցնել, որ մինչև Խորհրդային Միության՝ 1979 թ-ի ներխուժումը կար Աֆղանստան, և որ Աֆղանստանը վայելում էր տասնամյակների խաղաղություն՝ առանց որևէ հրթիռի։ Հին ասացվածք է՝ գրել այն, ինչ գիտես։ Քաբուլում ապրելով այնպիսի մի ժամանակ, ինչպիսիք էին միապետության վերջին տարիները, Հանրապետության ծնունդը, Դաուդ Խանի կառավարման առաջին տարիները․․․ ես ինձ իմ ափսեում էի զգում՝ գրելով այդ մասին։

Ո՞րն էր վեպը գրելու Ձեր ոգեշնչման մյուս աղբյուրը։

Մուսա անունով մի տղա կար, որը նույնպես ծագումով հազարա էր։ Մուսան ապրում էր իր մոր հետ՝ մեզնից մի փողոց այն կողմ՝ կիսակառույց մի տանը։ Թաղամասը, ուր մենք ապրում էինք և որը ես օգտագործել եմ գրքում, կոչվում էր Վազիր Աքբար Խան։ Այն Քաբուլի հյուիսի թաղամասերից էր՝ բավական հարուստ և նոր մի թաղամաս, որը դեռ վերակառուցվում էր։ Եվ երբեմն մարդիկ վարձում էին այլ մարդկանց, որպեսզի հետևեին շինարարություններին։ Այդ երեխան իր մոր հետ ապրում էր մեզնից մի փողոց այն կողմ։ Ժամանակ առ ժամանակ մենք նրա հետ ֆուտբոլ էինք խաղում կամ օդապարուկ թռցնում։ Մի անգամ, երբ ես տասը տարեկան էի, եղբորս հետ նստած էինք մեր բակի պատին, երբ նկատեցինք Մուսային իրենց տնից մի փողոց այն կողմ։ Բոլորս փոքրիկ հայելիներ ունեինք, և դրանցով խաղում էինք ու արևի ճառագայթները փողոցից փողոց գցում իրար աչքերի մեջ։ Մի տղա, ով այդ ժամանակ մեր խոհարարն էր, դուրս եկավ բակ և տեսնելով՝ ինչպես ենք խաղում, ասաց․ «Օհո՜, դա Մուսա՞ն է այնտեղ»։ Ես ասացի՝ այո։ Նա գլուխը տմբտմբացրեց և անփութորեն ասաց (և ներեցեք այն կրկնելու համար)․ «Գիտե՞ք անցած ամիս ես շինել եմ նրան»։ Ես ու եղբայրս չգիտեինք՝ ինչ է դա նշանակում։ Մենք հարցուփորձ արեցինք և ի վերջո իմացանք։ Մենք ոչ ոքի չասացինք։ Կարծում եմ՝ մենք խոհարարից էինք վախենում։ Եվ անգամ այդ ժամանակ ես մտածում էի, որ եթե ասենք էլ, բոլորը թքած կունենան։ Այն կերպարը, որն ի վերջո ստացավ Հասան անունը, երկու հոգու Հուսեյն Խանի և Մուսայի միաձուլումն էր։ Երբ այն կյանքի կոչվեց, նույնը տեղի ունեցավ նրա alter ego-ի՝ Ամիրի հետ, որը հետո դարձավ վեպի գլխավոր կերպարն ու ձայնը,  այն մարդը, որ բախվում է պատմության բարոյական երկընտրանքներին։

«Օդապարուկ թռցնողը» որքանո՞վ է ինքնակենսագրական։   

Քեզնից անխուսափելիորեն կլինեն այնպիսի կտորներ, որոնք կամա թե ակամա կհայտնվեն քո հերոսի մեջ։ Բարեբախտաբար գրքում այդքան էլ ինքնակենսագրական տարրեր չկան։ Ես Ամիրի հետ շատ ընդհանրություններ չունեմ։ Ես ասացի «բարեբախտաբար», քանի որ պատմության հիմնական մասում նա ամենից «համեղ» կերպարը չէ։ Բայց նրա մեջ իհարկե կան տարրեր իմ կյանքից։ Թերևս ամենաակնառուն այն է, որ ես էլ, Ամիրի նման, մեծացել եմ՝ հիանալով իմ հորով, և մեծ ցանկություն եմ ունեցել՝ հպարտություն պատճառելու նրան։ Բարեբախտաբար, դա այն աստիճան չէր, որքան՝ Ամիրի մոտ։ Կարծում եմ՝ նրա հիացմունքը ինչ-որ տեղ պաթոլոգիական է։ Հայրությունն Աֆղանստանում շատ հարգի ինստիտուտ է։ Երբ մարդիկ ճանաչում են ինչ-որ մեկին, նրանք ասում են․ «Այսինչի որդին է․․․», և միշտ հորն են հիշատակում։ Ցեղային ինքնությունն էլ հորից է գալիս։ Եթե անգամ ձեր մայրը փաշթուն է, դուք չեք կարող ժառանգել փաշթունի կարգավիճակ, եթե ձեր հայրը փաշթուն չէ։ Եվ ինչպես շատ աֆղան երեխաներ, ես մեծացա՝ հարգելով հորս։ Հուրախություն ինձ՝ նա էլ փոխադարձ վերաբերմունք ցուցաբերեց, և այսօր էլ մենք ջերմ ու լավ հարաբերություններ ունենք։ Մի քանի բան էլ կա, որ արժե հիշատակել։ Ես էլ, Ամիրն էլ վաղ տարիքից սիրում էինք կարդալ և գրել։ Եվ ինչպես Ամիրը, ես փոքր ժամանակ, սիրում էի գնալ կինոթատրոն՝ դիտելու ամերիկյան ու հնդկական ֆիլմեր։

Վերջին քսանյոթ տարվա ընթացքում սա առաջին անգամն է, որ վերադառնում եք Աֆղանստան: Ի՞նչ եք պատրաստվում անել։

Բացի նոստալգիկ պատճառներով մեկնելու ցանկությունից՝ ես ուզում եմ գնալ ու խոսել փողոցի մարդկանց հետ։ Ես ուզում եմ պատկերացում կազմել՝ ինչպիսին է կյանքը հիմա Քաբուլում։ Ես ուզում եմ տեսնել՝ կկարողանամ արդյոք դիպչել քաղաքի հույզերի զարկերակին։ Նաև հույս ունեմ վերադառնալ դրական զգացողություններով։ Ուզում տեսնել վերականգնման նշաններ, մի հստակ ապացույց, որ Աֆղանստանում դեռ հույս կա, քանի որ երկար ժամանակ այն, ինչ լսում էինք այնտեղից, սպանությունների, բռնաճնշումների, բնական աղետների, աղքատության ու սովի մասին լուրերն էին։

Աֆղանստան եւ Քաբուլ վերադառնալու վերաբերյալ ունե՞ք որոշակի մտավախություններ ու վերապահումներ։

Իմ հիմնական մտավախությունն անվտանգությունն է։ Ես երկու տարեկան որդի ու տասնամյա դուստր ունեմ։ Թեպետ ես հասկանում եմ, որ Քաբուլը լավ է պահպանվել, ինչը չես կարող ասել արվարձանային շրջանների մասին։ Եվ ես մի փոքր վախենում եմ, որ պիտի ավերածություններ տեսնեմ։ Ես գիտակցում եմ, որ վերադարձը նման է վերադառնալու և հին ընկերոջը հանդիպելուն, ում վաղուց չես տեսել և գտել ես աղքատ, հիվանդ, խեղճ ու անտուն։ Ես մի փոքր դրանից եմ վախենում։ Կարծում եմ՝ սկզբնական շրջանում հուզական առումով ծանր կլինի։ Բոլոր նրանք, ովքեր վերադառնում են, ասում են, որ առաջին մի քանի օրերը ձեզ ցնցում են։ Փոշին ծածկել է ամբողջ փողոցները, ամենուր լցված է դիզելային շարժիչների հոտով, ուր նայես, ավերակներ են ու բեկորներ, բոլոր ծառերը հատված են (կամ վառելիքի համար են հատվում, կամ խորհրդային տարիներին՝ խոչընդոտելու դիպուկահարներին, որոնք ծառերը որպես թաքստոց էին օգտագործում)։

Մի փոքր պատմեք Ձեր ծնողների անցյալից։              

Հայրս ծագում է Աֆղանստանի արևմուտքի մեծ քաղաքից՝ Հերաթից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող փոքրիկ մի գյուղից։ Նա տան միակ երեխան է եղել, ում էլ մայրն է մեծացրել (հայրը մահացել է այն ժամանակ, երբ նա երկու տարեկան էր)։ Մայրս հենց Հերաթում է մեծացել։ Մենք խոսում ենք 1940-50-ականների մասին, այնպես որ այդ տարիներին այնտեղ, ուր ապրում էին նրանք, շատ քիչ ենթակառուցվածքներ կային՝ առանց էլեկտրաէներգիայի, առանց ջրագծերի և այլն։ Ի վերջո նրանք տեղափոխվել են Քաբուլ։ Եթե համեմատենք այստեղի հետ, կասեի, որ նման է գյուղական ոչ մեծ Ալաբամայից Նյու Յորք տեղափոխման։ Քաբուլի փողոցներն ասֆալտապատ էին։ Մարդիկ մեքենաներ էին վարում։ Բոլորի տներում հոսանք կար։ Նրանց համար դա համարձակ ու գիտակցված քայլ էր։ Վերջիվերջո, նրանց երկուսին էլ հաջողվեց ընդունվել համալսարան։

Դժվա՞ր էր ԱՄՆ տեղափոխվելը։

Առաջին երկու տարիներն Ամերիկայում մեզ բոլորիս համար դժվար ժամանակաշրջան էին։ Իմ եղբայրների և քույրերի համար, բացի նոր լեզու սովորելու անհանգստությունից, կային նաև պատանեկան այլ սովորական վախեր. կընտելանա՞մ արդյոք, կընկերանա՞մ ինչ-որ մեկի հետ, արդյոք օրերից մի օր անգլերեն կսովորե՞մ, մյուս երեխաները կծիծաղե՞ն ինձ վրա։ Ծնողներիս համար չափազանց ծանր էր սկսել զրոյից։ Նրանք ունեին հստակ կյանք, կարիերա և անհատականություն։ Ունեին տուն ու հող, որը թողել էին։ Իսկ հիմա ստիպված էին համակերպվել ամբողջությամբ նոր մշակույթի իրենց կյանքի այն շրջափուլում, երբ համակերպումն այդքան էլ հեշտ չէր։ Կարծում եմ ՝ ծնողներիս, հատկապես՝ հայրիկիս համար ամենադժվարը բարեկեցության մասին միտքն էր: Լավ եմ հիշում այստեղ՝ Նահանգներում մեր առաջին Սուրբ Ծնունդը։ Մենք տանն էինք, զվարճանում էինք աֆղան ընկերների հետ (օրվա կեսն էր), երբ դռան թակոց լսեցինք։ Դուռը բացելուց հետո սկաուտների մի թափոր մտավ տուն ՝ պահածոների տուփերով, հին հագուստով, տոնածառով և օգտագործված խաղալիքներով: Մենք շնորհակալ էինք, բայց ծնողներիս համար դա նվաստացուցիչ էր։ Նրանք միշտ են եղել հպարտ, ինքնաբավ մարդիկ։ Նրանց համար կորցնել այն ամենը, ինչն իրենց էր պատկանում և հանկարծ ստանալ բարեգործություն, նման էր ծանր դեղահաբ կուլ տալուն։ Դրանից անմիջապես հետո հայրս անցավ աշխատանքի որպես վարորդի հրահանգիչ։ Որից հետո գնաց սոցիալական օգնության գրասենյակ և ասաց․ «Բավ է»։ Նա կամավոր հրաժարվեց բարեգործությունից։

Ի՞նչն եք ամենից շատը հիշում ԱՄՆ-ում։

Ինձ ամենից շատ զարմացնում էր ամեն ինչի չափսը՝ փողոցների լայնությունը, տների չափսերը, խնամված մարգագետինները, ավտոմեքենաների, մարդկանց ու մայրուղիների ահռելի քանակը։ Դա մի տեսակ ապշեցուցիչ էր և շատ գրավիչ։ Հիշում եմ՝ հույսի ինչպիսի գլխապտույտ առաջացավ ինձ մոտ, երբ հասկացա՝ այստեղ ամեն ինչ հնարավոր է, եթե դու շատ ցանկանաս։ Դա զարմանալիորեն ուժեղ զգացողություն էր, որ քչերն են ապրում՝ ոչ ներգաղթյալները։ Հույսի և խորհդավորության այդ զգացումի շնորհիվ ես միշտ սիրով եմ հիշում այստեղի առաջին տարիները։

Ձեր գրած պատկերներից մի քանիսը, հատկապես, երբ Ամիրը վերադառնում է Աֆղանստան, անասելի ցավոտ են․ ուղեւորությունը Քաբուլ, Ղազի մարզադաշտում քարկոծումը եւ թալիբների դաժանությունները։ Եթե ավելի քան քսան տարի չէիք եղել այնտեղ, որտեղի՞ց այդ պատկերները։ Ի՞նչը թույլ տվեց կերտել այդքան վառ տեսարաններ եւ վրձնել այդքան գունեղ պատկերներ։

Այդ տեսարանները իմ կարդացածների և տեսած նորությունների կադրերի համադրություն էին: Օրինակ՝ կային հայտնի կադրեր՝ մի կնոջ կողմից արված, որը ցույց էր տալիս, թե ինչպես է Թալիբանի զինվորը հրապարակային մահապատժի ենթարկում մեկ այլ կնոջ ֆուտբոլային մարզադաշտում: Նա որսորդական հրացանը դրեց նրա գլխի հետևն ու քաշեց ձգանը: Կային նաև կադրեր, թե ինչպես են թալիբները դատապարտված մարդասպանին ֆուտբոլի խաղադաշտ դուրս բերում: Ենթադրում եմ, որ դա զոհի եղբայրն էր, որին այնուհետև դանակ տվեցին և խնդրեցին բացել մարդասպանի կոկորդը, ինչը նա շարունակեց անել: Մնացած մեծ մասը հիմնված է զուտ իմ երևակայության վրա. Ինչ է պետք զգալ նման իրավիճակում, ինչ կարող է ասել մոլլան, ինչպիսին կարող է լինել ամբոխի արձագանքը և այլն: Ես նաև մեծապես ուշադրություն եմ դարձրել այն ականատեսների վկայություններին, ովքեր Թալիբանի ղեկավարության շրջանում այցելել էին Աֆղանստան: Ես նստում էի և լսում, թե ինչպես են նրանք պատմում անհավատալի սարսափելի պատմություններ: Երբ սկսեցի գրել վեպի այդ հատվածը, ես կապվեցի այդ մարդկանցից մի քանիսի հետ՝ ավելի շատ մանրամասներ իմանալու համար:

Ի՞նչ եք ուզում, որ այս գրքից քաղի ընթերցողը։

Ես ուզում եմ, որ նրանք տեսնեն, որ աֆղան ժողովուրդը գոյություն է ունեցել մինչ ԽՍՀՄ-ի հետ պատերազմը և Թալիբանի լինելը: Ես ուզում եմ, որ նրանք հասկանան, որ այն ամենը, ինչ մենք հիմա տեսնում ենք Աֆղանստանում՝ ցեղապետերը, որոնք պայքարում են իրենց սեփական շահերի համար և տարբեր էթնիկ ցեղեր, որոնք բախվում են իրար, արմատներ ունեն, որ գնում են մի քանի դար հետ: Ես փորձում եմ այդ իրերից մի քանիսը լուսաբանել Ամիրի և նրա հազարա ծառայի՝ Հասանի փորձառությունների միջոցով: Ես ուզում եմ, որ ընթերցողները իսկապես լավ ժամանակ անցկացնեն այս պատմությունը կարդալիս: Ուզում եմ, որ այն հուզի մարդկանց, քանի որ ինձ համար վեպ գրելը, առաջին հերթին, պատում է: Եվ ես դաստիարակվել եմ պատմելու ավանդույթի համաձայն: Ես ուզում եմ, որ մարդիկ հետաքրքրվեն հերոսներով և հոգ տանեն նրանց մասին: Եվ ուզում եմ, որ մարդիկ պարզապես հիշեն Աֆղանստանը: Եթե գրքին ընդհանրապես հաջողվի Աֆղանստանի վերաբերյալ որոշակի երկխոսություն սկսել և այն հասարակության գիտակցության մեջ պահել, ապա կարծում եմ, որ այն շատ հաջողությունների կհասնի:

 

Թարգմանությունը անգլերենից՝ Արեգ Բագրատյանի

  • Created on .
  • Hits: 1882

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: